Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ի ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՈ՞ՒՄ

Նոյեմբեր 25,2009 00:00

Շենքի լիազորը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի՝ բարեգործական նպատակներով հատկացված փողերից իրեն ամսական աշխատավարձ է նշանակել ու սեփական տան շինարարության համար գումար հատկացրել:

\"\"
Բնակիչների հավաստմամբ, շենքի լիազոր Նարինե Խաչատրյանը «ՎիվաՍելի» փողերով
վերանորոգում է սեփական բնակարանը:

\"\"
Թեեւ տիկին Խաչատրյանը հավաստիացնում էր, որ շենքին հարակից պատերի տակ աղբ չկա, բոլորը մաքրել է տվել, սակայն շենքի շրջակայքում այսպիսի վիճակ էր:

Արդեն մեկ տարի է՝ Արշակունյաց 135 հասցեում գտնվող օդաչուների նախկին հանրակացարանը բարեկարգելու համար «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունն ամեն ամիս 100 հազար դրամ է հատկացնում շենքի լիազոր Նարինե Խաչատրյանին: Շենքի բնակիչները պնդում են, որ հանրակացարանի կարիքները հոգալու փոխարեն, լիազորը «հատկացված գումարների հաշվին ընտանիք է պահում»: Նրանց պատմելով, անգամ մուտքը լուսավորելու համար լիազորն ամեն ընտանիքից ամսական 100 դրամ է հավաքել, դրամահավաքը դադարել է միայն վերջերս, երբ բնակիչները հրաժարվել են գումարը տալ:
Բացի այդ, նրանք մեզ պատմեցին նաեւ, որ շուրջ 1 տարվա ընթացքում, ինչ իրենց շենքին գումար է հատկացվում, ոչինչ չի փոխվել. «Շենքում նույն անմխիթար վիճակն է: Աստիճանները նախկինի նման խարխուլ են, էլեկտրալարերը՝ դուրս ցցված ու վտանգավոր, իսկ բարեգործական նպատակներով տրամադրված փողերն էլ ծախսում է իր սեփական տան վերանորոգման համար»:
«Առավոտը» փորձեց Արշակունյաց 135 հասցեի լիազոր Նարինե Խաչատրյանից պարզել, թե ինչպե՞ս է նա տնօրինում «ՎիվաՍելի» փողերը: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ ինքը պարապ չի մնացել, «ՎիվաՍելի» աջակցելու առաջին օրվանից սկսած՝ սկսել է շենքի բարեկարգման աշխատանքները. «Տարածքն եմ մաքրում, պատերի տակից սկսած՝ աղբանոց էր, հիմա աղբ չեք տեսնի: Մի քիչ էլ դրա համար թաղապետարանն է աջակցել: Մեր մուտքի դիմաց փոս էր, դա եմ ցեմենտել, կոյուղին ենք փոխել, մուտքում լույս ենք անցկացրել, առնետներին ենք վերացրել, բակում էլ ծաղկանոց ենք սարքելու: Ամեն ինչն էլ արել եմ, ուրիշ բան չունեմ անելու»:
Տիկին Խաչատրյանը պատմեց նաեւ, որ «ՎիվաՍելի» հատկացրած գումարից բաժին է հանում նաեւ շենքի 3 անապահով, հաշմանդամների ընտանիքներին. նրանցից աղբի եւ բնակծախսերի համար փող չի գանձում. «Տարածքը գազիֆիկացրել ենք, դրա համար էլ նրանցից գումար չենք գանձել»:
Ինչ վերաբերում է լուսավորության համար գումար գանձելուն, ապա, ըստ Ն. Խաչատրյանի, այդ բողոքները իրականությանը չեն համապատասխանում. «Ես ոչ ոքից լուսավորության համար գումար չեմ հավաքել: Ես շենքի լիազոր եմ 2008-ի 8-րդ ամսից: Միայն 2 ամիս, ամենաշատը 3 ամիս ամեն մեկը 100-ական դրամ է տվել, բայց այն ժամանակ մենք «ՎիվաՍելի» աջակցությունը դեռ չէինք ստացել, հետո բոլորը չէ, որ վճարել են: 107 բնակարանից միայն 30-ն է վճարել»: Տիկին Խաչատրյանը նաեւ ասաց, որ էլեկտրալարերը փոխելու համար վարպետ էր կանչել, բայց նրա ձեռքը վնասվել է ու ժամանակավորապես չի գալու: Նա նաեւ հավաստիացրեց, որ մոտ 3 ամիս առաջ սկսել ու արդեն ավարտել է շենքի տանիքի վերանորոգումը. «Տանիքն ամբողջովին ձյութապատված է, ոչ մի կաթիլ ջուր չի կաթում: Ամբողջը տոլ է արված, դեռ տոլի կեսն ու 300 կիլոգրամ ձյութն էլ ավելացել են»:
Բնակիչներն էլ պնդում էին, որ տանիքի վերանորոգման աշխատանքները թաղապետի ընտրությունների ժամանակ են սկսել, որ բնակիչներն իրենց առաջարկած թեկնածուին ընտրեն, բայց երբ տեսան իրենց թեկնածուն քիչ ձայներ է հավաքել՝ տրամադրած «տոլերը» հետ են վերցրել: Այդ օրվանից տանիքի վերանորոգման աշխատանքները մնացել են կիսատ, ընդամենը որոշ հատվածներ են ձյութապատվել: Շենքի լիազորի խոսքով էլ, առաջիկայում բարեկարգման ծրագիրը շարունակվելու է. «Հիմա ձմեռ է, ոչինչ չեմ անում, աստիճանների փայտերն արդեն առել եմ, դրանք պետք է սարքվեն հաջորդ տարի: Բողոքողներին էլ հարցրեք, թե ինչո՞վ են նրանք ինձ աջակցել: Ես մենակ կին-արմատ ամբողջ ցեխը ես եմ անում»: Այնուամենայնիվ, տիկին Խաչատրյանը մեզ հետ զրույցում անկեղծացավ. «ՎիվաՍելի» հատկացրած գումարից ես ինձ նաեւ աշխատավարձ էլ եմ վերցնում, որովհետեւ ես հասարակական աշխատանք եմ տանում՝ առանց գրանցման»:
Մեր այն հարցին, թե 100 հազար դրամից ամսական ինչքա՞ն է տիկին Խաչատրյանն իրեն աշխատավարձ նախատեսել. «Դե գոնե մի 30 հազար դրամը ինձ չվերցնե՞մ՝ որպես աշխատավարձ»,- պատասխանեց շենքի լիազորը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել