Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒՑ ԱՌԱՋ՝ ՍՏՈՒԳՎԵ՛Ք

Նոյեմբեր 26,2009 00:00

Որպեսզի ժամանակին բացահայտվեն ամուսինների գենետիկական անհամատեղելիությունն ու պտղին սպառնացող վիրուսները:

Այն, որ հայերը սովորություն չունեն ժամանակին կամ պրոֆիլակտիկայի համար բժշկի դիմել, փաստում են մասնագետները: Բժիշկների կարծիքով, մենք իրենց ենք դիմում այն դեպքում, երբ «դանակն արդեն ոսկորին է հասնում»: Մասնագետների խոսքերով՝ բժշկին չդիմելու պատճառն ամենեւին էլ գումարի սղությունը չէ կամ էլ բժշկական ծառայությունների թանկ լինելը. հայերը պարզապես գերադասում են առաջին հերթին լավ հագնվել, ուտել-խմել եւ միայն հիվանդության ամենավերջին փուլում դիմել բժշկի:
Նույնիսկ, երբ ամուսնական զույգը կորցնում է դեռ չծնված երեխային, որեւէ մեկի մտքով չի անցնում հետազոտվել բժշկի մոտ, պարզել, թե ինչն էր պտղի մահվան պատճառը: Պտղի դիահերձումից է պարզվում մահվան իրական պատճառը. պաթանատոմները (դիահերձողները) հայտնաբերում են խնդիրը եւ զույգին համոզում դիմել բժշկի:
«Առավոտի» հետ զրույցում Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոնի տնօրեն Հասմիկ Զաքարյանի խոսքերով՝ հատկապես մարզերում անգամ 2-րդ հղիության ընթացքում պտղին կորցնելուց հետո՝ զույգերը բժշկի դիմելու փոխարեն համբերությամբ սպասում են մինչեւ կինը նորից կհղիանա. «Օրինակ, կանանց կոնսուլտացիայում հղի կնոջ մոտ ցիտոմեգալովիրուս, խլամիդիա կամ այլ վիրուս չեն հայտնաբերել եւ 8 ամսական հղիություն ունեցող կինը վաղաժամ ծնունդ է ունեցել՝ պտղի մահվան ելքով: Որպեսզի առաջինի մահը մոռանան, կրկին հղիացել է, հետո հղիության 5-րդ ամսում կինը գնացել է էխոյի, պարզվել է՝ պտուղը մահացած է: Նույնիսկ այս դեպքում զույգը ասաց՝ դե լավ, սա էլ ոչինչ, կմաքրեն-կանցնի՝ էլի կունենա: 3-րդ երեխայի մահվան ժամանակ վերջապես այն կլինիկան են դիմում, որը մեզ հետ պայմանագիր ունի, մենք էլ հետազոտեցինք ու հասկացանք, որ կնոջ օրգանիզմում վիրուս կա, եւ զույգը պետք է դիմի բժշկի»:
Պաթանատոմիական կենտրոնի տնօրենի խոսքերով՝ պտղի հիվանդ լինելու հարցում շատ հաճախ տղամարդիկ մեղքն իրենց վրա չեն վերցնում, դեռ մի բան էլ կանանց են մեղադրում: Բժշկուհին մի դեպք հիշեց, երբ երեխային դիահերձելուց հետո հայտնել են, որ մահը տեղի է ունեցել վիրուսի պատճառով, ամուսինը, որոշել էր ամուսնալուծվել՝ իբր թե հիվանդ, այն էլ սեռական վարակով կին իրեն պետք չէ. «Երբ տղայի հարազատները եկան, ես շոկ ապրեցի՝ վայրենիներ էին: Այդ երիտասարդի հետ զրուցելուց հետո հասկացա, որ խնդիրն իրենից է: Այդ աղջիկը ամուսնանալուց առաջ օրիորդ է եղել, ոչ մի սեռական կապ չի ունեցել, իսկ տղամարդը նախ 15 տարով մեծ է եղել եւ մինչ այդ սեռական կապեր է ունեցել: Ես այդ տղամարդուն ասացի՝ եթե դու նույնիսկ բաժանվես ու 2-րդ անգամ ամուսնանաս, միեւնույն է՝ պետք է բուժվես: Այս զույգը բաժանվեց: Աղջկա հայրը եկավ, երեխայի մահվան եզրակացությունն իմացավ, որից հետո աղջիկը բուժվեց, կրկին ամուսնացավ եւ մի լավ բալիկ ունեցավ»:
Ի տարբերություն մի շարք երկրների, Հայաստանում ընդունված չէ գոնե ամուսնանալուց առաջ բժշկական հետազոտություն անցնել, ինչը, Հասմիկ Զաքարյանի կարծիքով, կնվազեցներ հիվանդ երեխաների ծնունդը կամ մահը:
Բժշկուհու փոխանցմամբ՝ մուսուլմանական երկրներում զույգը ամուսնանալուց առաջ բժշկական տեղեկանք է ներկայացնում, որով փաստում է, որ ինքը լիարժեք առողջ է, չունի հեպատիտ, ՄԻԱՎ կամ այլ վիրուսներ ու հիվանդություններ, սա կարեւոր է ոչ միայն զույգի, այլ նաեւ առողջ սերունդ ունենալու համար: Հ. Զաքարյանի վստահեցմամբ՝ ամուսնանալուց առաջ, անգամ եթե հեռու բարեկամներ են ամուսնանում, պետք է վստահվեն, որ առնվազն «7 պորտ» հեռու են, հակառակ դեպքում պտղի մահ կամ աննորմալ ծնունդ ունենալու հավանականություն կա. «Մի ընտանիք 3 երեխա կորցրեց: Հերձեցինք պտուղը, հետո արխիվից հանեցինք մյուս 2 պտուղների դիահերձման եզրակացությունները: Հասկացանք, որ 3 դեպքն էլ շատ նման են: Ծնողներին ուղարկեցինք գենետիկ կենտրոն եւ պարզվեց, որ այդ զույգի երեխա չունենալու հավանականությունը շատ մեծ է, քանի որ ազգակցական կապ կար: Իրենք, ճիշտ է, շատ մոտ բարեկամներ չէին, բայց 7 «պորտը» չէր անցել: Երբ ես Իրանից կամ Սիրայից եկած իմ ուսանողներին նման դեպքեր եմ պատմում ու նշում, որ իրենց մոտ էլ ազգակցականների միջեւ ամուսնական ավանդույթ կա, ինձ պատասխանում են՝ նախապես ստուգվում են, գենետիկական անալիզ են հանձնում, եթե բացահայտվի, որ ինչ-որ գենետիկական հիվանդություն կա, որ իրար կհանդիպեն, չեն ամուսնանում»:
Մասնագետների խոսքերով՝ բոլոր դեպքերում էլ պետք է նախապես դիմել բժշկի. «Սուտ է, որ փող չունեն: Հագնվելու, ռեստորանների ու ման գալու համար փող կա՞, առողջության համար՝ ո՞չ: Քայքայում են իրենց օրգանիզմը՝ հետո որոշում, որ բժիշկները չկարողացան օգնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել