Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԸՆԴՀԱՏՎԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄ»

Նոյեմբեր 26,2009 00:00

\"\"Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը վստահ է՝ «շրջանակային համաձայնագրի» մասին խոսակցությունները նշանակում են, որ շատ շուտով բանակցություններին կմասնակցի ԼՂՀ-ն:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Մյունխենում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններից առաջ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ խոսեց պատերազմի մասին: Ալիեւի այս հայտարարությունը լուրջ չի ընդունում ԵՊՀ տեսական փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մանասյանը, որը երեկ, ներկայացնելով իր տեսակետը, ասաց, որ Ալիեւի ռազմատենչ հայտարարությունները պետք է «չտեսնելու տանք, որովհետեւ մեզ չէին հասցեագրված. ուղղված էին եռանախագահությանը, Թուրքիային, ներքին օգտագործման հայտարարություն էր, քան հայկական կողմին ուղղված խոսք: Շատ կարեւորություն տալ դրան, մանավանդ՝ «թասիբի» գցել նրան՝ պետք չէ»: Ըստ գիտնականի՝ մենք քարոզչական-տեղեկատվական դաշտում պետք է ուշադիր լինենք եւ հակաքայլեր ձեռնարկենք, քանի որ ժամանակ առ ժամանակ ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, թե հայերը համաձայնել են հանձնել Լաչինը, Քարվաճառը եւ այլն, խորացնում են հակամարտության մի կերպար, որտեղ հայերը, իբր, ընդունում են, որ պետք է այդ տարածքները ետ տրվեն: Նա կարծում է, որ երկկողմ հանդիպումները չեն համապատասխանում ձեւաչափին, որն ընդունվել եւ հաստատվել է ԵԱՀԿ-ի կողմից 1990-ականների սկզբից, եւ եթե խախտված է հիմնարար փաստաթուղթը, հազիվ թե այդ հանդիպումները կարելի է անվանել բանակցություններ. «Ավելի շուտ դրանք խորհրդակցություններ են՝ ընդհատված բանակցությունները սկսելու համար»: Իրական բանակցությունները կսկսվեն, երբ անմիջականորեն դրանց կմասնակցի ԼՂ-ն: Մյուս կողմից էլ, պարոն Մանասյանը կարծում է, որ եթե շրջանառության մեջ է մտել «շրջանակային համաձայնագիր» հասկացությունը, ապա դա համանախագահները կարող են որակել իբրեւ խոշոր առաջընթաց. «Բայց ես կցանկանայի, որ արձանագրվեր ավելի կարեւոր միտք՝ շրջանակային համաձայնագրի թեմայի արծարծումը հասունացնում է Լեռնային Ղարաբաղի մասնակցությունն այդ հանդիպումներին»։
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը թեպետ մյունխենյան հանդիպման մասին անհրաժեշտ տեղեկատվություն չուներ, բայց, դատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարությունից, ինչպես նաեւ ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների մամուլի գրասենյակների տարածած հայտարարություններից, եզրակացրել է, որ որոշ խնդիրների շուրջ Սերժ Սարգսյանը եւ Ալիեւը եկել են համաձայնությունների. «Որքանով են այդ համաձայնությունները մոտեցրել համաձայնագրի ստորագրմանը, ասել չեմ կարող, բայց որ այդ համաձայնությունների շնորհիվ հնարավոր կլինի խուսափել առճակատումից եւ պատերազմի վերսկսումից, դա փաստ է եւ ողջունելի: Թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը պետք է ձեռնպահ մնան այնպիսի հայտարարություններից ու քայլերից, որոնք կարող են վիժեցնել կարգավորման գործընթացը: Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմաշունչ հայտարարությունները, Հայաստանը պետք է դադարեցնի պնդել, թե կարող է այս փուլում ճանաչել ԼՂ անկախությունը: Այս հայտարարությունները բնավ չեն նպաստում բանակցային գործընթացին, չեն տեղավորվում կարգավորման փիլիսոփայության մեջ»: Ադրբեջանի նախագահի կողմից հերթական ռազմաշունչ հայտարարությունները, ըստ մեր զրուցակցի, պետք չէ ընկալել որպես պատերազմի վերսկսման վտանգ. «Նման վտանգ այս պահին ես չեմ տեսնում, որովհետեւ կարծում եմ՝ միջնորդ երկրներն այնքան ռեսուրսներ ունեն, որ թույլ չտան պատերազմական գործողությունների վերսկսումը»: Մեր զրուցակցի կարծիքով. «Բանակցային գործընթացը ենթադրում է, որ կողմերից յուրաքանչյուրն էլ պետք է անի զիջումներ, այդ զիջումները կարող են լինել ցավոտ, եւ ընդունելի չէ, որ Ադրբեջանը խոսում է միայն տարածքների վերադարձման անհրաժեշտության մասին, իսկ Հայաստանը՝ միայն Ղարաբաղի կարգավիճակի մասին: Բանակցային գործընթացում տեղին չէ խոսել նպաստավոր կամ աննպաստ դիրքերի մասին: Խաղաղության համաձայնագրից շահելու են թե՛ Հայաստանը եւ թե՛ Ադրբեջանը, որովհետեւ ամենամեծ նպատակը, որին պետք է ձգտեն երկրները, խաղաղությունն է ու տարածաշրջանի կայուն զարգացումը»: Իսկ թե ե՞րբ կկնքվի այդ համաձայնագիրը, Սուրեն Սուրենյանցը գիտի մոտավորապես. «Գրեթե վստահ եմ, որ առաջիկա երկու-երեք ամսում շրջանակային համաձայնագիրը կստորագրվի, եւ հակամարտող կողմերը կթեւակոխեն մեծ պայմանագրի նախապատրաստման եւ ստորագրման փուլ: Կսկսվի նոր գործընթաց, որի նպատակը կլինի խաղաղության պայմանագրի ստորագրումը»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել