Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՈՇԱԿՆԵՐԻՑ ԼԱՎ ԼՈՒՐ ՉԱՍԱՑ

Նոյեմբեր 26,2009 00:00

2010 թվականի պետական բյուջեով կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում: Թոշակառուներին այս «բարի լուրը» երեկ ավետել է սոցիալական ապահովության ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը:
Պարոն Խաչիկյանը արդարանալու համար թոշակառուներին հիշեցրել է, որ 2007-2008 թթ. կենսաթոշակները 2 անգամ բարձրացել են։ Ծառայության պետը քաղաքացիներին հանգստացրել է, որ սոցիալական ծախսերի այն մակարդակը, որը կար այս տարի, կպահպանվի նաեւ եկող տարի, այսինքն՝ նվազեցում չի լինի։ «Ճգնաժամն առավել բարձր իր անդրադարձն ունեցավ կենսաթոշակային հիմնադրամների վրա: 2010-ին գազի գները կիջնեն, իհարկե, դա բավարար չէ, սոցիալական չբարձրացումները սոցիալական խնդիրներ կառաջացնեն, սակայն գների բարձրացման մակարդակը, ինֆլյացիան եւ կենսաթոշակի չբարձրանալն այնքան էլ չեն ազդի բնակչության վրա, քանի որ համադրում կլինի»,- ասաց Վ. Խաչիկյանը: Նշենք, որ մեր հանրապետությունում նվազագույն կենսաթոշակը 8 հազար դրամ է, միջինը՝ 26 հազար դրամ: Ըստ պարոն Խաչիկյանի, այս պահի դրությամբ, 8 հազար դրամ կենսաթոշակ ստացողների թիվը 17-18 հազար է. «Դրանք այն մարդիկ են, որ երբեւէ չեն աշխատել, հիմնականում տնային տնտեսուհիներ են, բայց, եթե այդ քաղաքացին, երբ աշխատունակ էր՝ չի աշխատել, կարողացել է գոյատեւել, ենթադրվում է, որ թոշակի անցնելուց հետո էլ պիտի կարողանա ապրել: Ի վերջո, կենսաթոշակը մարդու՝ տարիների ընթացքում կատարած աշխատանքի փոխհատուցումն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել