Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ տեսակցությունը՝ ստուգվում են

Նոյեմբեր 25,2009 00:00

«Խոզագրիպն» ազատ-անազատ չի հարցնի

57-ամյա Ռիմա Համբարյանը համեմունքներ ու սխտոր է վաճառում Վանաձորի «Լաչինի միջանցք» կոչվող շուկայում:
«Նոյեմբերի սկզբից սխտորի գինը 700 դրամից դարձավ 1000-1500 դրամ: Անցած տարի այս նույն ժամանակ սխտորը վաճառել եմ 500 դրամով: Գինն էլ, վաճառքն էլ երկու անգամ ավելացել են»,-ասաց նա:
Սխտորի թանկացումն ու պահանջարկի կտրուկ աճը վաճառողուհին պայմանավորում է Հայաստանում AH1N1 վիրուսի կամ «խոզագրիպի» արձանագրված դեպքերի հետ: «Էն օրը մեկը եկավ, 5կգ սխտոր տարավ, բայց ամիսներով չէին առնում»,-շարունակում է նա:
2009թ. հոկտեմբերի 17-ի տվյալներով, աշխարհում գրանցված են 414 հազար «խոզագրիպի» հաստատված լաբորատոր դեպքեր, որոնցից 5000-ը՝ մահվան ելքով:
Ինչպես Վանաձորի բոլոր հաստատություններում, այնպես էլ քրեակատարողական հիմնարկում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ, որպեսզի վարակը չներխուժի պատերից այն կողմ: «Դեզինֆեկցիա ենք արել, դռան բռնակները քլորոֆորմի լուծույթով ախտահանված, վիրակապով փաթաթված են: Սննդամթերքը խիստ հսկողության տակ է»,- հեռախոսազրույցի ժամանակ ասաց «Վանաձոր» ՔԿՀ պետի տեղակալ Գեւորգ Մկրտչյանը: Չնայած հիմնարկում կատարված կանխարգելիչ միջոցառումներին՝ իրենց ազատազրկված բարեկամներին այցի գնացած քաղաքացիները չեն էլ անհանգստանում «խոզագրիպի» վտանգներից: «Ի՞նչ «խոզի գրիպ»: «Խոզի գրիպ» չկա: Պատվաստում են, որ մարդիկ երեխա չունենան»,- ասաց այցելության գնացած մի քաղաքացի, ով չնշեց իր անունը:
Ազատազրկվածներին այցելելիս քաղաքացիները պարտադիր բուժզննման են ենթարկվում: «Տեսակցություններն ավելի են խստացվել. մինչ ներս մտնելը բժիշկը ստուգում է՝ ներս թողնի՞, թե՞ ոչ: Եթե գրիպի ախտանշաններ կան, չենք թույլատրում»,- շարունակում է Գեւորգ Մկրտչյանը: Այցելուներն իրենց հարազատներին այժմ էլ տանում են այն, ինչ կարողանում են: «Ոչ մի տարբերություն էլ չկա, ինչ կարողանում, այն էլ տանում ենք: Հայաստանի գները թույլ չեն տալիս, որ շատ բան տանենք, «խոզագրիպի» մասին չենք էլ մտածում»,- ասաց այցելության գնացած մեկ այլ քաղաքացի, որ նույնպես չհայտնեց իր ով լինելը: Ազատազրկվածները տաք հագուստի կարիք չունեն. «Վանաձոր» ՔԿՀ-ն ջեռուցվում է:
Վանաձորի դեղատներում վիտամինների գներն առանձնապես չեն բարձրացել, պահանջարկն էլ նույնն է մնացել: «Միայն դիմակների պահանջարկն է մեծացել»,- նշեց թիվ 1 դեղատան աշխատակցուհին:
Եթե տիկին Ռիման սխտորի պահանջարկի մեծացումը «խոզագրիպի» տարածման հետ է պայմանավորում, ապա 48-ամյա Նելլի Պապյանը այդպես չի կարծում. «Էս տարի խոնավ ա եղել, սխտորը հոտել ա, քիչ ա: Պահանջարկն էլ «խոզագրիպի» հետ կապ չունի»:
Նելլիի կարծիքով շատերը դեռ ամռանը՝ սխտորի էժան ժամանակ են գնել, այդ պատճառով հիմա կես կգ-ից ավելի չեն գնում: Բայց որ սխտորի գինը թանկացել է, ոչ ոք չի ժխտում, իսկ ահա ցիտրուսային մրգերի ոչ գինն է կտրուկ աճել, ոչ էլ՝ պահանջարկը:
Հայաստանում «խոզագրիպով» կասկածվողների թիվն արդեն 25-ի է հասել, իսկ «տամիֆլյու» դեղամիջոցը Վանաձորի դեղատներում, իրենց իսկ աշխատակիցների տվյալներով, կհայտնվի եկող հունվարից, այն էլ հարց է՝ ինչ գնով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել