Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈՎԿԱՍԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԳԱԼԻՑԻՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԳՅՈՒՄՐՈՒ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ

Նոյեմբեր 26,2009 00:00

\"\"Դատախազությունը «եկեղեցու թասիբին» կանգնեց

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց եկեղեցապատկան հողերի յուրացման գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող Գյումրիի Օզանյան 1 հողատարածքը ինքնակամ օտարել էր իր տեղակալի՝ Գագիկ Մանուկյանի որդուն: Այդ կապակցությամբ հարուցվեց քրեական գործ՝ Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի եւ Գյումրիի կադաստրի հաշվառման բաժնի մասնագետ Ալբերտ Գրիգորյանի նկատմամբ:
Նախորդ օրը տեղի ունեցած դատական նիստին քաղաքի գլխավոր ճարտարապետը հանդես եկավ բավականին երկար ճառով՝ հիշելով անգամ ռուս ցարերին ու քննադատելով մեր երկրի դատաիրավական համակարգը: «Բոլորն էլ գիտեն, որ այս գործի հետ ես ընդհանրապես կապ չունեմ, դա գիտի նաեւ հարգարժան պետական մեղադրողը: Բայց այս գործը, որը հաղորդվեց ամբողջ աշխարհով՝ BBC-ով, CNN-ով, ինտերնետով, պարզապես թյուրիմացություն էր: Նույնիսկ հարյուր տարի առաջ ցարական Ռուսաստանում, երբ Կովկասի կառավարիչ Գալիցինը բռնազավթել էր եկեղեցու հողատարածքները, քրեական գործ չի հարուցվել: Այդ ժամանակ էլ Խրիմյան Հայրիկը բողոքել է ցարին, բայց հարցը լուծել են փոխհամաձայնությամբ»,- ասաց ճարտարապետը, որին, սակայն, ընդհատեց դատավոր Շիրակ Հակոբյանը՝ դիտողություն անելով, թե ի՞նչ կապ ունեն այստեղ ռուս ցարերը:
Խոսքը շարունակելով՝ ճարտարապետն ավելի ոգեւորվեց: «Մի անգամ որպես վկա մասնագետների ու պաշտոնյաների բերեցիք, ոչինչ չհայտնաբերվեց, հետո կանչեցիք Օզանյան1 հասցեում աշխատող բանվորներին, պահակներին, այսինքն՝ պրոլետարիատի ողջ ներկայացուցիչներին, ովքեր եկան դատարան, զարմացան ու հեռացան. նրանք չէին տեսել, որ որեւէ մեկը չափագրում կատարի այդ հասցեում: Լավ է՝ հետիոտներին ու անցորդներին որպես վկա չբերեցիք: Եվ եթե ասում եք, որ քաղաքապետ Ղուկասյանը ոտնահարել է եկեղեցու իրավունքները, չգիտե՞ք, որ ամբողջ քաղաքապետարանը, քաղաքապետից սկսած՝ առաքելական եկեղեցու հետեւորդներ են, քաղաքապետը մեծ ներդրում է կատարում եկեղեցաշինության համար, անհնար է, որ ուզենար ոտնահարել եկեղեցու իրավունքները: Եվ մի՞թե բոլորի համար ադքան վտանգավոր անձը ես էի, որ չարածիս համար պիտի պատասխան տամ: Ո՞վ չգիտի, որ իմ պարտականությունը զուտ մասնագիտական բնույթ է կրում: Ես ոչ սեփականության վկայական եմ տալիս, ոչ էլ որեւէ մեկին իրավունքներից զրկում եմ: Եվ եթե հանցակազմ չկա, բողոքող չկա, ինչո՞ւ պիտի ես դատվեմ: Խնդրում եմ դատարանին ինձ անպարտ ճանաչել, եթե անգամ դատական համակարգն այնպիսին է, որ հարգարժան դատարանը չի կարող մերժել մեղադրողի ցանկությունը»,- ասաց Հենրիկ Գասպարյանը:
Նա միաժամանակ հիշեցրեց, որ Օզանյան 1 հասցեում գտնվող հողատարածքը ռուսական 102-րդ ռազմաբազան եկեղեցուն հանձնել է նվիրատվության կարգով, որի համար կա կառավարության անհատական որոշում, իսկ ըստ օրենքի, թե համայնքապատկան, թե պետական հողամասերը պետք է տրամադրեր համայնքի ղեկավարը, ով այդպիսի որոշում չի կայացրել: Փաստորեն, ստացվում է, որ տվյալ գույքը եկեղեցու սեփականությունը չէ, քանի որ, ըստ Հենրիկ Գասպարյանի, առանց համայնքի գիտության՝ այն չէր կարող սեփականություն դառնալ:
Թեեւ դատաքննությունն ավարտվեց, սակայն Հենրիկ Գասպարյանը լրագրողներին տված հարցազրույցում ասաց, որն ինքն այդպես էլ չհասկացավ, թե ո՞ւմ է վնաս հասցվել: «Եթե նրանց վկայականը մնացել է նրանց մոտ, ոչ ոք ձեռք չի տվել, հողամասը տեղում է, ոչ ոք չի վարել, չի ցանել, նույնիսկ մոլախոտերն ու բոլոր միջատներն իրենց տեղում են, վխտում են, ոչ ոք չի անցել էդ տարածքը, ո՞ւմ ենք վնասել»,- ասաց նա: Դատարանը որոշեց դադարեցնել քրեական հետապնդումը Ալբերտ Գրիգորյանի նկատմամբ, իսկ ճարտարապետի նկատմամբ համաներում կիրառել ու վերացնել նրանց խափանման միջոցը՝ ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: Դատարանը գտավ, որ այս պատմությունը տեղի է ունեցել վերջիններիս անփութության հետեւանքով: Սա եւս չգոհացրեց Հ. Գասպարյանին, նա դժգոհեց, որ ինքը համաձայն չէ դատարանի տված որակավորման հետ, եւ որ դատաիրավական համակարգը դեռ հսկա ճանապարհ ունի անցնելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել