Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չարենցյան 45-ամյա թանգարան

Նոյեմբեր 25,2009 00:00

Հանրության սպասելիքներն այս թանգարանից ավելի մեծ են

Երեկ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում կայացավ հանդիսություն՝ նվիրված թանգարանի հիմնադրման 45-ամյակին:
Հայաստանի նախարարների խորհրդի 1964թ. փետրվարի 8-ի որոշմամբ Մաշտոցի պողոտա թիվ 17 (նախկինում՝ Սունդուկյան փողոց թիվ 6) հասցեում հիմնադրվեց Ե. Չարենցի տուն-թանգարանը, եւ առաջին տնօրեն նշանակվեց Նվարդ Բաղդասարյանը: Թանգարանն  այցելուների առաջ իր դռները բացեց 1975-ի հունվարին:
Հիշեցնենք, որ թանգարանի շենքում, որը ժամանակին բանաստեղծին իբրեւ բնակարան հատկացվել էր Աղասի Խանջյանի կարգադրությամբ, երկար դեգերումներից հետո Չարենցն ընդամենը 2 տարի՝ 1935-37թվականներին է ապրել: Թանգարանի ամենանվիրական հատվածը հուշատունն է՝ մեմորիալ բնակարանը, որտեղ ամեն ինչ պահպանված ու դասավորված է այնպես, ինչպես տանտիրոջ ապրած ժամանակ:
Թանգարանի հոբելյանի առիթով վերջերս տպագրվել է նաեւ մշակութային օջախի պատմությունը ներկայացնող գիրք-ալբոմ՝ բացառիկ լուսանկարներով: Երեկ տեղի ունեցավ ոչ միայն այդ պատկերագրքի, այլեւ Չարենցի գերմաներեն՝ «Հարդագողի ճամփորդները» գրքի շնորհանդեսը:
Երեկոն վարեց Ազատ Գասպարյանը, որը ժամանակին «Երկունք» ֆիլմում հրաշալի մարմնավորել է Չարենցին: Միջոցառման ժամանակ իր անզուգական ասմունքով ներկաներին բավականություն պատճառեց Սիլվա Յուզբաշյանը, հանդես եկավ նաեւ Արարատյան հայրապետական թեմի «Ծաղկազարդ» խումբը: Թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը հիշեց բոլոր նրանց, ովքեր կանգնած են եղել թանգարանի հիմնադրման ակունքներում: Նա հատկապես առանձնացրեց հիմնադիր տնօրեն Նվարդ Բաղդասարյանին, Չարենցի դուստրեր Արփենիկին եւ Անահիտին: Լ. Հակոբյանը շեշտեց, որ թանգարանի կայացմանը անչափ օգնել են լուսահոգի Էդվարդ Ջրբաշյանը, Հրանտ Թամրազյանը, Գառնիկ Անանյանը, Ալմաստ Զաքարյանը եւ այլք: Ցուցադրվեց փոքրիկ ֆիլմ՝ գիտխորհրդի առաջին նիստի մասին, որտեղ նաեւ այս մարդիկ են երեւում:
Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ Լ. Հակոբյանը նշեց, որ դյուրին չէ լինել Չարենցի տուն-թանգարանի տնօրեն, որովհետեւ հանրության սպասելիքները հատկապես այս թանգարանից՝ շատ են: Բայց միեւնույն ժամանակ ինքը գոհ է ժողովրդի վերաբերմունքից եւ նրանից ստացած գնահատականներից: Ի դեպ, Լ. Հակոբյանը իր կյանքի 26 տարիները նվիրել է այս թանգարանին: Հավելենք նաեւ, որ բացի թանգարանում բացված լուսանկարչական հետաքրքիր ցուցահանդեսից, այցելուներն ու հյուրերը հնարավորություն ունեցան դիտելու նկարիչ Ռոբերտ Մանուկյանի ընկերական շարժերը, որտեղ նա պատկերել է թանգարանի աշխատակիցներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել