Կալինինգրադում մի կին փորձել է դատարանի միջոցով «սատանայական» ճանաչել Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագիրը՝ պնդելով, թե փաստաթղթի էջերում նկատել է 666 թիվը: Կինը դիմել է դատարան՝ խնդրելով պարտադրել Դաշնային միգրացիոն ծառայության տարածքային վարչությանը՝ իր նոր լուսանկարը փակցնել հին՝ 1974թ. ԽՍՀՄ նմուշի անձնագրում: Այս տարի կինը դարձել է 45 տարեկան եւ նրա մոտ խորհրդային անձնագիրն է: Ինչպես դատավարության ընթացքում հայտարարել է հայցվորը՝ ռուսական անձնագրի ստացմանը «խոչընդոտում են կրոնական համոզմունքները»: Նախ ինքը, որպես քրիստոնյա, չի կարող համաձայնել այն բանի հետ, որ անձնագրի բլանկի վրա նախատեսված է անձնական կոդի նշում, որը ստանալ համաձայնվող «մարդը նմանվում է առարկայի»: Երկրորդ, կնոջ կարծիքով, քրիստոնյայի զգացմունքների հանդեպ սրբապղծություն է պետության «Ռուսաստան» անվան զարդանախշում «666» խորհրդանիշի ընդգրկումը, որը սատանայական աղանդների կողմից օգտագործվում է որպես քրիստոնյաների հանդեպ ծաղր: