Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԱՐՏԻ 1» ՉԻ՞ ԵՂԵԼ

Նոյեմբեր 26,2009 00:00

\"\"Չեն եղել նաեւ զոհե՞ր

Մոտ չորս ամիս անց կլրանա «Մարտի 1»-ի դեպքերի երկրորդ տարին: Անցած մեկուկես տարվա ընթացքում 10 զոհերի սպանության հանգամանքները այդպես էլ չբացահայտվեցին, եւ նրանց մահվան համար պատասխանատու ոստիկաններից որեւէ մեկը դատարանի առաջ չկանգնեց: 10 զոհերի մահվան հանգամանքների ու դրա համար պատասխանատու անձանց բացահայտմամբ ի պաշտոնե զբաղվող ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող եւ «Մարտի 1»-ի մայր գործից անջատված մասով նախաքննությունը, ՀՔԾ քննիչների ասելով, իբր, դեռ ընթանում է՝ արդեն մեկուկես տարի: Նույն ՀՔԾ-ն, իբր, պարզել է, թե ովքեր են եղել այն ոստիկանները, որոնք «Չերյոմուխա-7» հատուկ միջոց են կիրառել եւ սպանել առնվազն 3 հոգու, բայց միեւնույն է՝ գործն առաջ չի գնում. հատուկ միջոցներ կիրառած ոստիկանների թվում չկան ձերբակալվածներ, կալանավորվածներ կամ ոստիկանության համակարգից հեռացվածներ:
Սպանվածների (բացառությամբ ոստիկանության զորքերի սպա Համլետ Թադեւոսյանի) հարազատներն իրենց զավակների սպանության հանգամանքների եւ մարդասպաններին ի հայտ բերելու աղոտ, բայցեւ որոշակի հույսեր այսօր կապում են միայն Հայ ազգային կոնգրեսի հետ: ՀԱԿ-ում գործող իրավական հանձնաժողովում զոհերի հարազատների հետ հանդիպել եւ հավաստիացրել են, որ հետամուտ կլինեն կատարված հանցագործության լիարժեք բացահայտմանը: Թե ի՞նչ փուլում է գործն այստեղ՝ զոհերի հարազատները էլի տեղյակ չեն:
Երեկ «Առավոտը» զրուցեց զոհերից երեքի ծնողների հետ: Գոռ Քլոյանի մայրը՝ Ազատուհին, ասաց, թե՝ ՀՔԾ-ից ոչ մի լուր կամ տեղեկություն չունեն. «Տպավորությունն այնպիսին է, որ նման բան ո՛չ կա, ո՛չ էլ եղել է: ՀՔԾ-ն ասում է՝ նախաքննություն է ընթանում, եւ վերջ: Կոնգրեսը ի՞նչ է անում՝ եւս տեղյակ չենք, գոնե ես չգիտեմ: Ասում են՝ զբաղվում են, գործեր են կազմվել՝ դատախազություն դիմելու նպատակով, բայց ի՞նչ փուլում է՝ տեղյակ չեմ: Սա մեր բոլոր ծնողներին (մյուս 8 զոհերի ծնողներին- Ն. Մ.) մտահոգող խնդիր է»:
Տիգրան Աբգարյանի մայրը՝ տիկին Ռուզանը, եւս ասաց, թե որեւէ տեղեկություն ՀՔԾ-ի վարույթում գտնվող գործի մասին չունի: «Ասում են՝ գործը չենք փակում, քննություն է ընթանում: «Մարտի 1»-ի հանձնաժողովն իր գործը համարեց ավարտված, ու գործը քնեց: Կոնգրեսի ներկայացուցիչների հետ մեկ անգամ հանդիպում եղել է: Հիմա սպասողական վիճակում ենք»,- պատմեց տիկին Ռուզանը: Նա, բնականաբար, բավարարված չէ առկա անորոշ վիճակից. «Ի՞նչ բավարարված լինելու մասին է խոսքը: Ես ինչպե՞ս կարող եմ բավարարված լինել, եթե մինչեւ հիմա չգիտեմ, թե ով է սպանել իմ երեխային»: Տ. Աբգարյանի մայրն ասաց, որ իր որդուն սպանողներին բացահայտելն ու նրանց պատասխանատվության ենթարկելու հարցն իր համար կյանքի խնդիր է, ու դրան նա ուզում է հասնել թեկուզ իր «հոգու հանգստության համար»: «Հույս կա, բայց դա այնքան քիչ է… Փրփուրներից կախված ու անորոշ վիճակ է: Ինձ համար միեւնույն է, թե ում՝ ՀՔԾ-ի, թե այլ կառույցի միջոցներով, բայց ես պիտի պարզեմ, թե ո՞վ է սպանել իմ որդուն: Ես չեմ թողնի, որ այդ գործը հենց էնպես քնի: Ես ոչ մի բանի առաջ չեմ կանգնի»,- պնդում է որդեկորույս մայրը:
Տիգրան Խաչատրյանի մայրն էլ՝ Ալլա Հովհաննիսյանը, ասաց, թե ՀՔԾ-ում գտնվող գործից տեղեկություն չունեն. «Այսինքն՝ մենք տեղյակ ենք, որ իշխանություններն ուզում են այս գործը փակել: Ժամանակավոր հանձնաժողովն ինչ-որ մի զեկույց ներկայացրեց, որը զեկույց համարելն էլ ճիշտ չէ, ու դրանով ուզում են սահմանափակվել: Ես գիտեմ, որ Կոնգրեսը զբաղվում է այդ հարցով, բայց թե ինչ է արվել՝ կոնկրետ չգիտեմ: Առայժմ ռեալ քայլ չկա: Մենք ծնողներով պարբերաբար հանդիպում ենք եւ շատ մտահոգված ենք, որ մեր երեխաների սպանության գործը շարունակում է չբացահայտված մնալ եւ աստիճանաբար մոռացության է տրվում: Մտադիր ենք առաջիկայում ինչ-որ միջոցառում, ակցիա կազմակերպել այս խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար: Բայց որեւէ նման ակցիա կազմակերպելու դեպքում տպավորություն է ստեղծվում, թե դա Կոնգրեսն է նախաձեռնել, թեեւ մենք իրենց հետ ոչ մի կապ չունենք: Ուղղակի այդ ակցիաներին մասնակցում են նաեւ ընդդիմադիր գործիչներ կամ համակիրներ: Հենց «Մարտի 1»-ի հանձնաժողովի զեկույցի հրապարակման օրը ԱԺ-ի դիմաց մենք՝ զոհերի հարազատներով, բողոքի ակցիա էինք կազմակերպել, բայց ոստիկանները եկել ու առանց ամաչելու հարցնում էին՝ ո՞վ է կազմակերպել: Իմ երեխային սպանել են, ես արդարություն եմ պահանջում, ի՞նչ է՝ ինձ ինչ-որ մեկը պիտի կազմակերպի՞, որ արդարադատություն պահանջեմ: Հիմա մտածում ենք դիմել դեսպանատներին, միջազգային կառույցներին, որ հիշեն, որ մարտի 1-ին 10 զոհ է եղել, եւ դրա համար ոչ ոք դեռեւս պատասխան չի տվել»:
Իսկ Կոնգրեսից մեզ փոխանցեցին, որ բոլոր 9 զոհերի գործերով զբաղվում է Արտակ Զեյնալյանը: Գործերը կազմվում են եւ փաթեթով ներկայացվելու են ՀՀ գլխավոր դատախազությանը՝ բողոքարկելու համար ՀՔԾ-ի անգործությունը: Թե որքան կտեւի այս պրոցեսը՝ էլի պարզ չէ, բայց հայտնի է, որ եթե Գլխավոր դատախազությունն այդ բողոքները չբավարարի, հաջորդ քայլը կլինի ներպետական դատական ատյաններին, իսկ վերջում նաեւ՝ Եվրոպական դատարան դիմելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել