Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայաստանն աննորմալ երկիր է»

Նոյեմբեր 25,2009 00:00

\"\"Հենց այս պատճառով էլ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը որեւէ կանխատեսում դժվարանում է անել:

«Ես բազմազավակ հայր եմ եւ այս սեզոնին, երբ իմ երեխաները մրսում, հիվանդանում են, ես էլ եմ ուզում դեղ գնել: Բայց ոչ մի համեստ աշխատավարձով ապրող քաղաքացի իրեն չի կարող թույլ տալ այդքան թանկ դեղ գնել: Մեր պետությունը պետք է ամեն ինչ աներ, որպեսզի այս համատարած գնաճի պայմաններում գոնե դեղերը չթանկացնեին, իսկ սննդի մասին էլ չեմ ասում: Ես եմ՝ մի կերպ կարողանում եմ դեղ գնել, թեկուզ պարտք կանեմ՝ կգնեմ, բայց հարցը միայն ես չեմ»,- երեկ «Փաստարկ» ակումբում հրավիրած ասուլիսում թանկացումների համար այսպիսի դժգոհություն հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Ըստ նրա, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պետք է այնպես աներ, որ անհիմն գնաճ ստեղծող տնտեսվարողները պատասխանատվություն կրեին դրա համար. «Նրանք աշխատավարձ են ստանում եւ պարտավոր էին գոնե առաջին 5 գին բարձրացնողներին տուգանել: Եթե նույնիսկ տուգանեին էլ, դրանք այնքան սիմվոլիկ գումարներ են, որ չեն կարող փոխհատուցել մարդու առողջությունն ու կյանքը»:
Անդրադառնալով մեր կառավարության վերցրած մեծ վարկերին՝ պարոն Մանասերյանն ասաց. «Նորածինը, որն այսօր ծնվում է Հայաստանում, արդեն ունի իր ուսերին մի քանի 1000 դոլարի պարտք: Մինչդեռ Եվրոպայում, նույնիսկ արաբական երկրներում երեխան ծնվում է գումարը հետը, ոչ թե պարտքերով»: Ճգնաժամի հետ կապված պարոն Մանասերյանն ասաց, որ մեր կառավարությունը պետք է կարողանա առաջին հերթին զարգացնել մեր մրցունակությունը տարածաշրջանում եւ պետք է սկսել էներգետիկայի ոլորտից. «Ներկայումս Հայաստանը էներգետիկայի ոլորտում օգտագործում է իր ռեսուրսների 1/3-րդ մասը: Մենք կարող ենք արտահանել 4.5 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը սկզբի համար լավ ցուցանիշ է»:
Ըստ պարոն Մանասերյանի, մեր գյուղատնտեսությունը մրցունակ չէ եւ առաջիկայում հույս էլ չկա, որ կդառնա մրցունակ: Շատ տնտեսագետներ գտնում են, որ մեր երկրի համար չափազանց դժվար է լինելու հատկապես 2014-ը, քանի որ այդ ժամանակ վարկերը ստիպված ենք լինելու վերադարձնել եւ ճգնաժամի իրական ազդեցությունը զգալ: Մեր հարցին՝ դուք է՞լ եք կարծում, որ Հայաստանի համար այդ տարի շատ ծանր է լինելու՝ պարոն Մանասերյանը պատասխանեց. «Ես որեւէ կանխատեսում չեմ անի, որովհետեւ դա անում են նորմալ զարգացող երկրի համար, իսկ Հայաստանի տնտեսությունը պարադոքսներով է ապրում, որտեղ ոչինչ չի բացառվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել