Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բրիտանական սկանդալներ

Նոյեմբեր 25,2009 00:00

Բրիտանական կառավարությունը 2003թ.-ին Իրաք ներխուժելու որոշումը հապճեպ է կայացրել՝ դրա իրական պատճառները թաքցնելով խորհրդարանից, գործնականում նաեւ պետական պաշտոնյաներից եւ
սեփական հասարակությունից:

Այդ պատճառով էլ բրիտանացի զինվորները եղել են վատ զինված եւ չհամաձայնեցված գործողությունների արդյունքում ծագել են բազմաթիվ խնդիրներ, բանակը գործողությունների լիարժեք մշակված ռազմավարություն չի ունեցել: Միայն այդ պատճառով, ըստ զեկույցի, բրիտանական զորքերը վատ են պատրաստվել պատերազմին: Զինվորականները ճակատ են ուղարկվել քաղաքացիական ինքնաթիռներով, զինամթերքը զինվորները տեղափոխել են ձեռքով, երբեմն օդանավակայաններում նրանցից այդ զենքն առգրավվել է: Որոշ զինծառայողներ ստիպված են եղել կռվի մեջ մտնել՝ ստանալով ընդամենը 5-ական փամփուշտ: Այդ մասին պատմել են բրիտանացի վետերանները: Իրաքում զինված գործողությունների մասնակիցներից մեկը նաեւ պնդել է. «Ես հաստատ գիտեմ մի բան՝ անապատ է ուղարկվել այդ պայմանների համար բացարձակապես անպետք դահուկների մի ամբողջ բեռնարկղ»:
Բացի այս, բրիտանացի հրամանատարները դժգոհություններ են հայտնել նաեւ ամերիկացիների հետ համագործակցության ընթացքում ծագած խնդիրների առնչությամբ: Իրաքում բրիտանական շտաբի պետի, գնդապետ Տանների խոսքերով, ամերիկացի սպաներն իրենց պահել են «Մարսից իջածների նման՝ անընդունակ որեւէ երկխոսության: Մեզ համար ավելի հեշտ էր պայմանավորվել եվրոպացիների, երբեմն նույնիսկ` նույն արաբների, քան ԱՄՆ զինվորականների հետ»:
Բրիտանացի մեկ այլ հրամանատար, գեներալ-մայոր Էնդրյու Ստյուարտն էլ խոստովանել է, թե ինքը հնարավորինս խուսափել է կատարել ամերիկյան հրամանատարության հրամանները, որոնք փորձել են բոլոր հարցերը լուծել բացառապես զենքի օգնությամբ: Բրիտանացիները Իրաքում խնդիրներ են ունեցել նաեւ ռազմավարության համատեքստում: Բաղդադի անկումից հետո նրանք հետագա գործողությունների հստակ ծրագիր չեն ունեցել: Հետաքննությունը պարզել է, որ բրիտանական ԱԳՆ-ն Իրաքում հետհակամարտության շրջանում իրավիճակը նորմալացնելու որոշակի ծրագիր կազմել է միայն Իրաք ներխուժելուց երեք շաբաթ առաջ:
Բրիտանացի զինվորականների այդօրինակ խոստովանությունները ստացվել են Հյուսիսային Իռլանդիայի գործերով նախկին նախարար, սըր Ջոն Չիլկոտի կողմից իրականացվող իրաքյան պատերազմի հետաքննության արդյունքում: Նրա պատրաստած զեկույցի հրապարակային լսումները «Նեզավիսիմայա գազետայի» մատուցմամբ, երեկ մեկնարկել են Լոնդոնում: Հետաքննության գլխավոր խնդիրը եղել է հաշվետվություն ներկայացնել այն որոշումների մասին, որոնք ընդունվել են իրաքյան պատերազմի նախօրեին, եւ եզրակացություններ անել թույլ տրված սխալների վերաբերյալ:
Չիլկոտն այդեն հայտարարել է, թե մտադիր չէ հովանավորել ո՛չ նախկին վարչապետ Թոնի Բլերին, ո՛չ էլ մյուս բարձրաստիճան քաղաքական գործիչներին: Հետաքննության տրամադրության տակ են հայտնվել հարյուրավոր փաստաթղթեր, որտեղ զինվորականները քննադատել են Մեծ Բրիտանիայի ԱԳ եւ պաշտպանության նախարարություններին, նաեւ՝ Բլերին: Սկանդալային այդ տեղեկությունների մի մասն արդեն հրապարակվել է բրիտանական «The Sunday Telegraph» թերթում: Հրապարակումից հետեւում է, որ նախկին վարչապետ Բլերը խաբել է բրիտանացիներին եւ խորհրդարանին՝ 2008թ.-ին պնդելով, որ Բրիտանիան չի ձգտում տապալել Սադամ Հուսեյնին, այլ ընդամենը ուզում է բռնապետի ձեռքից վերցնել զանգվածային ոչնչացման զենքը: Բլերը նաեւ հավաստիացրել էր, թե Իրաք ներխուժման ծրագիր չկա, թեեւ այն մշակվել էր դեռ 2002թ. փետրվարից ի վեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել