Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՀՍՏԱԿՈՒԹՅԱՆ

Նոյեմբեր 25,2009 00:00

\"\"Ըստ տարածքային կառավարման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանի՝ «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նախագիծը դոտացիաները ավելի հասցեական կդարձնի, իսկ համայնքապետերը պետք է կատարելագործեն իրենց ունակությունները:

Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինները ձեւավորվել են 1996 թվականին, եւ ընդամենը երկու տարի անց՝ 1998 թվականին ընդունվել է «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքը: Ֆինանսական համահարթեցումը տեղական ինքնակառավարման հիմնական սկզբունքներից մեկն է, ըստ որի՝ հաշվի առնելով համայնքի ֆինանսական կարողությունների եւ ծախսային կարիքների օբյեկտիվ տարբերությունները՝ մարզկենտրոնից եւ մայրաքաղաքից համայնքի հեռավորություն, բարձրադիրություն, տրանսպորտային մատչելիություն եւ այլն, պետությունը համահարթեցնում է նշված կարիքները: Այսօր ՀՀ Ազգային ժողովում քննարկվում է «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նախագիծը, որը տարածքային կառավարման նախարարության առաջարկությամբ ներկայացրել է ՀՀ կառավարությունը: ՀՀ ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին խնդրեցինք ներկայացնել նոր օրենք ընդունելու անհրաժեշտությունը:
«Տեղական ինքնակառավարումը եւ ինքնուրույնությունը չի նշանակում ոչ կապվածություն: ՏԻՄ-ը հասարակական կարեւոր ինստիտուտ է եւ հասարակությունը, ի դեմս պետության, պատասխանատու է դրա համար, ուստի պետական բյուջեից ամեն տարի գումար է առանձնացվում ՏԻՄ-երին հատկացնելու համար»,- բանաձեւեց Վաչե Տերտերյանը: Ըստ մեր զրուցակցի՝ ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրված գումարները՝ դոտացիաները, սկզբունքորեն տարբերվում են նպատակային սուբվենցիաներից: «Դոտացիայի տրամադրման ժամանակ պետությունը չի ասում՝ ինչի վրա ծախսել: Եթե պիտի ասենք, էլ ինչո՞ւ ենք տալիս համայնքին՝ պետությունը կծախսեր: Եթե պետությունը պիտի հետեւի, էլ ինչի՞ համար է ՏԻՄ-ը: Դոտացիան տրվում է տեղական բյուջեն համալրելու համար: Դոտացիան ծախսվում է նույն նպատակներով, ինչ ՏԻՄ բյուջեն»,- ասաց պարոն Տերտերյանը: Ըստ նրա, 1998 թվականին ընդունված «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքը սկսել է արդյունավետ եւ լավ աշխատել 2000 թվականից: Մինչ այդ՝ դոտացիաները տրվում էին անկանոն, դրանից հետո 100%-ով՝ ամեն եռամսյակին հավասարաչափ դրամագլուխներով: Բայց «Ֆինանսական համահարթեցման մասին» գործող օրենքում համայնքին տրվող գումարները հաշվարկում են երկու գործոնով՝ համայնքի եկամտային ունակություն եւ համայնքի բնակիչների թիվ: «Շնորհակալ ենք գործող օրենքին, գոհ ենք օրենքի արդյունքից, այս օրենքի շնորհիվ ձեւավորվեց դոտացիաները թափանցիկ հաշվելու եւ տրամադրելու կուլտուրա»,- նկատեց մեր զրուցակիցը: Բայց մեկ-երկու գործոնը չեն կարող համայնքների տարբերության ամբողջական պատկերը ձեւավորել, ու նոր նախագծում գործոնները ավելի շատ են. բացի նշվածից՝ նաեւ համայնքի ժողովրդագրական վիճակը, համայնքի պետական տուրքերը, համայնքում բնակավայրերի թվաքանակը եւ այլն, ինչը դոտացիաների բաշխման տրամաբանությունը դարձնում է ավելի արդարացի եւ ընդունելի: 12 էջանոց նախագծի 10 էջը կամ 21 հոդվածից 14-ը բանաձեւեր են ու գործակիցներ՝ մաթեմատիկական բարդ հաշվարկներ: «Եթե ուզում ենք կոնկրետ, հստակ տարբերություններ, պիտի բարդ բանաձեւերով հաշվենք, հակառակ դեպքում կարող ենք մեկ նախադասությամբ գրել՝ սա դաշտային գյուղ է, սա՝ լեռնային, ճիշտ այնպես, ինչպես կարելի է ասել. նա կին է, նա՝ տղամարդ: Հստակության համար բարդ բանաձեւեր են պետք, հենց բարդության հաշվին կկարողանաս հազար կնոջից զանազանել մեկին, մեր պարագայում՝ համայնքներին տրամադրվող գումարները ավելի հասցեական կլինեն: Իրականում մենք վերցրել ենք պարզագույն ցուցանիշներ, որոնք վստահելի են, մատչելի, կշռելի, չափելի եւ որոնք կասկած չեն հարուցում: Օրինակ՝ համայնքում բնակավայրերի քանակը, համայնքի բնակիչների թիվը, համայնքի հեռավորությունը մայրաքաղաքից եւ այլն»,- հայտարարեց Վաչե Տերտերյանը:
Եվ տարածքային կառավարման նախարարությունը, եւ պետական այլ կառույցներ առանձնապես գոհ եւ բավարարված չեն համայնքապետարաններում վարչարարությունից եւ հավանական է, որ բարդ բանաձեւերով օրենքը համայնքապետերի համար կդառնա գլխացավանք, եւ նրանք կաշխատեն հեռու մնալ այդ օրենքից: Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ Վաչե Տերտերյանը նկատեց, որ մեր համայնքապետերը պետք է սովորեն եւ վաղ թե ուշ պիտի կարողանան իրենց համար հաշվարկներ կատարել: «Այս օրենքը օգտագործվում է տարեկան մեկ անգամ՝ բյուջեի նախագիծը կազմելիս: Գյուղապետը պետք է կարողանա հաշվել՝ պետությունը ճի՞շտ է բաժանել իր հասանելիք դոտացիան: Կեսկատակ-կեսլուրջ նկատեմ, որ բոլոր գյուղերում էլ կան մաթեմատիկայի ուսուցիչներ եւ մաթեմատիկայից աչքի ընկած բարձր դասարանի աշակերտներ: Մենք էլ սեմինարներ, դասընթացներ, ձեռնարկներ կունենանք: Եթե գյուղապետը չի կարող, կլինեն հասարակական ինստիտուտներ, որ կօգնեն»,- հայտարարեց Վաչե Տերտերյանը:
Նոր մոտեցման կիրառման արդյունքում մի շարք համայնքներ կստանան գործող օրենքով հաշվարկվող դոտացիայից քիչ գումար, բայց «սա նույնն է, որ հարուստ խավի հաշվին լուծես սոցիալապես անապահով խավի խնդիրը: Ոչ մի դրամ համակարգից դուրս չի գալու: Համայնքներին դոտացիա նույն գումարն է բաժանվելու: Այսօր հեշտ բաժանում ենք, բայց խոսակցություններ են լինում: Մենք նպատակային գումար ենք տալիս եւ ուզում ենք ավելի հասցեական լինի»,- ամփոփեց Վաչե Տերտերյանը:

Հ. Գ. ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ էլ է ներկայացրել կառավարություն, որի ընդունման պարագայում ավագանիները պարտավոր կլինեն քննարկել ՀՀ վերահսկիչ պալատի ուսումնասիրության արդյունքները: Այս թեմայի շուրջ Վաչե Տերտերյանի պարզաբանումները՝ վաղվա «Առավոտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել