Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՋՈՒՐ ՄԻ՜ ԼՑՐԵՔ ՕՏԱՐԻ ՋՐԱՂԱՑԻՆ

Նոյեմբեր 25,2009 00:00

\"\"Թարգմանե՞լ նոր եզրերը, թե՞ փոխառել. ահա խնդիր, որը մեր օրերում ստիպված է լուծել ցանկացած մասնագետ, գիտության նորանոր նվաճումների, նոր սարքերի եւ գործիքների, հասարակական, տնտեսական նոր հարաբերությունների մասին խոսելիս։

Կարող է թվալ, թե ճիշտը փոխառելն է. նախ դա հեշտ է եւ, դրանից բացի, փոխառելով նոր բառեր՝ լեզուն կարծես թե հարստանում է, քանի որ նրա բառապաշարը աճում է։ Որպես օրինակ սովորաբար բերում են անգլերենը, որի բառապաշարը կազմում է, իբր, մեկ միլիոն բառ (եւ գրեթե ամբողջովին՝ փոխառված), ռուսերենը, որի կրողները չեն խորշում ոչ մի օտար բառից։
Սակայն սա միակողմանի տպավորություն է։ Բանն այն է, որ նոր բառերը հանրությունը դեռ պիտի հասցնի մարսել, յուրացնել, մինչդեռ մարդն ի վիճակի չէ մշակել տեղեկույթի չափազանց մեծ հոսք. դա գիտական փաստ է։ Գոյություն ունի նաեւ հայտնի «Օքամի ածելին», որն արգելում է հասկացությունների եւ դրանց համապատասխանող եզրերի չհիմնավորված աճը։ Այլապես այդ կարգի «փոխառյալ», իսկ ավելի ճիշտ՝ օտար (այսինքն՝ որպես օտարաբանություն ընկալվող) բառերը տվյալ լեզուն կրողների մեծ մասի համար կմնան որպես գրեթե չըմբռնվող ծածկագրեր։ Այսպես, նույն այդ ռուսերենի կրողները դժգոհում են, որ այսօր սեփական լեզուն իրենց համար անհասկանալի է դարձել։ Այդ մասին ահազանգում են լեզվաբաններն ու քաղաքական գործիչները, այդ երեւույթը քննադատում են երգիծաբանները, բայց ապարդյուն, քանի որ ռուսաց լեզվի կրողների վերնախավում վերացել է ինքնապաշպանական բնազդը։ (Գուցե դա այն պատճառով է, որ այդ վերնախավի ներկայացուցիչներից շատերի համար ռուսերենն իրականում մայրենի եւ մանավանդ ազգային լեզուն չէ՞։)
Ինչեւէ։ Սա իրենց խնդիրն է։ Ինչ վերաբերում է հայոց լեզվին, ապա մեր լեզուն, ի թիվս մի շարք այլ լեզուների՝ հունարենի, ֆիններենի, հունգարերենի, իսլանդերենի, արաբերենի, պարսկերենի եւ այլն, պատկանում է իր անաղարտությունը պաշտպանողների շարքին (նման լեզուները համաշխարհայնացման կողմնակիցները ծաղրելով անվանում են «մաքրամոլական»)։ Հայոց լեզվի կրողների զգալի մասն ունի իր լեզվի մաքրության պահպանման բնազդը։ Սակայն հայոց լեզուն ռուսերենի ճանապարհով տանելու կողմնակիցները դեռ չեն կորցրել հաղթելու հույսը եւ, ինչպես ցանկացած պատերազմում, այստեղ նույնպես, հօգուտ օտարի (այսինքն՝ անարդար նպատակների համար) մարտնչողները չեն խորշում ոչ մի հնարքից՝ ամրապնդելու համար իրենց դիրքերը։
Հիմնական միջոցներն են.
ա. քարոզչությունը, այդ թվում՝ հասարակության ապատեղեկացումը եւ մոլորեցումը,
բ. այլ երկրների ապազգային ուժերի օգտագործումը։
Ինչ վերաբերում է երկրորդ մարտավարությանը, ապա դա առանձին հոդվածի նյութ է։ Նշեմ միայն, որ խորհրդային տարիներին օգտագործվում էր մոսկովյան իշխանությունների քաղաքական ճնշումը, իսկ այժմ խոսքը վերաբերում է հիմնականում անգլերեն բնագրերի (հատկապես՝ համակարգչային ոլորտի) հեղինակային իրավունքների կրողների՝ այս կամ այն բառը չթարգմանելու (լատինագիր թողնելու կամ տառադարձելու) պարտադրանքին։ Դա արվում է՝ վկայակոչելով նույն այդ հեղինակային իրավունքները, մասնավորապես տվյալ բառը որպես ապրանքային նշան գրանցված լինելը, կամ հիմնավորելով դա իրենց առեւտրային շահերով. իբր հայ հասարակության լայն շրջանների համար տվյալ նյութը կարող է անհասկանալի լինել, եթե այս կամ այն բառը հայացվի, այլ ոչ թե տառադարձվի։ Օրինակ՝ ենթադրվում է, որ «սերվեր», «լիցենզիա», «ինտերվալ», «դեֆոլթ», «ինտերֆեյս» բառերը հայը, իբր, կհասկանա, իսկ դրանց համարժեք «սպասարկիչ», «թույլտվություն», «միջոց», «լռելյայն», «միջերես» բառերը չի հասկանա։ Եվ այդ թյուրիմացությունը կատարվում է Լեզվի տեսչության՝ այս գործընթացից ինքնամեկուսացման պայմաններում, որը հանդուրժում է այլերկրյա ուժերի միջամտությունը մեր լեզվական քաղաքականությանը։
Քարոզչության մարտավարությունն իր առանձին ձեւերն ունի՝ սկսած հեգնանքից ու ծաղրանքից, վերջացրած գիտական տվյալների կամայական մեկնաբանությամբ՝ համեմված ապագայի մասին վերացական ենթադրություններով։ Այսպես, ստեղծվել են մի քանի զավեշտական հեքիաթներ, թե իբր հայոց լեզվի անաղարտության կողմնակիցները առաջարկում են ասել «երկարակլորախմորածակ»՝ մակարոնի փոխարեն, «օրիորդապնդիչ»՝ ջենտլմենի փոխարեն եւ այլն։ Եվ, ինչ խոսք, այս լկտի զավեշտները երբեմն տպավորություն են թողնում առարկայից անտեղյակ մարդկանց վրա։
Քիչ ավելի ծանրակշիռ հեղինակները հեգնում են նախարար, համակարգիչ, մշակույթ, համացանց եւ նման այլ՝ վաղուց արդեն լայնորեն կիրառվող բառերը՝ պնդելով, որ կիրառելով այս կարգի բառեր՝ մենք, իբր, մեկուսանում ենք համաշխարհային առաջընթացից։
Սակայն ամենավտանգավորն է գիտական տվյալների խեղաթյուրումը եւ ազգի ապատեղեկացումն ու հոգեբանական մշակումը գիտության վկայակոչմամբ։ Գիտնականները երբեմն չեն էլ նկատում, թե ինչպես են ընկնում ծուղակը եւ իրենց աշխատություններով ջուր լցնում ապազգային ուժերի ջրաղացին։
Վերջերս լույս է տեսել փորձառու եւ հարգարժան հեղինակների՝ Լ. Եզեկյանի, Ռ. Սաքապետոյանի, Ա. Սարգսյանի հայոց լեզվի դասագիրքը։ Եվ ահա «Փոխառություններ» բաժնում կարդում ենք. «Ըստ Հ. Աճառյանի հաշվումների՝ հայերենի շուրջ 11 հազար արմատներից փոխառյալ է 4015-ը»։ Եվ հետո. «Հայերենն ամենաշատ փոխառություններ է կատարել պարսկերենից, որոնց թիվը հասնում է 1410-ի» եւ որ եւս 900 բառ փոխառված են հունարենից, 700-ը՝ արաբերենից։ Թվում է, թե պարզապես բերված են անաչառ գիտական տվյալներ։ Սակայն որքա՛ն ազդեցիկ թվեր են։ Ստացվում է, որ հայոց լեզվի արմատների շուրջ 40%-ը փոխառյալ է։ Պարզ է, որ ցանկացած ոչ մասնագետ կարող է մտածել, թե փոխառություն կատարելը հայոց լեզվի դեպքում սովորական մի բան է։ Եվ եթե նախկինում դա արվել է, ապա ինչո՞ւ նույնը չանենք նաեւ հիմա։ Ահա ձեզ՝ լեզուն օտարաբանություններով աղտոտելու «գիտական» հիմնավորում։ Այսպես աննկատ կերպով դպրոցականները (հետն էլ նրանց ծնողները) ենթարկվում են հոգեբանական մշակման։ Մինչդեռ Աճառյանի ուսումնասիրությունների այս կարգի ներկայացումը վաղուց արդեն արդարացիորեն քննադատվել է։ Այդ մասին գրել են Ռ. Իշխանյանը, Ա. Սուքիասյանը։ Այսպես, վերջինիս «Ժամանակակից հայոց լեզու» գրքում հատուկ նշվում է, որ վերոհիշյալ 4000 փոխառություններից ներկայիս հայերենում մնացել է (այսինքն՝ յուրացվել է) սոսկ 1000-ը, մինչդեռ մնացած փոխառությունները «վերադարձվել են» իրենց տերերին։
Խնդիրն ավելի լավ պատկերացնելու համար վերցնենք Հ. Աճառյանի «Հայոց լեզվի արմատական բառարանը» եւ փորձենք ծանոթանալ այդ փոխառություններից մի քանիսին։ Ստորեւ բերված են առաջին հատորի առաջին 120 էջերում պարունակվող փոխառությունների մի շարք օրինակներ.
պահլավերենից՝ ախտարմոլ, ահոկ, անգար, անդաճել, անխուէշքարէ, անջիման,
պարսկերենից՝ աթաշփարիստ, անգահ, անգուժատ, անձրութ, անճիրիտամ, անճորա,
արաբերենից՝ այալուսան, ադադ, ադարոր, ադեմ, աթխար, աթունի, ալաժահրի, ալատնի, ալափ,
եբրայերենից՝ աբ, աբբանա, աբբոկ, ագանովթ, ադադռոամթով, ադար, ակեղդամայ, ակքան,
հունարենից՝ ագոն, ակառն, ակար, ակողութ, աղարիկոն, աղեկատ,
ասորերենից՝ աթութայ, աղան եւ այլն։
Կարծում եմ՝ այս ցուցակը նույնպես տպավորիչ է։ Հազիվ թե նույնիսկ բանասիրական կրթություն ստացածներից շատերը առանց բառարանի օգնության կարողանան բացատրել բերված բառերից գոնե մի քանիսի իմաստները։ Թե ինչ բան է, օրինակ, անխուէշքարէ կամ ադադռոամթով։ Սակայն նշված «4015» բառերի հիմնական մասը կազմում են հենց այս կարգի «փոխառությունները»։ Ոչ, Հրաչյա Աճառյանը չի սխալվել, եւ նա մեղավոր չէ, որ իր փայլուն աշխատությունը ներկայումս օգտագործվում է ի վնաս հայոց լեզվի։ Պարզապես նա իսկական գիտնականին վայել բծախնդրությամբ հավաքել է բոլոր այն բառերը, որոնք երբեւէ կիրառվել են մեզ հասած գրավոր աղբյուրներում։ Սակայն այդ բառերը տարբեր հաճախություն ունեն, սրանց զգալի մասն առհասարակ կիրառվել է մեկ կամ երկու անգամ։ Եվ չկա ոչ մի ապացույց, թե դրանք երբեւէ գործածվել են բանավոր խոսքում։ Կամ գուցե գործածվել են որպես օտարաբանություններ, մինչեւ որ դուրս են մղվել հայերեն համարժեքներով։
Ի դեպ, երկու էջ անց հեղինակներն իրե՛նք են մի փայլուն օրինակով բացատրում այդ երեւույթը, նկատելով, որ Էդ. Աղայանի 1975 թ. «Արդի հայերենի բացատրական բառարանում» ընդգրկված բազմաթիվ (շուրջ 20 հազար) օտար բառեր այսօր չեն գործածվում եւ փոխարինվել են դրանց հայերեն համարժեքներով։ Դեռ 20-30 տարի առաջ կիրառվող ռեսպուբլիկա, մինիստր, պրեզիդենտ, տելեվիզոր եւ նման այլ բառերի տեղը զբաղեցրել են հանրապետություն, նախարար, նախագահ, հեռուստացույց բառերը։ Կարելի՞ է արդյոք ասել, թե այսօր հայերենում կան մինիստր կամ տելեվիզոր բառերը։ Ոչ, իհարկե։ Կարելի՞ է դրանք գոնե փոխառություն համարել։ Կրկին՝ ոչ։ Դրանք սոսկ օտարաբանություններ են, քանի որ միշտ էլ ունեցել են հայերեն համարժեքներ։ Պարզապես այսօր դրանք վերջնականապես դուրս են մղվել գրական հայերենից։
Բնականաբար, կան օտարալեզու բառեր, որոնք այնպես են ներառվել հայոց լեզվի բառապաշարում, որ միջին (ոչ լեզվաբան) հայի մտքով հաճախ չի էլ անցնում, թե դրանք փոխառություններ են, օրինակ՝ րոպե, դրամ, հրապարակ, հրահանգ, բաժակ, բագին, երշիկ եւ այլն։ Այս կարգի բառերի դեպքում կարելի է խոսել արդեն դրանց ոչ թե փոխառված, այլ՝ յուրացված լինելու մասին։ Սակայն դա կատարվել է դարերի ընթացքում, աստիճանաբար եւ միանգամայն առանց պարտադրանքի։ Պարզապես այս բառերը հարմար են եղել հայոց լեզվին թե՛ իմաստային եւ թե՛ հնչյունական տեսակետներից։
Հարց է առաջանում. իսկ ո՞ր բառերն են այդ դեպքում կազմում տվյալ լեզվի բառապաշարը։ Տրամաբանական է բառապաշարի մեջ ընդգրկել կրողների կողմից գործածվող բառերի կայուն մասը միայն, որն ընդգրկում է բնիկ եւ յուրացված բառերը։ Այսպես, լայնորեն կիրառվում են էներգիա, ռադիո, տրակտոր, ստանդարտ, էկրան եւ նման այլ բառեր, սակայն հայոց լեզվի ցանկացած կրող գիտակցում է դրանց ոչ հայկական լինելը, եւ դրանք ցանկացած պահի կարող են դուրս մղվել թարգմանական տարբերակներով։
Մյուս կողմից՝ կան բառեր, որոնք գուցե երբեւէ չեն գործածվել եւ չկան ոչ մի բառարանում, սակայն դրանց հայկական լինելը կասկած չի հարուցում, օրինակ. աթոռաշինություն, քթակապ, գրչապիղծ, գնդակույտ, հեքիաթագիտություն եւ այլն։ Սրանք կարող են երբեւէ չգործածվել նաեւ ապագայում, եթե կարիք չլինի խոսել այն առարկաների կամ երեւույթների մասին, որոնք դրանք կարող են նշանակել, բայց եթե նման խնդիր առաջանա, այս բառերն անմիջապես «կկենդանանան»։
Նման քանի՞ բառ կարող է գոյություն ունենալ հայերենում։ Այլ կերպ, ինչպիսի՞ն է հայոց լեզվի բառակազմական հզորությունը։ Եթե վերցնենք հայոց բառապաշարի առնվազն 5000 զուտ հայկական (այսինքն՝ միայն հայերենում դիտվող) արմատները եւ մոտ 1000 բնիկ հայկական համարվող (այսինքն՝ հնդեվրոպական նախալեզվից անմիջականորեն հայերենին անցած) արմատները, ապա համակցությունների տեսության բանաձեւերի օգնությամբ կարող ենք հաշվել, որ միայն երկարմատ բառերի դեպքում դրանցով կարելի է կազմել մոտ 36 միլիոն բարդ բառեր։ Եթե դրանց հավելենք նաեւ առնվազն 10 նախածանցների եւ մոտ 100 գործածական վերջածանցների միջոցով լրացուցիչ իմաստային տարբերակներով բառերը, թիվն այդ կկազմի 36 միլիարդ հնարավոր նոր բառ։ Դրանից բացի, եթե հիշենք, որ դեռ հնարավոր են նաեւ եռարմատ բառեր, օրինակ՝ զարդաքանդակագործ, մանրէաջնջում, ներքնածորագետ եւ այլն, եւ նույնիսկ՝ քառարմատ, օրինակ՝ հեռուստալուսահամայնապատկեր, մանրէակենսաբանություն եւ այլն, ապա տեսականում հնարավոր հայերեն բառերի թիվը (միայն զուտ հայերեն արմատներից կազմված) կանցնի առնվազն 200 տրիլիոնի եւ նույնիսկ՝ կվադրիլիոնի շեմը (քառարմատների դեպքում)։ Էլ ուր մնաց անգլերենի մեկ միլիոնանոց խղճուկ բառապաշարը, որի միլիոներորդ բառն է, չզարմանա՛ք, Web2.0։ Եթե որպես բառեր կարող են դիտվել նաեւ թվանշաններով կազմված տառակապակցությունները, ապա մենք կարող ենք որպես բառ դիտարկել նաեւ, օրինակ, Արարատ-73 կամ Երեւան-2750 տիպի արտահայտությունները, ինչը հայոց բառապաշարի ներուժային հնարավորությունները կհասցնի աստաբաշխական աստիճանների։
Բնականաբար, այս թվերը միանգամայն տեսական են եւ բերված են՝ սոսկ ցուցադրելու համար հայոց լեզվի ահռելի եւ, ըստ էության, անսպառ հզորությունը (որը, ի դեպ, ունի ոչ միայն հայերենը, այլեւ շատ ուրիշ լեզուներ. այլ հարց է, թե դրանց կրողները ցանկություն ունե՞ն զարգացնելու իրենց լեզուն՝ օգտվելով այդ հնարավորությունից, թե՞ ոչ)։
Վերջում ուզում եմ մեջբերել նույն հեղինակների այն միտքը, որի հետ դժվար է չհամաձայնել. «…մինչեւ ազգային համարժեք ձեւերի ստեղծումը՝ ժամանակավորապես գործածվում են որոշ փոխառություններ, որոնք հետագայում՝ համարժեք ձեւերի ստեղծումից հետո, վերածվում են օտարաբանությունների (ինչպես՝ տելեվիզոր, կոսմոնավտ, վիդեո եւ այլն)»։ Ցավոք, ինչպես նկատվեց վերեւում, մեր օրերում հայոց լեզվի զարգացման այդ բնական ընթացքը հաճախ արհեստականորեն խոչընդոտվում է ներքին եւ արտաքին ապազգային ուժերի կողմից, եւ հասարակությունը պիտի կարողանա արժանի հակահարված տալ նման դրսեւորումներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հասմիկ Ղազարյան says:

    Իսկ ո՞վ է այս հոդվածի հեղինակը։

    • Հարգելի Հասմիկ, «Առավոտի» արխիվներն իրար միացնելուց հետո ինչ-ինչ տվյալներ կորել են, եւ սա մասնավորապես այդ դեպքն է: Հեղինակի՝ կողքը նշված անունը կորել է չորս տարի առաջ հրապարակված այս հոդվածում:

Պատասխանել