Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բորդյուժան դեմ է ռազմատենչ հայտարարությունների

Նոյեմբեր 25,2009 00:00

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պարգեւատրվեց Հայաստանի պատվո շքանշանով

«Կտրականապես դեմ եմ պատերազմի վերսկսման վերաբերյալ ցանկացած հայտարարության»,- ըստ news.am-ի, այս մասին երեկ Երեւանում տեղի ունեցած ասուլիսում նշեց  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության /ՀԱՊԿ/ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ խոսելով Ադրբեջանի նախագահի հնչեցրած ռազմատենչ հայտարարության մասին։ «Ես այժմ ավելի քան համոզված եմ, որ Ռուսաստանի նախագահի եվրոպական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման նախաձեռնությունը ճիշտ ժամանակին է, եւ այն անհրաժեշտ է»,- նշեց Բորդյուժան՝ ավելացնելով, որ պայմանագիրը կբացառի ուժային մեթոդով լուծել որեւէ քաղաքական հարց։ «Ես ինքս զինվորական եմ եղել եւ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում պատերազմը»,- ասաց Բորդյուժան՝ ափսոսանք հայտնելով, որ քաղաքական դաշտում արդեն քիչ են այն քաղաքական գործիչները, որոնք գիտեն, թե ինչ է նշանակում պատերազմի արհավիրքը։ Նա հույս հայտնեց, որ հայտարարությունը կատարվել է բացառապես քաղաքական նպատակով, որպեսզի Մյունխենյան հանդիպման ժամանակ Բաքուն հնարավորություն ստանար վիճելի հարցերի շուրջ ցանկալի արդյունքի հասնել։ Ըստ նրա՝ կարեւոր է, որ նախագահների մակարդակով հանդիպումները ակտիվացել են, եւ հարցի կարգավորման գործընթացը շարունակում է ընթանալ։ Խոսելով հայ-թուրքական սահմանի, այսինքն՝ այս տարածաշրջանում ՀԱՊԿ-ՆԱՏՕ սահմանի բացման հնարավորության մասին՝ նա նշեց, թե ցանկալի է, որ երկու դաշինքները համագործակցեն։ «Այսօր ՀԱՊԿ-ն եւ ՆԱՏՕ-ն նույն մարտահրավերներն ունեն։ Ինչքան շուտ սկսենք համագործակցել, այնքան արդյունավետ կլինի անդամ երկրների անվտանգության ապահովումը»,- եզրափակեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն  ընդունել է Նիկոլայ Բորդյուժային։ Սերժ Սարգսյանն ասել է, որ այս հանդիպումն առաջինն է ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը փոխանցելուց եւ նոր ժամանակահատվածով գլխավոր քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժայի նշանակվելուց հետո։ Ըստ tert.am-ի, նախագահը շնորհակալություն է հայտնել համատեղ լավ աշխատանքի համար եւ ասել. «Ցանկանում եմ իմ գոհունակությունն արտահայտել ՀԱՊԿ շրջանակում համագործակցության տեմպերի առումով եւ ընդգծել, որ վերջին ժամանակահատվածում արվել է լուրջ աշխատանք։ Շատ հնարավոր է, որ սա առաջին շատ լավ նախադեպն է, երբ ընդունված, այսպես ասած՝ բանավոր որոշումը ոչ այնքան տեւական ժամանակահատվածում դարձավ փաստաթուղթ, ստեղծվեցին Հավաքական անվտանգության արագ արձագանքման ուժերը եւ ոչ միայն ստեղծվեցին, այլեւ անցկացվեցին զորավարժություններ։ Համոզված եմ, որ մոտակա ժամանակներում մենք կավարտենք նորմատիվ ակտերի փաթեթի մշակումը, եւ մեր Կազմակերպությունը կդառնա անդամ երկրների անվտանգությունն առավել ապահովող կառույց»։ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլայ Բորդյուժային օպերատիվ եւ արդյունավետ աշխատանքի համար՝ նշելով, որ այդ կապակցությամբ հրամանագիր է ստորագրել նրան Հայաստանի պետական բարձր պարգեւով՝ Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել