Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՄԱՅԱԿԻ «ԴԻՄԱԿԸ ՊԱՏՌԵՑ» ՈՒ ԳՆԱՑ

Նոյեմբեր 26,2009 00:00

Թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված դերասան Վլադիմիր Կոստանյանը երեկ ինքնաբացարկի մասին հայտարարություն է տարածել: Իր այդ քայլը Կոստանյանն այսպես է հիմնավորում. «Բազմիցս հայտարարել եմ, որ պատգամավորի մանդատը ինձ համար ոչ այլ ինչ է, քան ժողովրդանպաստ հարցեր ԱԺ-ում բարձրացնելու հնարավորություն, մշակույթին, արվեստին, ինչպես նաեւ ընտրողներին հուզող այլ բնույթի խնդիրներին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու եւ հասարակության շահերը պաշտպանելու հնարավորություն: Մշտապես նշել եմ նաեւ, որ 10-րդ ընտրատարածքում ժողովրդի կողմից պահանջված քաղաքական որոշ գործիչների առաջադրվելու պարագայում պատրաստ եմ մրցակցությունից դուրս գալ եւ չհակադրվել ժողովրդի տվյալ հատվածի դիրքորոշումներին՝ ընդունելի լինեն դրանք ինձ համար, թե՝ ոչ»:
Կոստանյանը պատրաստվում է խորհրդարան մտնել 2012-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ իր «թիմի» հետ, ուստի կվերականգնվի Հայաստանի առաջադիմական կուսակցության շարքերում: «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կողմնակիցներիս Կենտրոն համայնքում եւ ակնկալում եմ նույն համախմբումը իմ առաջիկա գործունեության ընթացքում, քանի որ ինքնաբացարկ եմ հայտարարում եւ չեմ պատրաստվում խառնվել ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության թեկնածու Հմայակ Հովհաննիսյանի մրցակցությանը: Թող ժողովուրդն ինքը կողմնորոշվի արդեն ամբողջովին բացահայտված իրավիճակում: Դիմակները պատռելու եւ ժողովրդին իրականությունը ներկայացնելու գործում իմ առաքելությունը, կարծում եմ, կարելի է համարել հաջողված»,- ասված է հայտարարության մեջ:
Վլադիմիր Կոստանյանն առայժմ այլ մեկնաբանություններից հրաժարվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել