Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացուն սպառնում է 22 տարվա ազատազրկում

Նոյեմբեր 26,2009 00:00

\"\"ՀՀ քաղաքացի Մեսրոպ Բաղդասարյանը Վրաստանի իշխանությունների կողմից կալանավորվել է 4 ամիս առաջ: Բանաստեղծ Նորայր Բաղդասարյանի 31-ամյա որդին՝ Մեսրոպը, ներկայումս պահվում է Քութայիսի բանտում: 4 ամիսների ընթացքում հասցրել է ձեռք բերել ասթմա, սրտի անբավարարություն:
Մեսրոպը 6 տարի առաջ գնացել էր Աբխազիա, ժամանակավոր բնակվում էր Նոր Աֆոն քաղաքում:
Այս տարվա ընթացքում նա 9 անգամ օրինական ճանապարհով Աբխազիայից անցել է Ռուսաստան: ՀՀ քաղաքացին հուլիսի 27-ին փորձել է Վրաստանով գալ Հայաստան, սակայն Սադախլոյի սահմանային անցակետում  ձերբակալվել է: Նրա փաստաթղթերի զննման ժամանակ վրացի իրավապահները «հայտնաբերել» են «օկուպացված» երկրի՝ Աբխազիայի կնիքը: Մեսրոպ Բաղդասարյանին մեղադրանք են առաջադրել Վրաստանի քրեական օրենսգրքի 322 եւ 344 հոդվածներով՝ «Օկուպացված տարածքով բազմակի անգամ սահմանը խախտելու» համար: Մ. Բաղդասարյանին սպառնում է մինչեւ 22 տարվա ազատազրկում:
ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ արտգործնախարարին, գլխավոր դատախազին է դիմել «Մետրո» թատրոնի գլխավոր նկարիչ Գարեգին Եվագուլյանը: Անհանգստացած իր քրոջ որդու՝ Մեսրոպ Բաղդասարյանի խնդրով, նա  գրում է. «Ներկա դրությամբ վրաց օրենսգետներն անտեսում են տուգանքի հնարավորությունը եւ սպառնում Մեսրոպին դատապարտել 22 տարվա ազատազրկման: Դիմել եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, բոլոր իրավասու մարմիններին, բայց գործը թղթաբանությունից եւ անտարբերությունից  այն կողմ չի գնացել: Ապտակ է ստանում ոչ թե կոնկրետ անձը, այլ մի մարդ, ով հանդիսանում է քավության նոխազ, որպես հայ, որը հայտնվել է Վրաստանում քաղաքական անհարմար ժամանակ: Մեսրոպը կարիք ունի բարձր, հեղինակավոր պաշտպանության, այլ ելք չկա, որովհետեւ կործանվում են հայը եւ նրա ընտանիքը»:
Դատաքննությունը տեղի է ունենալու Զուգդիդի քաղաքային դատարանում՝ նոյեմբերի 30-ին:
Մեսրոպ Բաղդասարյանն ունի հինգ տարեկան երեխա, կինն էլ հղի է:
Որպես ՀՀ քաղաքացի՝ Մ. Բաղդասարյանն ունի ազատ տեղաշարժվելու իրավունք: Ազատազրկման պահից ոտնահարվել են հայ քաղաքացու իրավունքները: Նա չունի թարգման, չունի պաշտպան եւ հարկ է, որ Հայաստան պետությունը պաշտպանի նրան:

Հ. Գ. Մեկ օր առաջ Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել հայաստանաբնակները: Պատճառը Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցու փլուզումն էր: Ինչ տարբերություն՝ եկեղեցի՞ն է փլվում, թե՞ մի հայ ընտանիք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել