Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն դժգոհ է մեր ռազմավարական դաշնակցից

Նոյեմբեր 26,2009 00:00

Նախօրեին ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն էր ասուլիսում, առանց մանրամասնելու, քննադատել ՌԴ-ին՝ նշելով. «Ռուսաստանի դերակատարությունը այսօր ես նկատում եմ որպես Հայաստանի համար շատ վտանգավոր թե՛ հայ-թուրքական, թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ»: Իսկ երեկ էլ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը, որը «Դուպլեքս» ակումբի հյուրն էր՝ բացեց փակագծերը, թե իրենք մասնավորապես ինչու են դժգոհ Ռուսաստանից: Մտավախություն հայտնելով, թե ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ, մասնավորապես՝ Թուրքիան եւ Ռումինիան, նպաստում են Ադրբեջանի սպառազինման համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն, հավելեց, թե մյուս կողմից էլ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Ռուսաստանն է խորացնում Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը. «Կան փաստեր, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի ռազմական համագործակցությունը բավականին սերտացման ճանապարհով է գնում, որը հակասում է ՀԱՊԿ-ի պայմանագրի ոգուն եւ տառին: Մասնավորապես, ՌԴ պաշտպանության նախարար Սերդյուկովը եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Աբիեւը ստորագրեցին 2010 թվականի ռազմական համագործակցության պայմանագիր, որով բավականին լուրջ ծրագրեր պետք է համատեղ իրականացնեն»: Հրայր Կարապետյանը հարց ներկայացրեց. «Այդ դեպքում ի՞նչ տարբերություն մեր եւ Ադրբեջանի միջեւ՝ մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամ չէ: Եվ արդյոք արժե՞ ռազմական համագործակցությունն այդքան խորացնել մի երկրի հետ, որի ներկայացուցիչները պարբերաբար ռազմատենչ հայտարարություններով են հանդես գալիս: Չէ՞ որ ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքը ենթադրում է, թե ՀԱՊԿ-ի անդամ որեւէ երկրի նկատմամբ որեւէ ագրեսիա ագրեսիա է նաեւ ՀԱՊԿ-ի բոլոր երկրների նկատմամբ»: Ըստ այդմ՝ այդ կառույցը, ըստ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի՝ պետք է համարժեք դիրքորոշում ունենա: Եթե ռազմաշունչ հայտարարությունները դառնան գործողություն, պետք է գործողության մեջ դրվեն նաեւ ՀԱՊԿ համաձայնագրերը՝ կառույցի անդամ պետությանը սատարելու համար. «Հավաքական անվտանգության պայմանագիրը ինչքան մեզ է պետք, այդքան էլ՝ Ռուսաստանին: Եվ եթե ՀԱՊԿ-ի անդամ որեւէ երկիր հասկանա, որ պայմանագիրը ձեւական բնույթի է, այլ ոչ թե իրատեսական, գործող մեխանիզմ՝ կարծում եմ, որ անիմաստ կլինի այդ կառույցի պահպանումը: Այս պահին այդպես չենք մտածում, եւ ես հույս ունեմ, որ Ռուսաստանն էլ այդպես չի մտածում»:
Հրայր Կարապետյանը մեջբերեց Ռուսաստանի քաղաքական մի գործչի տեսակետ, թե հայ-թուրքական սահմանի բացումը կարող է այլընտրանք լինել հայ-վրացական սահմանի փակվելու դեպքում. «Ռուսաստանում տեսակետ կա, թե այ, եթե հայ-թուրքական սահմանը բացվի՝ դուք կազատվեք Վրաստանից կախումից, այդ երկիրը մեզանից այդքան օգուտներ չի քաղի»: Եվ հավելեց. «Եթե նույնիսկ հայ-թուրքական սահմանը բացվի, ինչին ես կասկածում եմ՝ ինչո՞ւ մենք պետք է Վրաստանի հետ ճանապարհը փակենք կամ հրաժարվենք այդ ճանապարհից՝ հարց է առաջանում: Մենք ունենք մեր պետական շահերը, Ռուսաստանը՝ իր, Վրաստանն՝ իր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել