Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՐԱՎԻՐԵԼՈՒ «ԱՐՎԵՍՏԸ»

Նոյեմբեր 25,2009 00:00

ՀՀ մշակույթի նախարարությունը հաճախ լրագրողներին հրավիրում է անվանի արվեստագետների մասնակցությամբ այս կամ այն համերգն ու ներկայացումը լուսաբանելու, սակայն, որպես կանոն, չի հոգում լրագրողների՝ ներս մտնելու խնդիրը: Երբ հարցնում ենք՝ ինչպե՞ս ենք ներս մտնելու, նախարարությունից մշտապես արդարանում են, թե իրենց այդ նպատակով տոմսեր չեն տրվել, վա՛յ, հաջորդ անգամ կմտածեն, այդ հարցն էլի է բարձրացվել եւ այլն, եւ այլն: Տպավորությունն այնպիսին է, որ ընդամենը տեղյակ են պահում: Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչո՞ւ են հրավիրում: Այդպես օրերս «հրավիրեցին» նաեւ Պավել Կոգանի ղեկավարությամբ համերգը լուսաբանելու, բայց կրկին առանց լրագրողների մուտքի հարցը լուծելու: Մեղմ ասած, դա գրագետ աշխատաոճ չէ: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ 1000-ից մեկ հատկացվել են մեկ հոգու համար նախատեսված հրավիրատոմսեր, չնայած առանց դրանց էլ շատերը կարողացել են, այսպես ասած, իրենց գլխի ճարը տեսնել: Նաեւ հավելենք, որ, ի տարբերություն մշակույթի նախարարության, որոշ արվեստագետներ ու մշակութային օջախների ղեկավարներ, սեփական նախաձեռնությամբ, հրավեր են ուղարկում լրագրողներին, ընդ որում՝ ոչ բանավոր:
«Քանոնի» շնորհանդեսը
Օրերս «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացավ «Հայ հնագույն նվագարաններ» ֆիլմաշարի շրջանակներում նկարահանված հերթական՝ «Քանոն» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի հեղինակը եւ պրոդյուսերը «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի ղեկավար Ռիտա Շառոյանն է: Բեմադրությունը Արմեն Ռոնովինն է, ֆիլմում, ի թիվս այլ քանոնահարների, նկարահանվել են Անժելա Աթաբեկյանն ու Ծովինար Հովհաննիսյանը:
Ռ. Շառոյանն ասաց, որ իրենց ֆիլմերը նույնքան համեստ ու գեղեցիկ են, որքան ֆիլմերի հերոս նվագարանները:
Հիշեցնենք, որ «Հայ հնագույն նվագարանների» նախորդ ֆիլմերն էին «Ծիրանի փողը» եւ «Քամանչան», որոնք «Քանոնի» հետ միասին առայժմ գեղեցիկ եռագրություն են կազմում: Նոյեմբերի 23-ին ոչ միայն բոլոր այս ֆիլմերը ցուցադրվեցին, այլեւ յուրաքանչյուր ֆիլմից առաջ տվյալ նվագարանի անվանի ներկայացուցչի հոյակապ կատարումը վայելեցինք. խոսքը Ա. Աթաբեկյանի, Ն. Դավթյանի եւ Գ. Դաբաղյանի մասին է:
Դառնալով ֆիլմերին, հավելենք, որ երեքն էլ մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունք են եւ շատ արժեքավոր տեղեկություններ են պարունակում: Ռ. Շառոյանն ասում է, որ իրենք այդ ֆիլմերը նկարել են ո՛չ դափնիների արժանանալու համար: Նա նաեւ «Առավոտին» փոխանցեց, որ հաջորդ ֆիլմը նվիրված կլինի պարկապզուկ նվագարանին: Հիշեցնենք, որ «ՀայԱրտը» իրականացնում է եւս երկու ֆիլմաշար՝ «Անցյալ կատարյալ» եւ «Խոսիր ինձ հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել