Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որ մուրացիկ եւ անվկայական երեխաներ չլինեն

Նոյեմբեր 25,2009 00:00

Արմավիրում ճշտում են երեխաների մասին տեղեկությունները

Արմավիրի մարզում մուրացկան ու թափառաշրջիկ երեխաների հազվադեպ կարելի է հանդիպել: Մարզային եւ համայնքային իշխանությունների ու ոստիկանության համատեղ միջոցառումների արդյունքում նման երեխաները վաղուց արդեն հայտնաբերվել ու բարոյա-խրատա-դաստիարակչական աշխատանքներից հետո վերադարձվել են ընտանիքներին:
Մուրացկան երեխաներ Էջմիածնում հայտնվեցին հատկապես ետերկրաշարժյան տարիներին եւ «աշխատավայր» ընտրեցին եկեղեցիներով հարուստ հոգեւոր մայրաքաղաքի վանքերի մատույցները: Տարիների ընթացքում, սակայն, այս երեխաները լքեցին Էջմիածինը՝ «բիզնեսը» տեղափոխելով մայրաքաղաք: «Ներկա դրությամբ մարզում անօթեւան երեխաներ չկան»,- ասում է Արմավիրի փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը: Ինչպես այլ մարզերում, Արմավիրի մարզպետարանում էլ կա երեխաների իրավունքների պաշտպանության բաժին, որ կապի մեջ է համայնքապետերի հետ եւ ստեղծել է տեղեկատվական բազա՝ յուրաքանչյուր համայնքի փոքրիկ բնակիչների մասին: Ներկայումս բաժինը փորձում է ճշտել ծննդյան վկայական չունեցող եւ դպրոց չհաճախող երեխաների թիվը: Վիճակը մտահոգիչ է հատկապես գյուղական համայնքներում:
Արմավիրի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մարինե Հովակիմյանի ասելով՝ դպրոց չհաճախող երեխաներ եղել են ուսումնական տարվա սկզբում՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, որոնց խնդիրը, սակայն, որեւէ կապ չի ունեցել նրանց սոցիալական վիճակի հետ: «Երկու-երեք հոգի էին, որոնք դպրոց չէին գնում հաշմանդամության պատճառով: Մեր միջամտությամբ այդ երեխաների ուսումնառության հարցը լուծվեց ուսուցիչների՝ նրանց տները հաճախելու տարբերակով»,-ասաց Մ.հավակիմյ:
Երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը այսօր համայնքապետերի տրամադրած տվյալներով կազմում է ծննդյան վկայական չունեցող երեխաների ցուցակները: Թե այսօր քանի նման երեխա կա, բաժնի ղեկավարը դժվարացավ պատասխանել՝ աշխատանքները ընթացքի մեջ են: Մարզի 97 համայնքներից միայն 69-ն է մարզպետարանին ներկայացրել ծննդյան վկայական չունեցող եւ հանրակրթությունից տարբեր պատճառներով դուրս մնացած երեխաների մասին տեղեկանք՝ այն էլ ոչ ամբողջական։
Գյուղական բնակավայրերի բնակիչների սովորույթին՝ ծննդյան վկայական ստանալ նորածնին տուն բերելուց տեւական ժամանակ անց, գումարվել է ծննդյան վկայականի համար վճարի «վախը»: Մինչեւ «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված փոփոխությունը՝ ծննդյան վկայականի համար 1000 դրամ պիտի վճարվեր: «Հիմա այդ պետական տուրքն էլ չկա: Եթե մինչ այդ 1000 դրամ էին մուծելու, հիմա 100 դրամով ծննդյան վկայական կհանեն: Այդ մասին քանիցս տեղեկացրել եմ համայնքների ղեկավարներին, որպեսզի նրանք էլ տեղյակ պահեն իրենց բնակիչներին, որ չասեն, թե ծննդյան վկայական չեն հանում փողի պատճառով»,- ասաց երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պատասխանատու Մարինե Հովակիմյանը:
Դեպքեր էլ կան, երբ ծննդյան վկայական չունենալու պատճառը ծնողներից մեկի այլ երկրի քաղաքացիություն ունենալն է. սա արդեն երկար ու տեւական աշխատանք է պահանջում, որը մեծապես կախված է ընտանիքի ֆինանսական հնարավորություններից:
Արմավիրի փոխմարզպետ Լարիսա Մուրադյանն էլ ասաց, որ համայնքապետերը հանձնարարականներ են ստացել ու պիտի այնպես անեն, որ երեխաների ծննդյան վկայականները ձեռք բերվեն առանց քաշքշուկների եւ մաղարիչի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել