Օրեր առաջ գրեթե հիմնովին քանդվել է երկար ժամանակ անուշադրության մատնված Վրաստանի Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցին: Ըստ «Արմինֆոյի», ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը եկեղեցու փլուզման փաստի կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության եւ սպորտի նախարար Նիկոլոզ Ռուռուային:
Վրաստանի նախարարն էլ հավաստել է, որ եկեղեցին իրոք գտնվում էր անմխիթար վիճակում, եւ նախարարությունն արդեն քայլեր է ձեռնարկել վերականգնման աշխատանքների ուղղությամբ: Ավելին, նախարարն առաջարկել է դրանք՝ բոլոր փուլերում, իրականացնել հայ մասնագետների, վերականգնող ճարտարապետների հետ համատեղ:
«Արմինֆոյից» տեղեկանում ենք, որ ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանին Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության գործակալության տնօրեն Նիկոլոզ Վաչեիշվիլին հավաստել է, թե իբր արդեն իրականացվում են եկեղեցու ամրակայման աշխատանքները, դրանց հետեւող նախագծային աշխատանքները կիրականացնի «Արքիտեքս» վերականգնողական ճարտարապետական արվեստանոցը:
Նշենք, որ ՀՀ մշակույթի նախարարության մտահոգությունը նման է, պատկերավոր ասած՝ ճաշից հետո մանանեխ հրամցնելուն կամ կռվից հետո բռունցքներ թափահարելուն: Ինչ վերաբերում է վրացական կողմին, Ն. Վաչեիշվիլին փաստորեն անկեղծ չէ, որովհետեւ երկար տարիներ վրացական «հոգածությամբ» անմխիթար վիճակում գտնված շենքը փլուզվել է եւ, մասնագետների համոզմամբ, վերականգնման ենթակա չէ, էլ ուր մնաց՝ ամրակայման: