Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեր բոստանին քար են գցում»

Նոյեմբեր 25,2009 00:00

 Դպրոցը լքում են՝ տնօրենի պարտադրած ռեժիմին չդիմանալով

«Միակ բանը, որ այս դպրոցում նորմալ է՝ սնունդն է, այս կիսաքանդ դպրոցում մի կերպ մեր գոյությունը պահում ենք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց թիվ 18 հատուկ դպրոցի տնօրեն Ծովինար Գեւորգյանը՝ հերքելով վերջերս մեր խմբագրություն դիմած դպրոցի նախկին աշակերտների դժգոհությունները, թե դպրոցում երեխաներին հրամցնում են ժամկետանց սնունդ, իսկ երբեմն էլ կերակուրը չի բավականացնում: Տիկին Գեւորգյանն ասաց, որ նման խոսակցություններ տարածողներն իրենց «բոստանում քար գցողներն են», այսինքն, տնօրենի մեկնաբանմամբ, նախորդ ամիսներին դպրոցի փոխտնօրենի՝ Սմբատ Ուռումյանի դատավարության գործում ներքաշված երեխաներն են: Հիշեցնենք, որ Ս. Ուռումյանը 2008թ. նոյեմբերից կալանավայրում է՝ դպրոցի երեխաներին մուրացկանության դրդելու մեղադրանքով: Ինքը՝ Ուռումյանը, չի ընդունում իր մեղքը եւ պնդում է, թե դա Ծ. Գեւորգյանի սարքած գործն է («Առավոտ», 27 մայիսի 2009թ., «Թիվ 18 հատուկ դպրոցի ոդիսականը» եւ 05.06.2009թ., «Կաշառակերությունը չի ապացուցվել»):
Դպրոցի նախկին աշակերտ Գրիգոր Բասեյանը «Առավոտին» պատմեց, որ դպրոցում սոված մնալու եւ վատ վերաբերմունքի արժանանալու պատճառով այս տարի 8-րդ դասարանն ավարտելուց հետո ինքնակամ հեռացել է դպրոցից: Գ. Բասեյանը հավաստիացրեց, որ իր ընկերներից շատերն են նույն պատճառներով դպրոցը վերջին շրջանում լքում եւ այլ դպրոցներ տեղափոխվում: Տիկին Ծովինարն այս մասին ասաց. «Որեւէ մեկը դժգոհելու իմաստով դպրոցը չի լքել: Վերջերս ես եմ երկուսին հեռացրել, որովհետեւ նախ ընտանիք ունեին, հետո էլ իրենց ստացած նախկին դաստիարակությունը վտանգ էր ներկայացնում»:
«Առավոտի» հետ զրույցում դպրոցի նախկին աշակերտ՝ 27-ամյա Հ. Մանուկյանն էլ պատմեց, որ ինքը թեեւ վաղուց դպրոցահասակ չէ, բայց օրենքով սահմանված կարգով, որպես երկկողմանի ծնողազուրկ, իրավունք ունի դպրոցում բնակվել. «Արդեն մոտ մեկ ամիս է՝ ինձ դպրոց չեն թողնում, պատահաբար վերջերս էլ դատարանից ծանուցում ստացա, որ դպրոցը պետք է ազատեմ, բայց ես գնալու տեղ չունեմ»: Տիկին Ծովինարն այս դեպքի առնչությամբ ասաց. «Ես չեմ որոշողը, դպրոցն ունի կանոնադրություն, որի համաձայն, եթե որեւէ մեկը աշակերտ չէ, իրավունք չունի դպրոցում բնակվել: Նա արդեն ամուսնացել է ու ընտանիք ունի, ինչպե՞ս ես կարող եմ այդ ընտանիքին՝ իրենց նորածին երեխայով հանդերձ, դպրոցում տեղավորել: Այդ տղան նույնիսկ կենցաղային նորմալ պայմաններ չի կարող ապահովել»: Հ. Բասեյանի այն հայտարարություններին, թե վերջին երկու տարիներին դպրոցի տնօրենը տասնյակ ուսուցիչների է դպրոցից հեռացրել ու նրանց փոխարեն ծանոթ-բարեկամներն են աշխատանքի անցել, տիկին Գեւորգյանը մեկնաբանեց. «Այո՛, շատ ուսուցիչների եմ հեռացրել, իսկ նորերը մեր դպրոցում աշխատելու առաջին օրվանից դառնում են իմ ծանոթներն ու բարեկամները: Այս տարի, պայմանագրի ժամկետի լրանալու պատճառով, նոր պայմանագիր չեմ կապել գիշերային մեկ դաստիարակի հետ՝ իր պարտականությունները չկատարելու, երեխայից ինֆորմացիա կորզելու նպատակով գիշերները քնից արթնացնելու պատճառով»: Ծ. Գեւորգյանն ասաց նաեւ, որ նախորդ տարի աշխատանքից ազատվել է մոտ 11 ուսուցիչ. «Բոլորն էլ հեռացել են իրենց դիմումի համաձայն, չեն դիմացել այն ռեժիմին, որ ես եմ նրանց պարտադրել՝ աշխատել եւ միայն աշխատել»:
ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության պետ Խաչիկ Մուրադյանն էլ «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ վերջին երկու ամիսներին նախարարի կարգադրությամբ ստուգայցեր էին կազմակերպել բոլոր հատուկ դպրոցներում, այցերի արդյունքները դեռ ամփոփման փուլում են, եւ վերջնական արձանագրությունների մասին կարող է տեղեկատվություն տրամադրել առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել