Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ ԵՆ

Նոյեմբեր 25,2009 00:00

\"\"«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ մեր զրույցի թեման նրա կազմակերպած բողոքի ցույցերն էին, բայց քանի որ երեկ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հանդիպել էր Սասուն Միքայելյանին՝ նախ զրուցեցինք այդ մասին:

Հակասական տեղեկություններ կան ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի առողջական վիճակի վերաբերյալ: Նա «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ էր տեղափոխվել դեռ սեպտեմբերին, քանի որ դժգոհում է սրտի աշխատանքից ու բարձր ճնշումից: Օրերս տեղեկություն ստացվեց, թե նրա առողջական վիճակը վատթարացել է, ՄԻՊ-ի գրասենյակի ներկայացուցիչներին Սասուն Միքայելյանը հայտնել էր, թե ծայրահեղ անառողջ վիճակում է, եւ տեղի պայմանները չեն բավարարում իրեն պատշաճ բուժում ստանալու համար: Մինչդեռ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը երեկ հաղորդել է. «Սասուն Միքայելյանի առողջական վիճակը կայուն է, որեւէ փոփոխության չի ենթարկվել», իսկ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը վկայակոչել է մասնագետ բժիշկների եզրակացությունը, թե Միքայելյանի առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում, եւ որ նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու որեւէ հիմք չկա:
Զարուհի Փոստանջյանը երեկ դատապարտյալների հիվանդանոցում հանդիպել էր Սասուն Միքայելյանին եւ ասաց. «Ես էլ եմ զրուցել բժիշկների հետ՝ սրտանոթային խնդիր է, ու նաեւ ընդհանրապես բորբոքային պրոցես կա օրգանիզմում: Ես բժիշկ չեմ, չեմ կարող մասնագիտական եզրակացություն տալ, բայց ամեն դեպքում՝ ինձ անհանգստացնում է նրա վիճակը: Արդեն իսկ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվելը վկայում է, որ տվյալ անձն իրապես առողջական խնդիրներ ունի: Նաեւ հաշվի առնենք, որ Սասուն Միքայելյանը նախկինում սրտամկանի կաթված է տարել, ճնշում ունի եւ մշտապես դեղեր է օգտագործում»: Հավելեց. «Մտահոգիչ է նաեւ դատապարտյալների հիվանդանոցում գտնվող՝ քաղաքական հայացքների համար հետապնդվող Սափեյան եղբայրների առողջական վիճակը: Բայց նրանց պայմանական-վաղաժամկետ ազատ չեն արձակում, թեեւ ժամկետը լրացել է»:
Դառնալով մեր հարցազրույցի նախապես ծրագրած թեմային՝ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս ստացվեց, որ այժմ հայ-թուրքական արձանագրությունների եւ «Մադրիդյան սկզբունքների» դեմ իր բողոքի ցույցերը Զարուհի Փոստանջյանն անցկացնում է միայն «Թեղուտի պաշտպանության խմբի» անդամ մի քանի քաղաքացիների հետ՝ առանց Ժիրայր Սեֆիլյանի, Տիգրան Խզմալյանի եւ այլ գործիչների, որոնք համալրեցին «Սարդարապատ» շարժումը: «Քանի որ «Սարդարապատը» մի շարժում է, որի ձեւաչափը եւ բուն նպատակը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման եւ «Մադրիդյան սկզբունքների» իրագործման կանխումը չէ, այլ առավել ունեն քաղաքական նպատակներ, այդ պատճառով էլ նրանք այս միջոցառումներին չեն մասնակցում,- ասաց «Ժառանգության» պատգամավորը:- Կոնկրետ Ժիրայր Սեֆիլյանը չի կարողանում մասնակցել, քանի որ զբաղված է: Իսկ մնացած անձինք, ովքեր մշտապես մասնակցում էին մեր ցույցերին՝ էլի են մասնակցում»: Մասնակիցների թվաքանակը ստվար չէ, սակայն ըստ տիկին Փոստանջյանի՝ «Մենք նախատեսում ենք ոչ զանգվածային միջոցառումների անցկացում, քանի որ կարծում ենք՝ սրանք ամենաարդյունավետ միջոցներն են: Մեր առաջին նպատակն այն է, որ իրազեկենք ՀՀ քաղաքացիներին, թե ինչ վտանգներ են սպառնալու մեզ՝ այս արձանագրությունների վավերացումից եւ «Մադրիդյան սկզբունքները» կյանքի կոչելուց հետո»:
Վերջերս տարածած հաղորդագրությամբ Զարուհի Փոստանջյանը հայտնել էր, որ իրենց այս ցույցերը բացարձակապես չի լուսաբանում ոչ միայն Հանրային հեռուստատեսությունը («Ակնհայտ է, որ կա հստակ քաղաքական պատվեր՝ չցուցադրել մեր բողոքի գործողությունները, քանի որ դրանք իշխանական խմբակի ուղեգծին չեն համապատասխանում»,- նշված էր հաղորդագրության մեջ), այլ ի շարս այլ մասնավոր հեռուստաընկերությունների նաեւ՝ «իրենց վերջերս ազգային ընդդիմություն հռչակած որոշ քաղաքական ուժեր իրենց ազդեցությանը մասամբ ենթակա հեռուստաընկերությունների եթերով որեւէ մեկ անգամ չլուսաբանեցին այդ ակցիաները ու հատկապես՝ ոստիկանության կողմից դրանց ապօրինի կանխարգելումները փաստող միջադեպերը»: Մեր ենթադրությանը, թե նկատի ուներ ՀՅԴ-ի՞ն՝ «Ժառանգության» պատգամավորն այսպես արձագանքեց. «Ասվածը վերաբերում է ոչ միայն իրենց: Մի՛ մոռացեք, որ ԱԼՄ-ի սեփականատեր Տիգրան Կարապետյանը նույնպես դեմ է հայ-թուրքական արձանագրություններին: Բայց նրանք էլ որեւէ անգամ չեն լուսաբանել դրանց դեմ բողոքի մեր գործողությունները»:
Անկախ ամեն ինչից՝ Զարուհի Փոստանջյանը նախատեսում է շարունակել այս ցույցերը՝ արդեն մարզերում. «Արդեն այցելել ենք Վանաձոր, Արթիկ ու Գյումրի: Այցելելու ենք բոլոր մարզերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել