Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԲԱՆԿԵՐԻ ՄԻՋԵՎ ՄՐՑԱՊԱՅՔԱՐ Է ՍԿՍՎԵԼՈՒ»

Նոյեմբեր 26,2009 00:00

\"\"Տնտեսագետ Արտյոմ Զաքարյանի կարծիքով, հիմա լավ ժամանակ է, որպեսզի բանկերը պայքարեն՝ վարկունակ հաճախորդներ գրավելու համար:

Հայաստանյան բանկերի ներկայիս իրավիճակի եւ հետագա զարգացումների վերաբերյալ «Առավոտը» զրուցեց Հայաստանում Գերմանիայի Դաշնության խնայողական բանկերի հիմնադրամի խորհրդատու Արտյոմ Զաքարյանի հետ:
– Պարոն Զաքարյան, ի՞նչ վիճակում էր գտնվում Հայաստանի բանկային համակարգը նախաճգնաժամային ժամանակաշրջանում եւ ինչպե՞ս էր զարգանում վարկավորման գործընթացը:
– Վերջին մի քանի տարիներին հայկական բանկերի վարկային պորտֆելում արագ տեմպերով էր աճում սպառողական վարկավորումը: Դրա հիմնական պատճառն այն էր, որ բնակչության զգալի մասը իրականացնում էր ապառիկ գործարքներ եւ տնտեսական աճի հետեւանքով գոյացած ընտանեկան եկամուտների ավելացման պայմաններում հնարավորություն ուներ այդ վարկերը պատշաճ սպասարկելու: Արագ զարգանում էր ինչպես հիփոթեքային վարկավորումը, այնպես էլ միջին եւ փոքր բիզնեսի վարկավորումը, սակայն, առավելապես՝ առեւտրի ոլորտում:
– Իսկ ինչո՞ւ մեր բանկերը չմտան արդյունաբերական ընկերությունների վարկավորման շուկա, պահանջա՞րկ չկար, թե՝ գումար: 
– Բանկերը արդյունաբերությունը վարկավորում են որոշ չափով, այդ ոլորտի վարկերը ընդհանուր վարկային պորտֆելում կազմում են մոտ 14-15%, սակայն խոշոր արդյունաբերական ձեռնարկություններին վարկի տրամադրմանը խոչընդոտում էր հայկական բանկերի համեմատաբար ցածր կապիտալը:
– Իսկ ի՞նչ փոխվեց ճգնաժամի ընթացքում վարկավորման շուկայում:
– Նախ, բանկերը համոզված չէին, թե ինչպիսի վարքագիծ կդրսեւորեին ավանդատուները: 2008-ի 4-րդ եռամսյակում բանկերը չգիտեին՝ արդյո՞ք դեպոզիտները, որ գտնվում էին իրենց բանկերում՝ դուրս չեն բերվի: Ըստ այդմ՝ վարկային ներդրումների ծավալը սկսեց նվազել:
– Իսկ մեր բանկերում բնակչությունից ներգրավված դեպոզիտներն այդքան մեծ տոկո՞ս են կազմում:
– Դեպոզիտները 2008-ի վերջին կազմում էին մոտ 500 միլիարդ դրամ, իսկ այս պահի դրությամբ գերազանցում են 700 մլրդ դրամի ցուցանիշը: Դեպոզիտները կազմում են ընդհանուր պարտավորությունների 70%-ը: Մտավախություն կար, որ ճգնաժամից վախեցած բնակչությունը կսկսի բանկերից հանել իր գումարները: Եվ այդ պատճառով 2008-ի վերջին բանկերը զգուշացան եւ նվազեցրին վարկային ներդրումները: Սակայն այդ մտավախությունները չարդարացան, եւ 2009-ի 9 ամսվա կտրվածքով բնակչության ավանդները աճեցին:
– Սակայն, կարծես թե, բանկերը հասցրին իրենց ակտիվները փոխարինել արտարժույթով:
– Բանկերը դրամի կտրուկ արժեզրկումից կրեցին զգալի կորուստներ՝ ակտիվների վերագնահատումից, քանի որ մինչ ճգնաժամը նրանց ակտիվների արժութային տեսակարար կշիռը 60%-ը դրամով էր, 40-ը՝ դոլարով: Սա պայմանավորված էր ՀՀ դրամով ավանդների զգալի աճով՝ վերջին 2 տարվա ընթացքում, որն էլ իր հերթին խթանեց ՀՀ դրամով վարկավորման աճը: Սակայն ճգնաժամի պարագայում բնակչությունը արագ փոխեց ավանդները դեպի արտարժույթ, իսկ բանկերը, իհարկե, հնարավորություն չունեին նույն արագությամբ փոխել իրենց ակտիվների կառուցվածքը: Միակ եւ ակնկալվող քայլը նմանատիպ պարագայում բանկերի կողմից այն էր, որ նոր վարկերը մեծապես տրամադրվեցին արտարժույթով: Այսպիսով, սպառողական վարկավորումը գրեթե կանգ առավ այս տարվա 1-ին կիսամյակում:
– Այսինքն, բնակչության  վստահությունը մեծացա՞վ բանկերի նկատմամբ:
– Չեմ կարծում, որ  առանձնակի փոփոխություն տեղի ունեցավ վստահության առումով, պարզապես առաջին 6 ամիսներին բանկերը բարձր տոկոսներով սկսեցին ավանդներ ներգրավել եւ ավանդների ծավալը այդպիսով մեծացավ: Դա վերաբերում էր նաեւ դոլարային ավանդներին: Միաժամանակ, բարձր տոկոսներով ավանդներ ներգրավելը ռիսկեր է պարունակում, եւ դա է պատճառը, որ առաջին 9 ամիսների կտրվածքով բանկերը 70%-ով ավելի ցածր շահութաբերություն են ապահովել, քան՝ անցած տարի: Ընդհանուր նոմինալ ծավալով վարկավորումը չի նվազել, աճ է արձանագրվել, բայց եթե հաշվի առնենք, որ դրամը դոլարի նկատմամբ 25%-ով արժեզրկվել է, եւ գոյություն ունեցող դոլարային վարկերը այսօր ավելի մեծ դրամով արժեք ունեն, ապա, իրականում, վարկավորումը նվազել է մոտ 5%-ով:
– Իսկ կարծիք կա, որ կառավարության տրամադրած 50 մլն դոլարը բանկերը այդպես էլ չկարողացան վերաբաշխել փոքր ու միջին բիզնեսի մեջ:
– Այդ խնդիրը մինչ օրս էլ կա: Պատճառը այն է, որ գործող բիզնեսների վարկային բեռի ավելացումը միշտ չէ, որ հնարավոր է, շատ գործող բիզնեսներ արդեն մոտեցել են իրենց վարկային բեռի սահմանագծին: Այսինքն, բանկերը պետք է փնտրեն նոր բիզնեսներ, որոնք վարկերի պահանջ ունեն: Բնակչության մեջ  տեսակետ կա, որ վարկ ստանալու գլխավոր նախապայմանը լավ գրավն է, սակայն ներկայումս բանկերը առաջին հերթին նայում են վարկառուի բիզնեսի կանխիկ հոսքերին, ոչ թե գրավին:
– Այնուամենայնիվ, պարզ է, որ այսօր փոքր ու միջին բիզնեսը ակտիվորեն վարկ չի վերցնում, ի՞նչ է՝ նրանց վարկ անհրաժեշտ չէ՞:
– Կար ժամանակ, որ վարկային պահանջարկը գերակշռում էր վարկային առաջարկին, հիմա պահանջարկը այնքան բարձր չէ, քանի որ բիզնեսներից  ոմանք դժվար կացության մեջ են եւ, իրականում, նոր վարկային բեռ կարող են ստանձնել միայն այն կազմակերպությունները, որոնք վստահ են իրենց ուժերին: Խնդիր է նաեւ այն, որ Հայաստանում ոչ մի բանկ չի ֆինանսավորում նորաստեղծ բիզնեսը: Այն պետք է արդեն կայացած լինի՝ 6 ամսից մինչեւ 2 տարի, որպեսզի բանկն իմանա, թե բիզնեսը իրենից ինչ է ներկայացնում: Համենայնդեպս, չնայած բոլոր առկա դժվարություններին, այժմ բիզնեսի համար վարկավորման լավ ժամանակաշրջան է: Եթե բիզնեսը գտնում է, որ կարող է վերադարձնել վարկը, դրա համար անհրաժեշտ է դիմել մի քանի բանկ, որովհետեւ, եթե վարկառուն ֆինանսապես կայուն է եւ լավ վարկային պատմություն ունի, ապա կկարողանա որեւէ բանկում բավականին ցածր տոկոսադրույքով վարկ ստանալ: Այսօր կան նաեւ  կառավարության եւ միջազգային կառույցների կողմից վարկային ծրագրեր, որտեղ տրվող վարկի տոկոսադրույքի առավելագույն չափը ֆիքսված է: Օրինակ՝ ռուսական վարկի շրջանակներում բանկերին հորդորվեց 15%-ի սահմանաչափը չգերազանցել: Այսօր ավելի ցածր տոկոսադրույքով հնարավոր է վարկ ստանալ, քան մինչեւ ճգնաժամը:
– Կարելի՞ է ասել, որ բիզնեսի համար լավ ժամանակաշրջան է, քանի որ տոկոսադրույքները իջել են:
– Այո, հիմա լավ ժամանակ է, եւ հիմա էլ բանկերի մեջ է մրցապայքար սկսվելու կայացած եւ վարկունակ հաճախորդներ գրավելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել