Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժպիտների պատկերասրահ» ցուցահանդեսը

Նոյեմբեր 24,2009 00:00

«Առավոտը» տեղեկացրել էր, որ Վանաձորում նոյեմբերի 7-ին մեկնարկած «Ժպիտների պատկերասրահ» երթ-ակցիան եզրափակվելու է նոյեմբերի 21-ին՝ համանուն ցուցահանդեսով: Լոռու երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում կայացած ցուցահանդեսին ներկայացված էր շուրջ մեկ տասնյակ լուսանկար:
Նախաձեռնության նպատակը ժպիտ առաջացնելն էր, ուստի նախքան ցուցահանդեսի բացումը կազմակերպվեցին զվարճալի խաղեր, հաղթողներին հանձնվեցին մրցանակներ:
Մրցանակային լավագույն եռյակը սոսկ առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը չէին, այլ հատուկ անվանակարգեր: Առաջին՝ «Ամենապայծառ ժպիտ» անվանակարգում մրցանակի արժանացավ Լուսինե Աղաբաբյանը, երկրորդ՝ «Ամենառոմանտիկ ժպիտ» անվանակարգում լավագույնն էր Էլլա Էդարյանի եւ Լյուդվիգ Սարգսյանի համատեղ լուսանկարը, երրորդ՝ «Ամենաանմեղ ժպիտ» անվանակարգում հաղթող ճանաչվեց 10-ամյա Ստելլան, ով նաեւ կոչ էր անում. «Ժպտացեք, եւ կյանքն ուրախ կլինի»: Մրցանակներ տրվեցին նաեւ «Ամենաքաղցր ժպիտ», «Ամենից հույսով լի ժպիտ», «Չարաճճի ժպիտ», «Կանացի ժպիտ», «Մանկական ժպիտ» անվանակարգերում: Տեղում անցկացված նույնանման մրցույթն էլ որոշեց ամենաժպտացող մասնակիցներին, որոնց նույնպես հանձնվեցին մրցանակներ: Առաջինը Գոռ Ամիրյանն էր, երկրորդը՝ Սիրարփի Հարությունյանը, երրորդը՝ Մարիամ Ամիրբեկյանը եւ Հասմիկ Պողոսյանը (չշփոթել մշակույթի նախարարի հետ): «Շատ կարեւոր էր առաջին հերթին նրանով, որ մասնակիցներից ոմանք խոստովանեցին, թե նախաձեռնությունը հնարավորություն տվեց ձերբազատվելու մի շարք բարդույթներից»,- միջոցառումը եւ ցուցահանդեսը գնահատեց կազմակերպիչ՝ 21-ամյա Էմման: «Կյանքը շատ դաժան պայքար է, որտեղ յուրաքանչյուրս զբաղված ենք առօրյա հոգսերով,- շարունակում է նախաձեռնության հեղինակը,- բայց չէ՞ որ կյանքն այն ամենն է, ինչ մտածում ենք դրա մասին, ուստի եկեք ուշադրություն դարձնենք երջանկություն պարգեւող մանրուքներին՝ լիովին վայելելով դրանք,- հորդորում է Էմման,- կարողացեք ժպտալ մարդկանց եւ դրանով ուրախացնել նրանց, քանի որ անկեղծ ժպիտն է դիմացինին երջանկացնում նաեւ,- կոչ է անում Էմման ու հիշեցնում Աբրահամ Լինքոլնի խոսքերը. «Մարդկանց մեծամասնությունը երջանիկ է այնքան, որքան ցանկանում է երջանիկ լինել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել