Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՈՒՄԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ԴԱՍԻ ՉԵՆ ԳՆԱ

Նոյեմբեր 25,2009 00:00

«Տէցի կռուգի» երեխաների մանկությունը

\"\"Արցախի փողոցի 4-րդ նրբանցքում է գտնվում նախկինում գործող 5-րդ ուսումնարանի մասնաշենքը: Այստեղ, ինչպես նաեւ նույն նրբանցքի 8, 10, 10/1 եւ 10/2 շենքերում ապրում են 93 դպրոցահասակ երեխաներ:
Նրանք ավտոբուսով ամեն օր հաճախում են 10 կմ հեռավորության վրա՝ թիվ 60 դպրոցը: Երեխաների վերադարձի համար հաճախ 100 դրամ գումարն էլ չի լինում, եւ ծնողները հաճախ գումարի պատճառով (38 երթուղային տաքսին միայն կարող է այդ գծով սպասարկել երեխաներին) նրանց դպրոց չեն կարողանում ուղարկել:
Բնակիչները, ինչպես «Առավոտին» տեղեկացրեց Շենգավիթի թաղապետարանի լիազոր-ներկայացուցիչ Հովիկ Հարոյանը, դիմել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, բարեգործական կազմակերպություններին, սոցիալական աջակցության հիմնադրամներին, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռ. Հայրապետյանին: Նրանք խնդրել են, որպեսզի իրենց \"\"հաշվառեն ընտանեկան նպաստի ցուցակներում, ստանան դրամական աջակցություն, կառուցվի շենքերի միջեւ գտնվող ֆուտբոլի դաշտը:
Ի դեպ, նշենք, որ այդ նույն ավտոդողերի գործարանի թիվ 5 հանրակացարանում բնակվում է նաեւ 1988-1992թթ. ներգաղթած 15 փախստական ընտանիք: Հանրակացարանի սպասարկումը կատարվել է գործարանի կողմից, որը 3 տարի առաջ սնանկ է ճանաչվել: Հանրակացարանը մնացել է առանց վերանորոգման:
Բնակիչներն ապրում են սոցիալական ահավոր պայմաններում:
Նրանք չգիտեն՝ ինչ է լվացարանը, երեխաների հետ օգտվում են շենքից դուրս գտնվող միակ լվացարանից: Տներում, ուր մտանք, վառում են՝ ինչ ձեռքերն ընկնի:
\"\"Վեց երեխաների մայր Պայծառ Մանուչարյանն ասաց, որ իր երեք երեխաները սովորում են 2-րդ դասարանում: Նա չի աշխատում: Ամուսինը վարորդ է, եւ այս ընտանիքը հազիվ «ծերը ծերին է հասցնում»: «Փարոսում» ընդգրկված չեն, քանի որ երեխաներից 3-ը չունեն ծննդյան վկայականներ: Բազմազավակ երեխաների մայրն ասաց, որ երեխաները հաճախում են Ավան համայնքի դպրոց, եւ տրանսպորտի գումարը հոգացել է դպրոցը: Սակայն երեխաները հագուստ են ուզում, կոշիկ, տարրական պայմաններն այս ընտանիքը չի կարողանում ապահովել: Տանը զուգարան չկա, եւ 21-րդ դարի երեխաները ցերեկը տան ներսում են հոգում իրենց բնական պահանջները, իսկ երբ մութն ընկնում է՝ տուն կոչված քառակուսուց դուրս են գալիս:
Կայարանի 6-րդ դպրոցում են սովորում Գալստյան Աննայի երեխաները. 1-ին դասարանում Էդգարն է, 2-րդում՝ Գուրգենը:
Մեր զրուցակից Ա. Գալստյանը հիվանդ է, ոտքերը ցավում են: Չնայած դրան, ալրաղացում է աշխատում:
«Մի կերպ ենք ապրում, էն էլ չենք հասցնում: Ոչ մի տեղ չեմ դիմել: Ընտրությունից ընտրություն գալիս-տեսնում են: Լավ էլ գիտեն՝ ինչ է կատարվում: Իրենք գիտեն, որ սոված կնստեմ, բայց երեխաներին ուսումից չեմ զրկի, ինչպես հիմա»,- ասում է Ա.Գալստյանը, որը «Փարոսում» չկա, քանի որ աշխատում է:
Կարինե Աբրահամյանի երեխան՝ Արմենը, 8-րդ դասարանից դուրս է եկել, գումար չլինելու պատճառով: Նա չի ունեցել ամենօրյա 200 դրամը, որպեսզի դպրոց գնա ու գա: Այս ընտանիքի 2 երեխաները դեռ սովորում են թիվ 60 դպրոցի 8-րդ դասարանում: Աղջիկը մեկ շաբաթ բացակայել է դպրոցից, քանի որ տրանսպորտի գումար չի եղել: Կ. Աբրահամյանը ստամոքսի խոց ունի եւ բժշկի չի կարող գնալ դարձյալ գումարի պատճառով: Ծայրահեղ չքավորության մատնված ընտանիքի մայրը նույնիսկ չի ուզում խոսել իր ապրումներից, քանի որ չի հավատում որեւէ մեկին: 7 ամիս է՝ ինչ «Փարոսից» նպաստ չի ստանում: Այս տուն այցելած ցանկացած մեկը կտեսնի անափ թշվառություն: Ու եթե այս ընտանիքներին չեն օժանդակում, հովանավորում, ապա ո՞ւմ են ձեռք մեկնում:
Այս թաղի երեխաները, որոնց «ՏԷցի կրուգի» երեխաներ են ասում, չեն ցանկանում երեւալ լուսանկարչական սարքի առաջ: Առանց այն էլ նրանց սիրտը փշրվել է, երբ իրենց տեսել են Գեւորգյանցի «Լքված երեխաների կիրճը» վավերագրական կինոնկարում: Նրանք ամեն անգամ կորցնում են իրենց մանկության հեքիաթը, հեքիաթի հերոսներին, երբ բախվում են անապահով իրականության հետ: Իսկ չքավորությունն այն հրեշն է, որի պատճառով Արցախի փողոցի 93 երեխա կարող է մի օր դպրոց չգնալ:

Հ. Գ. «Առավոտի» տրամադրության տակ են 93 երեխաների տվյալները: Մենք ցանկանում էինք նրանց ցուցակն ամբողջությամբ տպագրել, սակայն նրանց խնդրանքով հրաժարվեցինք մեր մտադրությունից: Պատրաստ ենք ցուցակը տրամադրել բարեգութ անձանց, ովքեր կփորձեն ձեռք մեկնել մոռացության մատնված այս երեխաներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել