Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արժանի եմ ծառայելու»

Նոյեմբեր 26,2009 00:00

Ոչ թե Սամվել Ալեքսանյանն է Կորյուն Նահապետյանին դրդում պատգամավոր դառնալ, այլ իր սեփական ներքին համոզմունքը:

Թեեւ դեկտեմբերի 6-ին թիվ 8 եւ թիվ 25 ընտրատարածքներում կայանալիք լրացուցիչ խորհրդարանական ընտրություններն առանձնակի հետաքրքրություն չեն առաջացնում՝ այն առումով, որ առաջինում ինքն իր հետ պայքարում հաղթելու է ՀՀԿ-ի հովանավորյալը, իսկ երկրորդում՝ ԲՀԿ-ի հովանավորյալը, այնուհանդերձ, «Առավոտը» որոշեց մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում մասնակցել քարոզարշավային մի քանի հանդիպումների: Թեկնածու Կորյուն Նահապետյանին պարտադիր ուղեկցում է Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի ղեկավար, ՀՀԿ-ական Դավիթ Օհանյանը, որը հանրությանը տեղեկացնում է, թե ըստ նախնական որոշման՝ իր թեկնածությունը պիտի առաջադրվեր, բայց համայնքի օլիգարխ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ «նստել-կանգնել-խորհրդակցել» ու եկել են եզրակացության, որ իրենք երկուսով անավարտ գործեր ունեն, ուստի որոշել են առաջադրել եւ սատարել Ալեքսանյանի ազգակից Կորյուն Նահապետյանին: Ինչո՞ւ եք Սամվել Ալեքսանյանի եւ Դավիթ Օհանյանի որոշմամբ առաջադրվել՝ «Առավոտի» հարցին Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Որոշումն իմն է, դա իմ ներքին համոզմունքն է: Քննարկումներ, խորհրդակցություններ եղել են որոշման կայացմանը նախորդող շրջանում: Ես կարծում եմ, որ ոչ միայն առաջադրվելու բարոյական իրավունք ունեմ, այլեւ արժանի եմ ծառայելու իմ ժողովրդին: Համոզմունք ունեմ, որ կարժանանամ այդ վստահությանը: Տարբեր մարդիկ կարող են տարբեր գնահատականներ տալ՝ ինչո՞ւ առաջադրվեցի կամ ինչո՞ւ նման որոշում կայացրեցի, բայց համոզմունքս այն է, որ նման իրավունք ունեմ եւ կարող եմ աշխատել ԱԺ-ում»: Ի դեպ, հանդիպումների մի մասը տեղի է ունենում աշխատանքային ժամերին, քարոզչական պաստառներ եւ բուկլետներ են փակցված նաեւ դպրոցներում, մանկապարտեզներում: Թե ինչու է մասնագիտությամբ իրավաբան թեկնածուն սեփական քարոզարշավը կազմակերպում խախտումներով՝ «Առավոտի» հարցին Կորյուն Նահապետյանը ասաց, որ այդ հարցով պետք է դիմենք տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնց պարտականությունն է տեղ եւ ժամանակ տրամադրել թեկնածուին՝ հանդիպումների համար. «Ինչ վերաբերում է դպրոցներում եւ մանկապարտեզներում նախընտրական պաստառների գոյությանը՝ իմ կողմից նախընտրական շտաբին ցուցում է տրվել՝ օրենքով սահմանված տեղերում դրանք փակցնել: Եթե խախտման եզակի դեպքեր կան՝ կվերացնենք»:
Պետական կառավարման ոլորտում աշխատանքի հարուստ փորձ ունեցող 38-ամյա Կորյուն Նահապետյանը քարոզարշավային իր ելույթներում բավական տեղ է հատկացնում կրթության ոլորտին: Քննադատություններ չեն հնչում: Նրա ամբողջ խոսքում կարեւորվում է կրթությունը, խոսում է «մարդ» լինելու կարեւորության մասին, մեջբերում Համո Սահյանից՝ «Ամենից առաջ մարդ պետք է լինել…»: «Առավոտի» դիտարկումը, թե՝ նման ելույթից հետո անհասկանալի է օլիգարխ-պատգամավորի հովանավորչությամբ առաջ գնալու մղումը, Կ. Նահապետյանին նյարդայնացրեց. «Եկեք որակումներ չտանք, հատկապես ԱԺ պատգամավորին, ես չեմ ընդունում այդ մոտեցումը: Միեւնույն ժամանակ՝ իմ կողմից դեռեւս չի եղել նման հայտարարություն, որ իմ առաջադրումը հովանավորվում է այս կամ այն անձի կողմից: Կա աջակցություն, կան թիմակիցներ, բայց դա չի կարելի դիտարկել որպես հովանավորչություն: Կարծես որոշումը կայացվել է մեկ այլ տեղ, մեկ այլ միջավայրում, եւ դու ընդամենը այն իրականացնողն ես: Ես ժխտում եմ այդ մոտեցումը: Ես ունեմ համոզմունք, փորձ, անցած ճանապարհ եւ կարող եմ առաջադրվել ու ընտրվել: Այդ ցանկությունն իմ մեջ առաջացել է ստեղծված իրավիճակի վերլուծության եւ իմ հնարավորությունների գնահատման արդյունքում: Գործադիր ոլորտում աշխատած տարիների փորձս ուզում եմ ներդնել օրենսդիր ոլորտում, որովհետեւ օրենքները ստեղծվում են, եւ հենց դրանց կիրարկման արդյունքում է, որ տեսնում ես, թե ինչն է թերի, անկատար»: Ինչպե՞ս կգնահատեք գործող ԱԺ-ի գործունեությունը՝ «Առավոտի» հարցին թեկնածուն պատասխանեց. «Կարծում եմ, բարոյական չէր լինի մինչեւ ընտրությունները որեւէ գնահատական տալ ԱԺ-ի գործունեությանը: Առհասարակ, տեղին չէ գնահատական տալ պետական մարմնի գործունեությանը»: Հայրենի խորհրդարան մտնելով՝ ի՞նչ փոփոխություններ է անելու Կ. Նահապետյանը. «Կլինեն խմբակցություններ, առանձին պատգամավորներ, որոնց հետ կհամագործակցեմ: Մենակ չեմ լինի, ես կարող եմ իմ շուրջն այնպիսի միջավայր ստեղծել, որտեղ կհավաքվեն խոհեմ պատգամավորներ, քաղաքական գործիչներ, եւ միասնաբար կկարողանանք կատարել ժողովրդի համար անհրաժեշտ փոփոխություններ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել