Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մարդի ծեծած՝ վարդի ծեծած»

Նոյեմբեր 26,2009 00:00

\"\"Հայ կանանցից շատերը գտնում են, որ ամուսնու ծեծը վարդի պես անուշ է

Հայ տղամարդիկ կանանց ավելի հաճախ հոգեբանական բռնության են ենթարկում, քան՝ ֆիզիկական: Սակայն դա էլ մխիթարիչ չէ, քանի որ, մասնագետների վստահեցմամբ՝ մեր երկրում ֆիզիկական բռնության ենթարկված կանանց 50%-ը ենթարկվում է նաեւ սեռական բռնության, իսկ սեռական բռնության ենթարկվածների 100%-ը ենթարկվում է ֆիզիկական բռնության: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի՝ «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Ջինա Սարգիզովայի խոսքերով՝ «Այո, այսօր կանայք ընդունում եւ հասկանում են, որ իրենց հետ կատարվում է նմանատիպ բռնություն»: Ըստ տիկին Սարգիզովայի, թեեւ գենդերային բռնության վերացման համար օրենսդրական փոփոխություններ են նախատեսում, եւ մի շարք միջոցառումներ են իրականացվում, սակայն խնդիրը լուծելու համար նախ պետք է հասարակության մեջ տարածված կարծրատիպերը փոխել:
Այն, որ հայ կանայք ծեծի են ենթարկվում, բայց չեն դիմում ոստիկանություն՝ ամոթի կամ վախի զգացումից, իհարկե, հայկական մտածելակերպ է: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերով վարչության պետ Լալա Ղազարյանի համոզմամբ՝ բռնության ենթարկված կանանց մոտ մի տեսակ հանդուրժողականություն եւ հարմարվողականություն է ձեւավորվել այդ երեւույթի նկատմամբ. «Կարող է ծեծի ենթարկվի կինը, բայց մտածի, թե դա նորմալ երեւույթ է, մտածի՝ ի՞նչ կա որ, հայրս է, ընկերս է, ամուսինս է, թող մի անգամ էլ ծեծի: Նույնիսկ ասացվածքներն են հանդուրժողականություն քարոզում՝ «Մարդի ծեծած՝ վարդի ծեծած»: Այսինքն, երբ կնոջ վրա ձեռք են բարձրացնում, նա չի ընդվզում: Ես կոչ չեմ անում, որ ընտանիքում անհանդուրժողական մթնոլորտ ձեւավորվի, հակառակը, եթե կինը իր արժանապատվությանը տեր կանգնի, տղամարդն էլ կհարգի նրան: Իսկ եթե բռնանալուց, ծեծելուց հետո կինը ոչ մի պահանջ չներկայացնի, տղամարդը կշարունակի բռնանալ: Եվ եթե տղամարդն իմանա, որ կնոջը կամ երեխային ծեծելուց հետո պատասխանատվության է ենթարկվելու, ապա ռիսկ չի անի ձեռք բարձրացնել»:
Բայց, անկախ նրանից՝ ծեծված կինը կդիմի՞ ոստիկանություն, թե՞ ոչ, «ծեծող տղամարդուն» զսպող իդեալական օրենքը կիրառվում է եվրոպական մի շարք երկրներում: Օրինակ՝ եթե կինը բռնությունից հետո չի դիմել ոստիկանություն, սակայն ահազանգ է եղել, ասենք, հարեւանի կողմից, ոստիկանությունը կարող է գործ հարուցել, եւ եթե փաստերը հաստատվեն՝ «ծեծող տղամարդը» կարող է պատասխանատվության ենթարկվել: «Դա երազանք է, եւ դա զարգացած երկրների օրենք է: Ներկայումս օրենսդրական նման փոփոխություն չենք նախատեսում, բայց ունենք առաջարկություն»,- մեզ հետ զրույցում ասաց Ջինա Սարգիզովան: Մեր հարցին, թե մտավախություն չկա՞, որ մեր Ազգային ժողովում չընդունվի օրենքը, քանի որ մեծամասնությունը տղամարդիկ են, տիկին Սարգիզովան ասաց. «Ցանկացած մարդու կարելի է բացատրել»:
Նշենք, որ երեկ Կանանց դեմ բռնության վերացման միջազգային օրն էր, ինչի առիթով էլ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը 16-օրյա ակցիա-քարոզարշավ է կազմակերպել՝ ընդդեմ կանանց բռնության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել