Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԻՄԱ ԷԼ 2010-ԻՆ ԵՆ ԼՈՒՐՋ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

Նոյեմբեր 25,2009 00:00

\"\"Հայ ազգային կոնգրեսում կարծում են, որ ԼՂ հիմնախնդրի բանակցություններում լուրջ զարգացումներ կլինեն ոչ նախընտրական հաջորդ տարվա ընթացքում:
Դեռ անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր, նաեւ վերջերս Հայ ազգային կոնգրեսը թավագլոր զարգացումներ էր կանխատեսում ե՛ւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման, ե՛ւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում: Մեկ տարին անցավ, բայց ԼՂ հիմնախնդիրը չլուծվեց, կամ անգամ շրջանակային համաձայնագիր չստորագրվեց, իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը այսօր արդեն դոփում է տեղում, եւ դեռ հայտնի չէ, թե տխրահռչակ երկու արձանագրությունները՝ սահմանների բացման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին, երբ կվավերացվեն մեր եւ Թուրքիայի խորհրդարաններում: Երեկ ի պատասխան «Առավոտի» հարցին, Կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու, ԱԳՆ նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը նախ ճշտեց, որ Կոնգրեսը ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում, այն էլ՝ Մյունխենում շրջանակային փաստաթղթի ստորագրման մասին որեւէ կանխատեսում չի արել: Միաժամանակ նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ մյունխենյան բանակցություններից հետո դրան մասնակից բոլոր կողմերը հայտարարել են «առաջընթացի» մասին: «Եթե Հայաստանն ասում է, որ մենք բանակցում ենք միայն ԼՂ կարգավիճակի շուրջ, ապա դա նշանակում է, որ ենթադրաբար կարգավիճակի հարցի շուրջ առաջընթաց կա: Ադրբեջանն ասում է, որ բանակցությունների ժամանակ քննարկվել է միայն տարածքների վերադարձի հարցը: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակն էլ իր հերթին հայտարարեց, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել: Համանախագահներն էլ իրենց հերթին «կարեւոր առաջընթաց» են գրանցել: Հետեւաբար՝ մենք չենք կարող ասել, որ ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում որեւէ զարգացում չկա: Երկրորդ, եթե այդ առաջընթացը եղած չլիներ, ուրեմն պետք է հայտարարվեր բանակցությունների դադարի մասին՝ հաշվի առնելով այն կոշտ հայտարարությունները, որոնք արել էր Իլհամ Ալիեւը բանակցություններից առաջ: Բայց նման բան չեղավ, ուստի չեմ կարծում, որ վիճակը մնացել է այնպիսին, ինչպիսին կար մինչեւ այդ հանդիպումը: Եվ երրորդ, կարծում եմ՝ բանակցային պրոցեսի համար լուրջ խթան է հաղորդվելու Թուրքիայի վարչապետ Էրդողանի ԱՄՆ կատարելիք այցից եւ Օբամայի հետ նրա հանդիպումից հետո: Արդեն այսօր հայտարարվում է, որ Էրդողան-Օբամա հանդիպման առանցքային հարցերից մեկը լինելու է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը: Հաշվի առնելով միջազգային հանրության ավելի քան նախանձախնդիր վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ, նաեւ Թուրքիայի կողմից հայ-թուրքական հարաբերությունների շարունակական փոխկապակցումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ՝ չեմ կարծում, թե առաջիկայում միջազգային հանրությունը կանտեսի Ղարաբաղի հարցում առաջընթաց տեսնելու ոչ միայն Թուրքիայի ցանկությունը, այլեւ իր սեփական շահը»,- մյունխենյան բանակցություններն այսպես մեկնաբանեց Վլ. Կարապետյանը:
Նա շարունակեց պնդել, թե՝ ԼՂ հարցի կարգավորման բանակցություններն առաջիկայում էլ ավելի ինտենսիվ են դառնալու: Որպես դրա հիմնավորում՝ Կոնգրեսի ներկայացուցիչը մատնանշեց նաեւ այն, որ նախկինում երբեք միջազգային ԶԼՄ-ներն ու հանրությունը այնքան մեծ ուշադրություն չեն դարձրել այդ բանակցություններին, որքան դա եղավ մյունխենյան հանդիպման պարագայում: «Մինչ այս մենք այսչափ ուշադրություն ԼՂ հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների նկատմամբ չենք տեսել: Դա աննախադեպ հետաքրքրություն է»,- շեշտեց ԱԳՆ նախկին խոսնակն ու կանխատեսեց, որ, թերեւս, հաջորդ տարի բանակցություններում իսկապես շրջադարձային զարգացումներ կարող են լինել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաջորդ տարի ԼՂ հակամարտության մեջ ներգրավված որեւէ երկրում ընտրություններ կամ նախընտրական ժամանակաշրջան չի լինելու, իսկ ընտրությունների նախաշեմին կամ այդ ժամանակահատվածում մշտապես խոչընդոտվել է հիմնախնդրի կարգավորումը, քանի որ կողմերի մոտեցումներն են ավելի բեւեռացված դարձել, Վլ. Կարապետյանը կանխատեսեց, որ միջազգային հանրությունը շահագրգռված է լինելու 2010թ.-ին լուրջ առաջընթաց արձանագրել ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում: Նրա ասելով՝ «գոնե այդ հիմնախնդրի լուծումը միջազգային հանրությունն ընկալում է որպես բանալի՝ տարածաշրջանային մյուս խնդիրները կարգավորելու համար»:
Մյունխենյան բանակցություններից հետո թեեւ մասնակից բոլոր կողմերն են խոսել «առաջընթացի» մասին, բայց, գոնե, համանախագահները դրան զուգահետ բարձրաձայնել են նաեւ ի հայտ եկած որոշակի դժվարությունների մասին: Այդ դեպքում՝ որո՞նք են եղել մատնանշված դժվարությունները: Մեր այս հարցին պատասխանելով՝ Վլ. Կարապետյանը ափսոսանք հայտնեց, որ պաշտոնական Բաքուն եւ Երեւանը որեւէ կերպ չանդրադարձան եւ լույս չսփռեցին ի հայտ եկած դժվարությունների վրա. «Ես շարունակում եմ հավատալ, որ խոսքը վերաբերել է հենց կարգավիճակի հարցին, թեեւ Հայաստանը պնդում է, որ առաջընթաց եղել է: Դա կարող էր վերաբերել նաեւ Լաչինի կարգավիճակին, որովհետեւ հայտնի է, որ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի համաձայն, Լաչինի միջանցքը պետք է ունենա այն նույն միջանկյալ կարգավիճակը, ինչ տրվելու է ԼՂ-ին»:
Մեր զրուցակիցը անդրադարձավ նաեւ Ալիեւի ռազմատենչ հայտարարություններին ու նաեւ միջազգային որոշ փորձագետների այն մեկնաբանություններին, թե դրա պատճառը Հարավային Կովկասում Ադրբեջանի մեկուսացումն է եղել, նաեւ ինչ-ինչ հարցերում այդ երկրի նկատմամբ միջազգային հանրության կողմից գործադրվող ճնշումները: «Վստահ եմ, որ Ադրբեջանի վրա ճնշումներն ավելի մեծ են, ու դա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը ձեռնպահ է մնում բանակցություններում առաջընթացը այս կամ այն կերպ արձանագրելուց՝ մտավախություն ունենալով, որ դա Թուրքիային հնարավորություն կտա վավերացնելու հայ-թուրքական արձանագրությունները: Կարծում եմ, դրանով է պայմանավորված Ալիեւի նյարդային հայտարարությունը, նաեւ այն փաստով, որ Հայաստանը նահանջ է ապրում տարբեր ուղղություններով՝ տնտեսական անկումից մինչեւ ժողովրդավարության հետընթաց: Ըստ իս, հենց այդ գիտակցումն է, որ Ալիեւին ստիպել է ինքնավստահ հայտարարություններ անել»,- կարծիք հայտնեց Վլ. Կարապետյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել