Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԱՄԱ ՄԻԱՆ»՝ ԱՆԶՈՒՍՊ ՌԻԹՄՈՎ

Նոյեմբեր 25,2009 00:00

\"\"Արմեն Բարսեղյանի ինքնատիպ բեմադրությունը

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը օրերս թատերասերի դատին հանձնեց ամերիկյան թատերգության դասականներից Քեն Լյուդվիգի «Մամա միա» կատակերգությունը՝ Արմեն Բարսեղյանի բեմադրությամբ:
Ներկայացման ինտրիգը հյուսվում է Մաքսի եւ Մեգիի սիրային պատմության շուրջ, երիտասարդների միջեւ ձեւավորված հարաբերություններն են ծնում կատակերգությունը, որի համար որպես շարժիչ ուժեր են դառնում զվարճալի թյուրիմացությունները: Վերջիններս նպաստում են երիտասարդ ու տաղանդավոր Մաքսի ինքնահաստատմանն ու Մեգիի՝ Մաքսի հանդեպ ունեցած զգացմունքի ճշգրտմանը: Բեմադրությունը Արտաշես Մխիթարյանի (Մաքս), Լուսինե Վարդանյանի (Մեգի) եւ Լուիզա Ղամբարյանի (Դիանա) հրաշալի ինքնադրսեւորման առիթ էր: Ա. Մխիթարյանի Մաքսը դարձել է գործողությունների յուրատեսակ առանցքը՝ իր վրա կրելով կատակերգության հիմնական ծանրությունը: Այսպես, օպերային թատրոնի ռեժիսորի օգնականը, որն ունի երգչական տվյալներ, իր ամենամեծ երազանքը Մեգիի հետ ամուսնությունն է համարում, սակայն իրենից անկախ հայտնվելով կատակերգական հետաքրքիր շրջադարձերի մեջ, յուրօրինակ հասունություն է ապրում, բացահայտում իր տաղանդը, այս պատմության մեջ մեծագույն հաղթանակը համարելով Մեգիի սերը: Ցայտուն էին ռեժիսորական լուծումները, սակայն սա կարծես մի «դերասանական» ներկայացում էր՝ հրաշալի դերակատարների անսամբլով, որի գլխավոր ձեռքբերումը, միանշանակ, կատակերգական ոճի միասնականությունն էր: Ուշադրության է արժանի Ռոբերտ Հարությունյանի Մոնդերսը, Հովհաննես Բաբախանյանի Տիտո Մորելին եւ Գոհար Իգիթյանի Մարիան: Դրանք կատակերգական վառ գույներով ու ցայտուն բնավորություններով կերպարներ են: Մորելին դժբախտ ու հոգնած մարդ է, մի Դոնժուան, որը հոգնել է փառքից ու ծափերից: Իսկ Մարիան «ճակատագրական կին» է, որն իսկապես սիրում է Մորելիին եւ ունի սիրելու ու սիրվելու մեծ պահանջ: Իսկ, օրինակ, բեմադրական  հնարքները հնարավորություն չէին տվել Էվելինա Շահիրյանին (Ջուլիա) ընդլայնելու կերպարի «ներքին ծավալը», մինչդեռ դերասանուհին համահունչ էր դերասանական անսամբլի պահանջներին, ժամանակ առ ժամանակ էլ հիացնում էր իր բեմական անսահման հմայքով: Լավ տպավորություն թողեց Հովհաննես Թեքգյոզյանի՝ հյուրանոցի սպասավորը, հատկապես դերասանական ռիթմով: Արժե նշել, որ ընդհանրապես դերասանախումբը բեմում չափազանց ազատորեն «շարժվելով», բնականաբար՝ բեմադրիչի «առաջարկով» ստեղծել էր անզուսպ ռիթմ, արտակարգ տեմպ: Սա, իհարկե,  բեմանկարիչ Վահագն Թեւանյանի մտահղացման շնորհիվ, երբ փոքր բեմը գրեթե «բուտաֆորական» լուծումներով ձեռք էր բերել մեծ տարածություն: Ի դեպ, 2-րդ գործողության մեջ Արտաշես Մխիթարյանի (Մաքս) խաղի շնորհիվ դերասանների ֆիզիկական հոգնածությունը նկատելիորեն չերեւաց:
Դրամատիկականի «Մամա միա» բեմադրությունը, մասնագետների կարծիքով, հետաքրքիր գեղարվեստական իրողություն լինելուց զատ, յուրատեսակ չափանիշ կարող է դառնալ նրանց համար, ովքեր մոտենում են կատակերգության որքան պարզ ու հասարակ, նույնքան էլ բարդ ժանրին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել