Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ծխողների թվով առաջատարներից ենք

Նոյեմբեր 25,2009 00:00

Հայաստանը՝ Ուկրաինայից եւ Հունաստանից հետո, աշխարհում 3-րդ տեղն է զբաղեցնում ամենաշատ ծխող մարդկանց քանակով: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց «ԱԴՐԱ» հասարակական կազմակերպության հայաստանյան գրասենյակի «Ծխախոտի վնասակարության իրազեկման, բարձրացման ծրագրի» համակարգող Սոնյա Նալբանդյանը: Նրա խոսքերով՝ «Այս խնդիրն այնքան արդիական է, որ մեր կազմակերպությունը որոշեց հերթական օգնության ծրագիրն իրականացնել»:
Արդեն 2-րդ օրն է, ինչ Երեւանում մեկնարկել է «Ազատ շնչեք» ծրագիրը, որը մեր երկրի համար միանգամայն նոր մեթոդ է: Այսինքն, ծխող մարդկանց օգնում են «թարգել» ոչ թե դեղորայքային մեթոդով, այլ՝ հոգեբանական: Ըստ Ս. Նալբանդյանի, ծխող մարդկանց փոքր խմբեր են կազմվում, որոնց հետ թրեյնինգների միջոցով ուղղություն է տրվում, թե ինչ անեն, որ թողնեն ծխելը. «Արդեն մոտ 100 հոգի գրանցվել է, իհարկե, տղամարդիկ գերակշռում են: Որքան էլ մտավախություն կար, որ կանայք չեն արձագանքի, բայց նրանք էլ են մասնակցում: Փոքր խմբերով ծխող մարդիկ նստում են ու զրուցում: Մենք ուղղությունը տալիս ենք, իսկ ծխողն անընդհատ աշխատում է ինքն իր վրա: Ծրագրից հետո 80%-ը թողնում է ծխելը, իսկ այդ 80-ից 50%-ը շարունակում է չծխել»:
Քանի որ այս մեթոդն առաջին անգամ է կիրառվում Հայաստանում, ուստի «ԱԴՐԱ»-ն ՌԴ-ից մասնագետ է հրավիրել, որ նախ ուսուցանի տեղական «ինստրուկտորներին», սովորեցնի, թե ինչպես պետք է աշխատեն ծխողների հետ: «Առավոտի» հետ զրույցում թմրաբան, հոգեբան Յուրի Բոնդորենկոն վստահեցրեց, որ իրենք ծխողներին օգնում են առանց հիպնոսի, պարզապես խորհուրդներ են տալիս, տնային աշխատանք հանձնարարում, պատմում ճշմարտությունը ծխախոտի մասին. «Տնային աշխատանքների շնորհիվ 2-3 օրից դադարեցնում են ծխելը, իսկ մեկ շաբաթից լրիվ ազատվում ծխելուց: Ծխելը թողնելու հավանականությունը 50% է: Ռուսաստանում էլ սա լուրջ խնդիր է, տղամարդկանց 75%-ը ծխող է, կանանց՝ 28%-ը, այս թիվը գնալով աճում է, ինչպես նաեւ ծխող անչափահասների թիվը: Ամեն տարի Ռուսաստանում ծխախոտից շուրջ 400 հազար մարդ է մահանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել