Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից փափուկ բարձ դրեցին

Նոյեմբեր 25,2009 00:00

 Ե՞րբ է իրականացվելու վրացիների հերթական խոստումը

«Ո՛չ մշակութային ցեղասպանությանը», «Վերադարձրե՛ք մեր եկեղեցիները», «Ամո՛թ Վրաստանին» կարգախոսներով երեկ Հանրապետության հրապարակից հայ երիտասարդները սկսեցին իրենց բողոքի երթը: Արարատյան հայրապետական թեմի եւ ուսանողական միությունների ու երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել՝ ընդդեմ վրաց իշխանությունների եւ վրաց եկեղեցու վարած հակահայկական քաղաքականության՝ պահանջելով Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին տալ համապատասխան կարգավիճակ, վերադարձնել հայ եկեղեցիները, հարգել ու պահպանել հայկական մշակութային արժեքները: «Առավոտի» հետ զրույցում ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանն ասաց, որ հայ երիտասարդները մարտական են տրամադրված. «Մեր նպատակն է, որ հայ ուսանողությունն իր ձայնը բարձրացնի ընդդեմ Վրաստանում հայկական մշակույթի նկատմամբ իրականացվող վանդալիզմի եւ ցեղասպանության ու պահանջի վրացական իշխանություններից՝ հարցի արագ լուծում»: Պարոն Ակոպյանը հավելեց. «Նախորդ տարի էլ նման բողոքի երթ կազմակերպեցինք, ցավոք՝ վրացական դեսպանատունը մեր գլխի տակ փափուկ բարձ դրեց, բայց այս անգամ վճռական ենք, ամեն ինչ անելու ենք, որ միջոցառումը ծառայի նպատակին»:
Արարատյան հայրապետական թեմի «Արարատ» երիտասարդների միության հոգեւոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանն էլ «Առավոտին» ասաց, որ բողոքի երթը իշխանությունների եւ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի բանակցությունների արդյունքում անպատասխան մնացած խոստումների պահանջն է. «Վրաց իշխանությունները եւ եկեղեցին խոստումներ էին տվել՝ մեր պահանջները բավարարելու, բայց, ինչպես Հռոմը միանգամից չկառուցվեց, եւ ծովը մի կաթիլից ծով չդարձավ, սրանք քայլեր են, որոնք նախակարապետներն են, որոնց արդյունքում Աստված կառաջնորդի այն հանգրվանը, որտեղ մեր արդար պահանջներն իրականություն կդառնան: Մեր պահանջները խմորման մեջ են»,- հույս հայտնեց տեր Հակոբը: Քահանա Մխիթար Ալոյանն էլ վրացիների նման գործելակերպը քրիստոնեական կեցվածք եւ քրիստոնեական հովիվների ճիշտ քայլ չի համարում: «Եթե հայ մարդը խոնարհված եկեղեցիներում մոմ է վառում, ապա նույն բանն անում է եւ վրացին իր աղոթատներում, եթե կան աղոթատներ, որոնք կարելի է հեշտությամբ վերականգնել, բայց հակառակն ենք անում, այսինքն՝ թույլ ենք տալիս քանդվելու, ավերվելու, ուրեմն անողները ոչ թե քրիստոնյա են, այլ՝ հակաքրիստոս ու շառլատան»,- հայտարարեց նա: Բողոքի երթն ավարտվեց Հայաստանում Վրաստանի դեսպանատան առջեւ: Հայ երիտասարդների մի խումբ իրենց բողոքի ուղերձը հանձնեցին դեսպանին: ՀՀ-ում Վրաստանի դեսպանն ասաց, որ տեղյակ է Մուղնեցոց Ս. Գեւորգ եկեղեցու փլուզման մասին եւ հավաստիացրեց, որ ՀՀ մշակույթի նախարարության հետ ունեն համապատասխան պայմանավորվածություն՝ համատեղ ուժերով հայկական եկեղեցու վերականգնման վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել