Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

2013-ԻՆ ԵԽ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ՆԱԽԱԳԱՀԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ

Նոյեմբեր 26,2009 00:00

Ու նաեւ այդ պատճառով մեր պատվիրակությունում կոալիցիայի
ներկայացուցիչները չեն միանում այն նախաձեռնությանը, որը նպատակ ունի կանխել, որ ԵԽԽՎ-ն ղեկավարի թուրք պատվիրակը:

\"\"
Կոալիցիոն պատգամավորները չեն խոչընդոտի ԵԽԽՎ նախագահի պաշտոնում Թուրքիայի պատվիրակի ընտրությանը:

Արդեն հաղորդել ենք, որ ԵԽԽՎ «Եվրոպական ժողովրդավարներ» խմբակցությունը, որի հերթն է առաջադրելու ԵԽԽՎ նախագահի թեկնածությունը՝ որոշել է 2010 թվականի հունվարին կայանալիք ընտրության ժամանակ այդ պաշտոնում առաջադրել ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության ղեկավար ու նաեւ ԵԽԽՎ փոխնախագահ Մեւլութ Չավուշօղլուին: ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը շրջանառության մեջ է դրել մի նախաձեռնություն, որով առաջարկում է ԵԽԽՎ նախագահի համար սահմանել ընտրության պարտադիր չափանիշներ: Նախագծում մասնավորապես նշված է, թե որպես այս կազմակերպության ամենաբարձր պաշտոնյաներից մեկը՝ ԵԽԽՎ նախագահը ոչ միայն անձնապես պետք է հարգանք ու վստահություն ներշնչի, «այլ նաեւ այն պետությունը, որը նա ներկայացնում է՝ չպետք է պարբերաբար խախտի Եվրոպայի խորհրդի հիմնական սկզբունքները, եթե այն ներառված է դիտարկման կամ հետդիտարկման գործընթացներում»: Զարուհի Փոստանջյանը հիշեցրել է, որ ԵԽ անդամ 11 երկրներ (Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բոսնիա-Հերցեգովինան, Վրաստանը, Մոլդովան, Մոնակոն, Մոնտենեգրոն, Ռուսաստանը, Սերբիան եւ Ուկրաինան) ներկայումս դիտարկման ներքո են, իսկ 3 երկրներ (Բուլղարիան, Թուրքիան եւ Մակեդոնիան) գտնվում են հետդիտարկման երկխոսության փուլում, քանի որ «անբավարար են բարեփոխումներ իրականացրել մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության պահպանման ոլորտներում»: Ու նաեւ՝ ԵԽԽՎ շատ բանաձեւերի համաձայն, այդ երկրներում ժողովրդավարական հաստատությունները վերականգնման կարիք ունեն: Հատկապես այդ երկրների դեմ են ավելի շատ հայցեր ներկայացվում Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եւ պարտավորությունները չկատարելու պատճառով նրանք հաճախ հայտնվում են ԵԽ-ում անդամակցության կամ քվեարկության իրավունքից զրկվելու վտանգի առջեւ: Ըստ այդմ՝ առաջարկվում է ընդունել բանաձեւ, որով Վեհաժողովը որոշում է մերժել ԵԽԽՎ նախագահի պաշտոնի համար ցանկացած գործչի թեկնածություն, որը ներկայացնում է դիտարկման կամ հետդիտարկման գործընթացներում գտնվող պետություն:
Զարուհի Փոստանջյանի այս նախաձեռնությանը միացել են 5 երկրների պատվիրակներ, բայց չեն միանում Հայաստանի պատվիրակության անդամները: Գուցե պատճառը, որ նրանք չեն ցանկանում այսպիսով փորձել խոչընդոտել Մեւլութ Չավուշօղլուի ընտրությանը՝ նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավման գործընթա՞ցն է:
Սակայն ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում կոալիցիոն ուժերի ներկայացուցիչները մեր զրույցի ընթացքում նշեցին այլ դրդապատճառներ: Այսպես՝ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Զարուհի Փոստանջյանն ինձ առաջարկել է միանալ այս նախաձեռնությանը: Այդ հարցը քննարկել ենք մեր կուսակցությունում եւ նպատակահարմար չենք գտել մի քանի պատճառներով: Նախ՝ կարծում եմ, ժամանակավրեպ է տիկին Փոստանջյանի առաջարկը: Երկրորդը՝ ուզում եմ հիշեցնել, որ 2013 թվականին ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը փոխանցվելու է Հայաստանին, եւ թե՛ ես, թե՛ կոալիցիայի անդամ պատգամավորները չէինք ցանկանա տվյալ նախաձեռնությամբ խոչընդոտել դրան: Ընդհանուր առմամբ՝ վստահ եմ, որ տիկին Փոստանջյանի նախաձեռնությունը հաջողությամբ չի պսակվելու: Իսկ եթե նա մտահոգություն ունի Թուրքիայի ներկայացուցչի՝ ԵԽԽՎ նախագահ դառնալու հեռանկարի կապակցությամբ, ապա կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ տիկին Փոստանջյանը միանար մեզ այն ժամանակ, երբ քննարկվում էր ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ժան-Կլոդ Մինյոնի զեկույցը եւ առաջարկ եղավ քվեարկել հօգուտ ԵԽԽՎ գործող նախագահի լիազորությունները եւս 1 տարի ժամկետով երկարաձգելու»: Նշենք, որ այդ առաջարկը չի ընդունվել:
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւս հայտնեց, թե չի միանալու Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությանը. «Պատճառները մի քանիսն են: Հիմնական պատճառն այն է, որ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր երկրները հավասար պայմաններում են, եւ այն, որ նրանցից մի քանիսը գտնվում են դիտարկման ներքո, իսկ մի քանի երկիր էլ՝ հետդիտարկման շրջանում՝ ամենեւին չի նշանակում, թե Վեհաժողովի նախագահն իրավունք չունի լինել այդ երկրներից: Երկրորդ պատճառն է՝ այս տարի առաջադրվել է Թուրքիայի պատվիրակության ղեկավարի թեկնածությունը, եւ ամենեւին բացառված չէ, որ նա էլ կնշանակվի: Այն նախաձեռնությունը, որով հանդես է եկել տիկին Փոստանջյանը՝ անգամ եթե դրական արդյունք ունենա, չի ազդելու այդ նշանակման վրա: Սա կնշանակի, որ Թուրքիայի ներկայացուցիչը ստանալու է հնարավորություն լինելու ԵԽԽՎ նախագահ, իսկ մյուս բոլոր երկրները, (եթե անգամ տիկին Փոստանջյանի նախաձեռնությունը հաջողությամբ պսակվի, ինչը շա՜տ մեծ հարցական է)՝ կզրկվեն հետագայում այդ հնարավորությունից, ինչը եւս համարում եմ անհավասար մոտեցման օրինակ»:
ԵԽԽՎ-ում «Ժառանգության» ներկայացուցիչը նշեց, որ եթե իր նախաձեռնությանն այս պահին միանային նաեւ Հայաստանի այլ պատվիրակները՝ «Այն արդեն կներկայացվեր բյուրոյի քննարկմանը»: Չմիանալու հակափաստարկների կապակցությամբ էլ Զարուհի Փոստանջյանը նշեց, թե կցանկանար, որ 2013-ին, երբ Հայաստանը ստանձնելու է ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը՝ մեր երկիրը դուրս եկած լիներ դիտարկման փուլից. «Այդ դեպքում որեւէ խոչընդոտի չէինք հանդիպի: Եվ ես չէի ցանկանա, որ մեր այսօրվա իշխանության ներկայացուցիչներն ինչպես այստեղ են ղեկավարումն իրականացնում, այնպես էլ Եվրոպայի խորհրդում ղեկավարեն: Ուստի չէի ցանկանա, որ մեր իշխանության որեւէ ներկայացուցիչ այսօր հայտնվեր ԵԽ ղեկավար կազմում»: Իսկ այն կանխատեսման առնչությամբ էլ, թե միեւնույն է՝ իր նախաձեռնությունը բանաձեւի նախագիծ չի դառնալու՝ ասաց. «Միգուցե՝ չեմ վիճում: Բայց ամեն դեպքում՝ պետք էր փորձել ու ցույց տալ մեր հստակ դիրքորոշումը, թե չի կարող մի մարդ, որի երկրի վերաբերյալ այդ պահին որոշումներ են կայացվում ԵԽԽՎ-ում՝ ինքը հենց այդ որոշումներն ընդունողներից մեկը լինի»:

Հ. Գ. Ի դեպ՝ Զարուհի Փոստանջյանը հայտնեց, որ ինքը հոկտեմբերին միացել էր Հայաստանի կոալիցիան ներկայացնող պատվիրակների նախաձեռնությանը, որն արվել էր ԵԽԽՎ պատվիրակ Գանիրա Փաշաեւայի՝  Զորի Բալայանի հասցեին կեղծ ու զրպարտչական հայտարարությունների առնչությամբ. «Ու նաեւ օգնել եմ, որ այդ նախաձեռնությունը ստորագրեն այլ պատվիրակներ եւս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել