Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԵՑՆԵԼՈՒ ԴԵՊՔ ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Նոյեմբեր 25,2009 00:00

\"\"Չնայած դրան՝ մասնագետները վստահեցնում են, որ աշակերտները դասերից բացակայում են աշխատելու պատճառով:

Հայաստանում տարեցտարի դպրոց չհաճախող կամ դասերից բացակայող երեխաների թիվն ավելանում է: Բացակայությունների հիմնական պատճառը ընտանիքների սոցիալական վատ պայմաններն ու երեխաների անհետաքրքրությունն է դպրոցական առարկաների նկատմամբ:
Ըստ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ուսումնասիրությունների՝ եթե 2002-03 թվականներին դպրոց չհաճախողների թիվը եղել է 1531, ապա 2005-ին՝ 7630: Իսկ 2006-ի տվյալներով՝ ամեն օր դպրոցից բացակայում է աշակերտների 10%-ը: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2008-09 ուստարվա սկզբին ՀՀ-ում հանրակրթական դպրոցներից դուրս է եկել 5876 երեխա, որից 2072-ը պարզապես չի ցանկացել ուսում ստանալ, իսկ 203-ը՝ սոցիալ-տնտեսական վատ պայմանների պատճառով:
Չնայած վերջին տարիների վերաբերյալ ՄԱԿ-ի ուսումնասիրությունները դեռեւս պատրաստ չեն, սակայն մասնագետները նկատում են, որ աշակերտների բացակայությունների աճի միտում կա: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթության ծրագրի ղեկավար Ալվարդ Պողոսյանի վստահեցմամբ՝ անչափահասները, հատկապես՝ բարձր դասարանի աշակերտները, թողնում են կրթությունը աշխատելու եւ ընտանիքին օգնելու համար: Տիկին Պողոսյանի խոսքերով. «Ցավոք, եթե երեխան ինչ-ինչ պատճառներով դուրս է մնացել դպրոցից, ներկայիս համակարգը թույլ չի տալիս, որ գոնե երեկոյան ժամերին երեխան ուսում ստանա՝  գիշերային դպրոցների համակարգ ներկայումս չկա»: Ա. Պողոսյանի ներկայացմամբ՝ իրենք ակտիվ աշխատում են կրթության եւ գիտության նախարարության հետ, որպեսզի հանրակրթական դպրոցներից դուրս մնացած աշակերտների համար այլընտրանքային ծրագրեր լինեն, եւ նմանատիպ խնդիրները լուծվեն:
Որպեսզի աշակերտները դպրոցից չբացակայեն, կամ ովքեր էլ հաճախում են, գոնե չքնեն դասերին, ԿԳՆ հանրակրթության վարչության պետի տեղակալ Արտակ Պողոսյանի կարծիքով՝ անհրաժեշտ է շտկել ոլորտի հիմքերը, հակառակ դեպքում որեւիցե նոր բան ակնկալելը դժվար է. «Մենք բոլորս էլ դպրոցում սիրելի ուսուցիչ ենք ունեցել ու սիրել տվյալ առարկան: Այսինքն՝ ուսուցչի մարդկային որակից էլ է կախված, թե երեխան ինչ մակարդակի հետաքրքրություն կունենա դպրոցի եւ առարկայի նկատմամբ»: Ըստ Ա. Պողոսյանի՝ ուսուցչի դերը շատ կարեւոր է, դրա համար էլ նախարարությունը խնդիր է դրել եկող տարվանից նախեւառաջ վերապատրաստել, ատեստավորել ուսուցիչներին, «որպեսզի այդ մարդիկ, դպրոց մտնելով, հասկանան ինչ անել, ինչպես աշխատել երեխաների հետ»:  «Նորարարական մեթոդներ ենք պատրաստվում մտցնել դպրոց: Դպրոցներից մեկում դա արդեն կիրառվում է: Օրինակ՝ մեծ խումբը բաժանվում է ենթախմբերի եւ տարբեր հանձնարարություններ են կատարում՝ ըստ ունեցած գիտելիքների մակարդակի: Այսինքն՝ անհատական ուսուցման պես մի բան է: Երեխան կարող է առաջ ընկնել մյուսներից, ու հետո ինքը սկսի դասավանդել իր համադասարանցիներին: Սա բավականին հետաքրքիր բան է: Միեւնույն ժամանակ պահպանվում է նաեւ ուսումնական պլանով հաստատված ժամաքանակը: Առայժմ այս մեթոդը 10-11-րդ դասարաններում է կիրառվում, եւ եթե դրական արդյունք տա, ապա նախարարությունը աչք չի փակի դրա վրա, եւ կկիրառեն այլ դպրոցներում ու ցածր դասարաններում»,- ասաց նա: Պարոն Պողոսյանը այլ օրինակ էլ բերեց, թե ինչ են պատրաստվում անել, որպեսզի երեխաների հետաքրքրությունը բարձրացնեն կրթության նկատմամբ. «2012-ին կիրառության մեջ է մտնելու ռազմավարական ծրագիր, թե ինչ պետք է անի ուսուցիչը, ինչպես վարվի երեխաների հետ, ինչ պլակատներ պետք է պատրաստի: «Հանրակրթության մասին» նոր օրենքի պահանջով կլինի նոր կարգերի ներդրում, որոնք փոխելու են մոտեցումը: Օրինակ՝ այսուհետ դպրոցում կարող է աշխատել միայն մրցույթով անցած մասնագետը: Այժմ մրցույթի կարգն ենք մշակում: Բացի այդ, նույն օրենքով ոլորտը խստացվել է: Օրինակ՝ երեխային ոչ մի դեպքում, առանց ծնողի դիմումի, դպրոցից ազատելու կամ տեղափոխելու տարբերակ նախատեսված չէ: Պատասխանատվությունը դրվել է դպրոցի վրա, որպեսզի երեխային այնպես դաստիարակի ու շահագրգռի, որ անպայման հաճախի դպրոց»: «Առավոտը» նախարարության աշխատակցից հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկում անապահով ընտանիքների երեխաներին աջակցելու ուղղությամբ, որպեսզի դպրոցից չբացակայեն: Արտակ Պողոսյանի հավաստմամբ՝ մինչեւ 4-րդ դասարան հաճախող աշակերտներին դասագրքերը տրվում են անվճար: Դպրոցի մանկավարժական խորհուրդը հաստատում է անապահով երեխաների ցանկ, ինչի հիման վրա երեխաներին դասագրքերը տրվում են անվճար: Հետաքրքրվեցինք՝ չե՞ն ցանկանում վերականգնել խորհրդային տարիների փորձը, երբ անապահով աշակերտներին անվճար հագուստ, կոշիկ, գրենական պիտույքներ եւ պայուսակներ էին տրվում, մասնագետն ասաց. «Մեր աջակցությունը դասագրքերի մասով է, իսկ հագուստի մասով երեւի թե սոցապ նախարարությունն անի»:
«Առավոտի» հետ զրույցում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երեխաների իրավունքների պաշտպանության ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանն ասաց, որ այսօր անչափահաս երեխաներն աշխատում են շինարարության ոլորտում, երթուղայինի դուռ բացող-փակող, մեքենա լվացող, խանութներում եւ տարբեր արտադրամասերում. «Ցավոք, ուսումնասիրությունից պարզվել է, որ աշխատող երեխաներին գործատուները չեն գրանցում»: Սրա պատճառն այն է, որ «Երեխաների իրավունքների մասին» օրենքով արգելվում է աշխատանքային պայմանագիր կնքել 16 տարին չլրացած երեխայի հետ, բացառիկ դեպքերում կարելի է պայմանագիր կնքել 15 տարին լրանալուց հետո՝ ծնողների համաձայնությամբ:
Աշխատանքի տեսչության պետի տեղակալ Արսեն Քամալյանի վստահեցմամբ՝ վերջին 4 ամիսներին են սկսել ուսումնասիրություն կատարել, որից հետո անչափահասներին աշխատեցնելու ոչ մի դեպք չեն արձանագրել, հետեւաբար ոչ մի գործատու էլ չի տուգանվել: Այսինքն՝ թե պայմանագրային հիմունքներով աշխատող եւ թե առանց պայմանագրի աշխատող երեխայի դեպք չի բացահայտվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել