Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇՈՒՏ ԷՐ ՊԵՏՔ ՃԱՆԱՉԵԼ ԼՂՀ-Ն

Նոյեմբեր 25,2009 00:00

\"\"«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը երեկ «Հայացք» ակումբում անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մյունխենյան հանդիպմանը՝ ասաց, թե արդարացան կանխատեսումները, թե այնտեղ փաստաթուղթ չէր ստորագրվելու. «Քանի դեռ Հայաստանում հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված կրքերը չեն հանդարտվել՝ իշխանությունները ղարաբաղյան հարցում որեւէ փաստաթուղթ չեն ստորագրի, որպեսզի խուսափեն բողոքի հզոր ալիքից եւ իշխանափոխությունից»:
Մյունխենյան հանդիպումից առաջ Իլհամ Ալիեւի արած սպառնալից հայտարարությանն անդրադառնալով՝ «Ժառանգության» վարչության նախագահն ասաց. «Չեմ կարծում, թե Ադրբեջանն այս պահին պատրաստ է պատերազմելու: Բայց եթե պատերազմ սկսվի՝ ԼՂ պաշտպանության բանակը կարող է հակահարված տալ եւ անցնել հարձակման»:
Արձագանքելով Իլհամ Ալիեւի հայտարարությանը՝ Հայաստանի նախագահի խոսնակ Սամվել Ֆարմանյանն ասել էր. «Եթե խաղաղ բանակցություններն ընդհատվում են, եւ ռազմական գործողություններ են սկսվում, ապա ոչինչ չի խանգարում Հայաստանի Հանրապետությանը՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: Արմեն Մարտիրոսյանն այս կապակցությամբ նշեց, թե ԼՂՀ անկախության ճանաչման գործում Հայաստանը ուշացել է, բայց ոչ ամբողջովին. «Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացը մեր իշխանությունները շատ շուտ պետք է անեին՝ մինչեւ Կոսովոյի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումը, եւ նախադեպը պետք է լիներ Լեռնային Ղարաբաղը»: Հիշեցրեց, որ «Ժառանգությունը» ԼՂՀ անկախությունը ճանաչելու նախաձեռնությամբ ԱԺ-ում հանդես է եկել ավելի վաղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել