Կանադացի գիտնականները հայտնաբերել են, որ թանկարժեք մեքենաներ վարելիս տղամարդկանց տեստոստերոնի՝ արական հորմոնի մակարդակը բարձրանում է, իսկ հին մեքենաներ վարելիս՝ իջնում:
Մոնրեալի Կոնկորդիա համալսարանի գիտնականների ուսումնասիրությանը մասնակցել է 39 երիտասարդ տղամարդ: Նրանցից յուրաքանչյուրին առաջարկվել է 1 ժամ վարել նոր Porsche 911 Carrera մեքենան, իսկ այնուհետեւ եւս մեկ ժամ՝ ընտանեկան Toyota Camry մեքենան, արտադրված 16 տարի առաջ: Փորձարկման ժամանակ հետազոտության մասնակիցներից վերցնում էին նրանց թքի նմուշները՝ տեստոստերոնի պարունակությունը ստուգելու համար:
Պարզվել է, որ Porsche 911 Carrera մեքենան վարելիս այդ հորմոնի պարունակությունը տղամարդկանց մոտ բավականին բարձր է եղել: Ավելին, ամենաշատը տեստոստերոն արտադրվել է քաղաքի կենտրոնի այն վայրերում վարելու ժամանակ, որտեղ իգական սեռի ներկայացուցիչները շատ են եղել: Մինչդեռ Toyota Camry մեքենան վարելու ժամանակ տեստոստերոնի պարունակության փոփոխություն չի նկատվել, ավելին՝ մայրուղով վարելիս, որտեղ «հանդիսատեսի» պակաս կա, այն նույնիսկ բավականին ցածր է եղել:
Գիտնականների կարծիքով, տղամարդկանց օրգանիզմի նմանատիպ ռեակցիան պայմանավորված է նրանով, որ թանկարժեք մեքենա վարելը կանանց ուշադրությունը գրավելու համար «սեռական ազդակների» փոխանցման ձեւերից է: Հետազոտության արդյունքները օգնում են հասկանալ, թե ինչու են շատ տղամարդիկ գնում թանկարժեք սպորտային մեքենաներ, այսպես կոչված, «միջին տարիքի կրիզիսի» ժամանակ, երբ տեստոստերոնի քանակության մակարդակը իջնում է: