Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՎԱՃԱՌՈՒՄ ԵՆ ՀԱԿԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Նոյեմբեր 25,2009 00:00

Ստորգետնյա անցումներում խորովածի, քյաբաբի եւ շաուրմայի վաճառքը շարունակվում է

Վերջին ժամանակաշրջանում ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության աշխատակիցների ուշադրության կենտրոնում հայտնվել են Երեւանի եւ մարզերի մանրածախ առեւտրի կետերը: Սակայն բնակչությանը որակյալ սննդամթերք մատակարարելու հարցն այդպես էլ չի կարգավորվում. տարիներ ի վեր այս ոլորտում առկա են բացեր, որոնք այդպես էլ չեն վերացվում: Մարդկանց առողջության եւ սննդամթերքի անվտանգության հարցերով զբաղվող տեսչությունները տարիներ շարունակ «պայքարել են» Երեւանի ստորգետնյա անցումներում սանիտարական նորմերի կոպիտ խախտումներով պատրաստվող սննդամթերքի վաճառքի դեմ: Եթե նախկինում առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության մասնագետները ժամանակ առ ժամանակ մտահոգիչ հայտարարություններ էին հնչեցնում եւ կոչ անում այս պայմաններում կազմակերպվող առեւտուրն արգելել, ապա այսօր հարցը կարծես մոռացության է մատնվել: Պատասխանատու կառույցները մի քանի նմանօրինակ հանրային սննդի օբյեկտի գործունեությունը դադարեցնելով՝ իրենց առաքելությունն ավարտված համարեցին: Արդյունքում՝ մայրաքաղաքի մարդաշատ վայրերի ստորգետնյա անցումներում սարսափելի հակահիգիենիկ պայմաններում վաճառվում են խորոված, քյաբաբ, շաուրմա եւ մսամթերքից պատրաստվող այլ խորտիկներ: Վերոնշյալ տեսչությունների մասնագետները բավական է, որ մի փոքրիկ շրջայց կատարեն մայրաքաղաքի մի քանի ստորգետնյա անցումներում, եւ նմանօրինակ առեւտրի բազմաթիվ օրինակներ եւ խախտումներ կարձանագրեն: Որքան էլ մասնագետները շարունակ ահազանգում են, որ այդ սննդամթերքից օգտվողներին աղիքային տարաբնույթ ինֆեկցիաներ են սպառնում, միեւնույն է, այն ճաշակողների թիվն այդպես էլ չի պակասում:
Ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում անհայտ ծագման մսամթերքի վաճառքը կանխելու ուղղությամբ մեր հարցին ի պատասխան՝ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության իրավական ապահովման եւ տեղեկատվության բաժնի պետ Սուսաննա Մինասյանը հայտնեց, որ նմանօրինակ առեւտրի թույլտվության հեղինակը թաղապետարաններն են: «Ե՛վ փողոցում, ե՛ւ ստորգետնյա անցումներում գործող հանրային սննդի կետերը պետք է համապատասխանեն հետեւյալ չափորոշիչներին՝ ապահովված լինեն տաք եւ սառը ջրով, սննդամթերքի պահման պայմաններ ունենան, վաճառվող միսն էլ պետք է ենթարկվի փորձաքննության: Այսօր ստորգետնյա անցումներում մսամթերք վաճառողներից ոմանք ունեն համապատասխան փաստաթղթեր»,- ասաց Ս. Մինասյանը: Տեսչության մասնագետների գործը բարդացել է, քանի որ ՀՀ կառավարության որոշմամբ արգելված է 70 միլիոն դրամից պակաս շրջանառություն ունեցող օբյեկտներում ստուգում կատարել: Ս. Մինասյանի խոսքերով՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանով իրենք շարունակում են ամենօրյա մոնիտորինգն ու վերահսկողական աշխատանքները՝ ինչպես վերգետնյա, այնպես էլ ստորգետնյա տարածքներում գործող սննդի կետերում եւ, ինչպես կառավարությունն է պահանջում, աղաղակող, մարդու կյանքին ու առողջությանը պոտենցիալ վտանգ ներկայացնող խախտումներ հայտնաբերելու դեպքում են միայն դիմում ՀՀ վարչապետին՝ ստուգումներ իրականացնելու թույլտվության համար: Այս տարի ՀՀ վարչապետից ստուգումներ կատարելու 25 թույլտվություն է ստացվել, սակայն դրանցից եւ ոչ մեկը ստորգետնյա առեւտրին չի առնչվել: Ամանորի նախաշեմին տեսչությունը պատրաստվում է այդ ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնել:
Իսկ ինչ վերաբերում է թաղապետարաններին, ապա դրանք դժվար թե այս երեւույթի դեմ պայքարում առաջընթաց արձանագրեն: Ինչպես փորձն է ցույց տալիս, փողոցային եւ հակահիգիենիկ առեւտուրն այս կառույցների կողմից խրախուսվում է: Պատճառը, թերեւս, հայտնի է. հենց թաղային համայնքների պատասխանատուներն են այդ ստորգետնյա անցումներում իրականացվող առեւտրից անուղղակի եկամուտներ ստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել