Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուսաստանն էլ ճապոնացիների համար է «օկուպանտ»

Նոյեմբեր 25,2009 00:00

Երեքշաբթի օրը Ճապոնիան վերջնականապես հաստատել է սկանդալային այն փաստաթուղթը, ըստ որի, «Ռուսաստանի Դաշնությունը անօրինականորեն զավթել է» Հարավային Կուրիլները: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի փոխանցմամբ, փաստաթուղթը մշակվել է երկրի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահի հարցմանն ի պատասխան: Հանձնաժողովի նախագահը կողմ էր արտահայտվել Ճապոնիայի ակտիվ մասնակցությանը Հարավային Կուրիլներում իրականացվող տնտեսական նախագծերին: Եվ սա անգամ այն դեպքում, եթե դրա համար անհրաժեշտ լինի «ժամանակավորապես համաձայնել» կղզիների նկատմամբ Ռուսաստանի, իբր, ունեցած իրավունքների փաստի հետ:
Բայց ընդունած փաստաթղթով Ճապոնիայի կառավարությունը, ըստ էության, ամբողջությամբ մերժել է նման նախագծերի մասնակցության հնարավորությունը:
Փաստաթղթում շեշտված է. «Ռուսաստանի Դաշնությունը ապօրինաբար զավթել է հյուսիսային չորս կղզիները: Այդ իրավիճակում մեր բնակիչների այցելությունները հիշյալ կղզիներ կամ նրանց մասնակցությունը կղզիները յուրացնելու նախագծերին, որոնք իրականացվում են այդ տարածքներում ռուսական կողմի կառավարման իրավունքի շրջանակներում, չեն համապատասխանում այս հիմնախնդրի առնչությամբ մեր երկրի դիրքորոշմանը: Մենք խնդրում ենք մեր ժողովրդին՝ ըմբռնումով վերաբերվել դրան եւ համագործակցել մեզ հետ, որպեսզի մինչեւ հյուսիսային տարածքների հիմնախնդրի լուծումը՝ նման կարգի այցելություններ չլինեն»: Դեռ մայիսին ՌԴ կողմից կղզիների «անօրինական զավթման» մասին խոսել էր նաեւ Ճապոնիայի նախկին վարչապետ Տարո Ասոն, իսկ հունիսին երկրի խորհրդարանի ստորին պալատը օրենք էր ընդունել, որտեղ հիշյալ կղզիները հռչակվել էին «ճապոնական»:
Ռուսաստանի ԱԳՆ-ն այդ որոշումը անվանել է անտեղի եւ անընդունելի՝ շեշտելով, որ ճապոնական կողմի նման գործողությունները դրականորեն չեն ազդում երկկողմ հարաբերությունների զարգացման վրա: Ի դեպ, Ռուսաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնում են Ճապոնիայի բոլոր՝ ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր կուսակցությունները, որոնք պահանջում են վերադարձնել Կուրիլյան բոլոր՝ թե՛ հարավային եւ թե՛ հյուսիսային կղզիները, նաեւ Հարավային Սախալինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել