Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ հնարավոր է»

Նոյեմբեր 25,2009 00:00

Երեկ այսպես արձագանքեց ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը ԼՂ վերաբերյալ համաձայնագրի ստորագրման հավանականության մասին հարցին:

Երեկ «Արցախ» ակումբում անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մյունխենյան հանդիպման նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հնչեցրած հայտարարությանը, որ եթե հանդիպումը անարդյունավետ լինի՝ տարածաշրջանում պատերազմը կարող է վերսկսվել, ՀՅԴ բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասաց, թե դա «շարքային» ռազմատենչ հայտարարություն չի կարելի որակել. «Այս մեկը, կարծում եմ, շարքից մի քիչ դուրս էր եւ իր ոճով վերջնագիր էր հիշեցնում։ Եվ կարծում եմ, որ հայկական կողմն անմիջապես տեղեկանալով այդ հայտարարության մասին՝ պետք է կատարեր միակ ճիշտ քայլը՝ ընդհանրապես չգնար Մյունխեն, որովհետեւ վերջնագրի ճնշման տակ բանակցելն ընդհանրապես ճիշտ չէ։ Հայկական կողմը պետք է անմիջապես այդ հայտարարությունից հետո դիմեր միջնորդներին, ասելով, որ այս պայմաններում աշխատելն անհնարին է, եւ կա՛մ դուք կսաստեք, կսանձեք Ադրբեջանի նախագահին, կա՛մ մենք այս պայմաններում այլեւս բանակցելու անհրաժեշտություն չենք տեսնում»:
Հավելեց, թե Ալիեւի այդ հայտարարություններն ուղղակիորեն հակասում են Մայնդորֆյան հռչակագրի թե՛ բովանդակությանը, թե՛ ոգուն, ինչը բավարար պատճառ կարող էր լինել հրաժարվելու Մյունխենի հանդիպումից ու բնավ չէր նշանակի բանակցությունների ամբողջական դադարեցում. «Ինչպես Մյունխենում համանախագահողները փորձեցին մի քիչ սաստել Ալիեւին, այդպես էլ կանեին (միգուցե նույնիսկ ավելի կոշտ կերպով), եթե այդ հանդիպումը չկայանար, քանի որ մեղքը դրա չկայացման համար կլիներ ամբողջությամբ Ալիեւինը»։ Նրա կարծիքով, այլեւս արժեզրկված են մայնդորֆյան համաձայնագրի այն կետերը, որոնք ձեռնտու էին Հայաստանին, այն է՝ հարցի լուծման միայն խաղաղ ճանապարհի ընդունելիությունը՝ պատերազմի բացառումը. «Բայց քանի որ Հայաստանն, այնուամենայնիվ, գնաց Մյունխեն, դուրս եկավ, որ մնացածը, ինչ վտանգավոր էր Հայաստանի համար՝ մնաց ուժի մեջ»:
«Առավոտի» հիշեցմանը, թե Մինսկի խմբի համանախագահող Բեռնար Ֆասիեն ասել էր, թե նախագահները քննարկեցին «հարցի կարգավորման այնպիսի տարրեր, որոնք մինչ այժմ չէին ենթարկվել նման խորը եւ մանրամասն քննարկման»՝ Վահան Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Ես համանախագահների հայտարարություններին չե՛մ հավատում։ Դադարել եմ նրանց հավատալ, որովհետեւ նախ՝ նկատում եմ, որ նրանց հայտարարություններում հաճախ իրարամերժ տարրեր են երեւում: Եվ բացի այդ՝ անընդհատ լսում ենք, թե այս կամ մյուս հարցը չի քննարկվել։ Բա լավ, ի՞նչն է քննարկվել»: Մեկ այլ հարցի պատասխանելով՝ ասաց, որ չի հավատում նաեւ ՀՀ նախագահի եւ արտգործնախարարի հայտարարություններին, թե բանակցություններում չի քննարկվել տարածքների վերադարձի հարցը. «Բա ի՞նչն է քննարկվում։ Չեմ հավատում, որ հնարավոր է՝ ադրբեջանցիները 4 ժամ բանակցեն Հայաստանի ներկայացուցիչների հետ եւ տարածքների հարցն ընդհանրապես չշոշափեն»:
Այսուհանդերձ հաշվի առնելով, որ Մյունխենի հանդիպումից հետո կողմերը խոսում են զգալի առաջընթացի մասին՝ հնարավո՞ր համարում է, թե առաջընթացը կարող է այնքան լինի, որ հանգեցնի շրջանակային համաձայնագրի ստորագրմանը: Մեր այս հարցին ՀՅԴ խմբակցության ղեկավարը միայն պատասխանեց. «Ամեն ինչ հնարավոր է»: Ճիշտ նույն կերպ պատասխանեց նաեւ հարցին, թե արդյոք տեսնո՞ւմ է մոտակա շրջանում ԼՂ խնդրի հանգուցալուծման հնարավորություն:

Հ. Գ. Անդրադառնալով Վրաստանում գտնվող հայկական եկեղեցիների նկատմամբ այդ երկրի իշխանությունների եւ եկեղեցու դրսեւորած քաղաքականությանը՝ Վահան Հովհաննիսյանն ասաց. «Վրաստանի պահվածքն ուղղակի անընդունելի է եւ քաղաքակիրթ աշխարհի որեւէ երկրի հարիր չէ, առավել եւս՝ քրիստոնեական երկրի: Եվ այս առումով ցավալի է, բայց պետք է արձանագրել, որ Վրաստանի վրա կարող է ազդեցիկ լինել միայն արտասահմանյան ճնշումը, եւ մենք հենց դա էլ անելու ենք»: Սակայն չմանրամասնեց` հատկապես ինչ են պատրաստվում անել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել