Եվ դա պայմանավորված է նաեւ ԼՂ հարցի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը խթանելու նրա ցանկությամբ
Նոյեմբերի 18-ին Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության գրասենյակը մի հաղորդագրություն էր տարածել, որը վերնագրված էր հենց այսպես՝ «Թբիլիսի-Երեւան երկաթգծի վերականգնում»:
Տեղեկացվում էր, որ Եվրամիության կողմից ֆինանսավորվել է կարեւոր մի նախագիծ, որի նպատակն է TRACECA (Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցք) ծրագրի շրջանակներում իրականացնել Թբիլիսի-Երեւան երկաթգծի վերականգնման հնարավորության գնահատում: Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ ԵՄ-ն մտադիր է TRACECA-ի շրջանակներում ֆինանսավորել Թբիլիսի-Երեւան երկաթգծի, ինչպես նաեւ Երեւանի եւ Թբիլիսիի միջեւ նաեւ Ադրբեջանի տարածքով այլընտրանքային երկաթգծի վերականգնումը՝ բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների համար անվտանգության միջազգային չափանիշներին համապատասխան: Եթե այդ ծրագիրը իրականացվի, այն Հայաստանը կմիացնի Բաթում/Փոթի-Թբիլիսի TRACECA երկաթուղուն, որի մրցունակությունը գործողների համեմատ զգալիորեն կբարձրանա:
Այս ծրագրի շրջանակներում անցած մեկ տարվա ընթացքում որոշակի աշխատանքներ են տարվել, եւ ավարտին է հասցվել երեք հիմնական ուսումնասիրություն. Թբիլիսի-Երեւան երկաթգծի վերականգնման հնարավորություն, դեպի Ադրբեջան տանող ուղու՝ Հրազդան-Իջեւան հատվածի վերականգնման հնարավորություն, որտեղ սողանքի պատճառով երթեւեկությունը մասամբ խափանված է, եւ վրացական հիմնական երկաթգծի տեխնիկական մասի վերականգնման հնարավորության ուսումնասիրությունը: Նույն ծրագրի շրջանակներում նաեւ կատարվել է Վանաձոր-Ֆիոլետովո նոր ուղու բացման հնարավորության նախնական գնահատում, որի միջոցով ներկայիս Թբիլիսի-Երեւան ուղին կկրճատվի 100 կմ-ով:
Հատկապես վերջին շրջանում, երբ օրակարգում են ԼՂ հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը, իսկ ընդդիմությունը խոսում է նաեւ շատ մոտ հեռանկարում այդ խնդիրների լուծման մասին, այսօրինակ ծրագրերի իրականացումը, նաեւ եվրոպական կառույցների կողմից Հայաստանին հատկացվող ֆինանսական օժանդակություններն ու առավել եւս՝ TRACECA ծրագրի շրջանակներում Հայաստանի ներգրավումը առանձնապես նկատելի են: Բանն այն է, որ ԵՄ կողմից ֆինանսավորվող TRACECA-ն, որն, ըստ էության, նպատակ ունի վերականգնել հաղորդակցական ուղիները «Մետաքսի ճանապարհ» կոչվող տարածքում, սկսել է գործել դեռ 12 տարի առաջ: Լինելով այդ ծրագրի մասնակից՝ այդ ընթացքում Հայաստանը որեւէ նախագծում մասնակցություն չի ունեցել, ավելին՝ դուրս է մղվել նաեւ տարածաշրջանում իրականացվող տնտեսական մի շարք այլ միջազգային ծրագրերից: Հիմա, առավել եւս, Ադրբեջանի տարածքով երկաթգծի վերագործարկման շուրջ ԵՄ կողմից ձեռնարկվող քայլերը, թերեւս, հուշում են, որ Հայաստանի մասնակցությամբ այդպիսի նախագծերը ուղղակիորեն պայմանավորված են մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հույսերով:
Այս դիտարկման հետ որոշակիորեն համաձայն է նաեւ Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող Վահագն Խաչատրյանը: Նրա ասելով, ԵՄ-ն տնտեսական ոլորտում, հատկապես «Արեւելյան գործընկերության» շրջանակներում Հայաստանի հետ շատ ինտենսիվ է աշխատում: Ընդհանրապես ե՛ւ ԵՄ-ն, ե՛ւ եվրոպական այլ կառույցները, նրա ասելով, փորձում են տնտեսական կամ քաղաքական ծրագրերով խթանել ԼՂ հիմնախնդրի լուծմանն ու նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: «Եվրոպական կառույցները փորձում են այդ հիմնախնդիրները լուծել տնտեսական եւ քաղաքական ինտեգրման ճանապարհով, ինչը հնարավորություն կտա մեղմել այն պահանջները, որոնք առաջադրվում են ԼՂ հիմնախնդրի հետ կապված, որն իր հերթին հնարավորություն կտա նաեւ լուծելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը: Դա վերաբերում է երկու խնդիրներին էլ, որովհետեւ ԵՄ ծրագրերի իրականացումը առանց երկու հիմնահարցերի լուծման անհնարին է: Խոսքը վերաբերում է ե՛ւ TRACECA-ի նախագծին, որն օրերս հրապարակվել է, նաեւ տարածաշրջանային մյուս՝ գազամուղի հետ կապված ծրագրերին, թեեւ կարծում եմ, որ Հայաստանը դրանց միանալու որեւէ շանս այլեւս չունի: Այդուհանդերձ, TRACECA-ի այդ ծրագրին մեր մասնակցությունն առավելություն ունի. ի վերջո, մենք կարող ենք մասնակցել գոնե տարածաշրջանային տրանսպորտային նախագծերին, որոնք հավասարաչափ ձեռնտու են թե՛ մեզ, թե՛ Թուրքիային եւ թե՛ Ադրբեջանին, որքան էլ որ նրանք փորձեն ցույց տալ, թե դա իրենց համար կարեւոր չէ: Թուրքիան այդ նույն ծրագրի իրականացման դեպքում կարճ ճանապարհով հնարավորություն կունենա դուրս գալու դեպի Միջին Ասիա եւ Պարսից ծոց, իսկ Ադրբեջանը՝ ոչ թե Կասպից ծովով, Իրանի միջոցով, այլ երկաթգծով ճանապարհ ունենալ Թուրքիայի հետ, ինչն անհամեմատ ավելի հարմար է»,- նկատեց Վ. Խաչատրյանը: Նա նաեւ հիշեցրեց, որ դեռ 12 տարի առաջ էլ Եվրոպայում, մեր տարածաշրջանում հասկանում էին TRACECA-ի կարեւորությունը, բայց այն ժամանակ այդ ծրագրերը չիրականացվեցին, որովհետեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները չընթացան այնպես, ինչպես Արեւմուտքում կանխատեսում էին. հակամարտությունը չլուծվեց, ճանապարհներն ու սահմանները չբացվեցին, եւ ծրագիրն իրագործել չհաջողվեց:
«Եվրոպացիներն այսօր էլ ուզում են փորձել վերջնականապես ճշգրտել իրենց ընդարձակման սահմանները: Եվ եթե մեր տարածաշրջանը ԵՄ-ն ներառում է իր շահերի ոլորտում, ապա հասկանալի է, որ Արեւմուտքի համար տարածաշրջանում ծրագրեր իրականացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է կարգավորել առկա խնդիրները, ստեղծել կայուն իրավիճակ, որովհետեւ առկա իրավիճակը նրանց չի կարող բավարարել: ԵՄ-ն փորձում է դա անել իր տնտեսական եւ քաղաքական լծակներն օգտագործելով, որովհետեւ պատերազմը անընդունելի է համարում»,- շեշտեց Վ. Խաչատրյանը:
Ընդհանրապես, նրա ասելով, տնտեսական ոլորտում ԵՄ-ն «Արեւելյան գործընկերության» շրջանակներում շատ ինտենսիվ է աշխատում Հայաստանի հետ եւ անգամ ֆինանսական հատկացումներ է անում ոչ միայն տրանսպորտային հաղորդակցությունները վերականգնելուն ուղղված կոնկրետ ծրագրերի համար, այլեւ ԵՄ անդամ երկրների հետ վիզային ռեժիմը մեղմացնելու, դիվանագիտական անձնագրերով առանց խոչընդոտների դեպի Եվրոպա մուտք գործելու համատեքստում: Ի դեպ, այդ քայլերն արվում են ոչ միայն Հայաստանի, այլեւ Ադրբեջանի եւ Վրաստանի համար: «Եվրոպայում Հարավային Կովկասի երեք երկրներին էլ փորձում են հասկացնել, որ նրանք ուզում են մեզ համարել իրենց գործընկերները»,- արձանագրեց Վ. Խաչատրյանը: Բայց նա նաեւ հիշեցրեց ԵՄ կողմից ՀՀ իշխանությունների նկատմամբ մի ժեստի մասին եւս: Բանն այն է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ակտիվ փուլի մեկնարկի հետ գրեթե միաժամանակ ԵՄ-ն շուրջ 100 մլն եվրոյի հատկացում է արել Հայաստանում քաղաքացիական հասարակության ձեւավորմանը խթանելու ծրագրեր իրականացնելու համար, եւ այդ գումարի մի հատվածը՝ 20-30 մլն եվրոյի չափով, որպես օգնություն կամ դրամաշնորհ ուղղվել է հասարակական կազմակերպություններին: Թե հատկապես որ կազմակերպությունները կստանան այդ գումարները՝ որոշելու են ՀՀ իշխանությունները, ինչը նշանակում է, որ այդ գումարների օգտագործման վերահսկելիությունը խիստ կասկածահարույց է: