Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ԹԵ ՍՐՏԱՃՄԼԻԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՅԼ ՀԱՂԹՈ՛Ղ ՀԵՐՈՍՆԵՐ

Նոյեմբեր 24,2009 00:00

\"\"Կամ հայկական ֆիլմերը՝ սփյուռքահայի աչքերով

Վերջերս այդքան աղմուկ հանած «Սպանված աղավնի» ֆիլմը «Հ1»-ի էկրանին, կարծում եմ, այն չէր, ինչ այսօր պետք է մեր ազգին եւ հասարակությանը:
Այս թեմային անդրադառնալու անհրաժեշտությունը զգացի, երբ հերթական անգամ տեսա, թե ինչ ամուր ենք կառչած լացուկոծին ու ողբերգությանը, քան ուրախությանն ու հաջողությանը: Սիրում ենք ավելի շատ դիտել սրտաճմլիկ տեսարաններ, մարդասպանություն եւ ավազակություն, քան թե քաջալերել եւ դաստիարակել մեր երիտասարդներին, երեխաներին եւ ընդհանրապես ինքներս մեզ՝ հաղթողի հաջողակ կերպարով:
Բերենք մի քանի օրինակ. մեր սուղ միջոցները ներդնում ենք այնպիսի ֆիլմերի մեջ, ինչպիսին է «Սպանված աղավնին»: Մեծագույն հարգանք ունենալով առ Նար-Դոսը, ուզում եմ հարց տալ՝ ո՞ւմ է պետք այդ դժբախտ պատմությունը, որ հրամցնում ենք մեր ժողովրդին, որն այսօր դեռ պայքարի մեջ է, ի՞նչ պիտի տա դա մեր ժողովրդին եւ ինչպե՞ս պիտի այն բարձրացնի մեր ոգին: Կամ, օրինակ՝ «Որբեր 2»-ը: Ինչո՞ւ եք այն սկսում այդ դաժան՝ մարդ կախելու տեսարանով: Չէ՞ որ մեծ թվով երեխաներ են դիտելու այն, քանի որ երեխաների կյանքի հետ է կապված այդ պատմությունը: Ինչո՞ւ եք այդպես ջղաձգում ժողովրդին այս վայրագ տեսարաններով՝ հենց կինոյի սկզբից: Մի՞թե դա արվում է նրա համար, որ երբ մարդկանց մեջ հարցեր ծագեն, վեր կենան ու այդ ձեւո՞վ հարցերը լուծեն փողոցում կամ մեր բակերում:
Կամ՝ «Մի վախեցիր» ֆիլմը: Քաջության եւ հայրենասիրության բազմաթիվ տեսարաններ ու կերպարներ: Բայց վերջում ի՞նչ ենք անում, սպանում ենք մեր հերոսին ու ողջ թողնում բացասական կերպարներին: Չէ՞ որ հաղթած ժողովուրդ ենք ու մեր ժողովրդին ապրող հերոսներ են պետք:
Կոչ եմ անում ֆիլմ պատրաստողներին՝ այնպիսի ֆիլմ նկարահանել, որ մեր ժողովուրդը ոգեւորվի, որպեսզի հայ երիտասարդը առավոտյան դուրս գա փողոց եւ վստահ նայի վաղվա օրվան, սպասում ունենա ապագայի հանդեպ եւ պատրաստ լինի շարժվել առաջ՝ մեծ գործեր կերտելու փափագով:
Մեծ նախանձով եմ նայում ռուսական ֆիլմերին, թե ինչպիսի գեղեցիկ հերոսներ են կերտում: Ոչ միայն դիտարժան տեսարաններ են ստեղծում իրենց ֆիլմերի ու հաղորդումների մեջ, այլեւ հաղթող հերոսի կերպարն են մտցնում ռուս հասարակության մեջ, ազգի ոգին են բարձրացնում:
Մենք բոլորս կոչված ենք համախմբելու մեր ուժերը եւ միասնական ջանքերով առաջ մղելու մեր հաղթանակած հանրապետությունը: 700 տարվա պետականություն չունենալուց հետո արդար կերպով մեր տարածքներն ազատագրեցինք, պետականություն կերտեցինք, հաղթող երկիր դարձանք, բայց արի ու տես, որ չենք ձերբազատվում լացուկոծից:
Սա չէ մերը: Մեր այսօրվա հերոսը Արցախում հաղթած հայ մարդն է: Այսօրվա ապրող հերոսն այն մարդն է, ով պատերազմից վերադարձավ ու ընտանիք կազմեց, աշխատեց ու արարեց, լավ երեխաներ դաստիարակեց, իսկ նրա երեխաներն այսօր ձգտում են ավելիին:
Այսօրվա հերոսը մեր ուսուցիչներն են, որ սերունդ են դաստիարակում, այսօրվա հերոսը այն մարդն է, ով թեկուզ ցածր աշխատավարձով, բայց ամեն աշխատանք կարող է կատարել իր ընտանիքի բարեկեցությունն ապահովելու համար, կարող է փողոց մաքրել, որ երբ մենք կամ զբոսաշրջիկը քայլենք այդ փողոցով, մաքրության մեջ տեսնենք եւ ըմբոշխնենք այս հողի գեղեցկությունը:
Այսօրվա մեր հերոսները մեր հացթուխներն են, գյուղացին է, որ քարից հաց է քամում, բանվորն է, որ արժեք է ստեղծում, ազնիվ գործարարն է, որ տնտեսապես է հզորացնում մեր երկիրը, զինվորն ու սպան են, որ պահում են մեր երկրի սահմանները եւ այն մտավորական արվեստագետը, որ տեսնում է այս ամենը եւ իր ստեղծագործության միջոցով հրամցնում այն մեր հասարակությանը:
Այսօրվա հերոսը դու ես, մարդ, ով մտածում է դիմացինի մասին՝ գնահատելով նրա հավասար մարդկային արժեքը:
Եվ ահա, «Սպանված աղավնին» նորից ցուցադրում են:
Ի՞նչ տվեց մեզ «Սպանված աղավնին», բացի լացից ու սթրեսից, ինքնազոհաբերության գաղափարից ու տրամադրության անկումից, որ հեռուստադիտողն էլ զանգեց ու խնդրեց, որ էլի ցուցադրեն ու էլի ինքը տանջվի… մազոխիստի պես…
Մեր հանրապետությանն այսօր ոչ թե մեռնող, այլ ապրող ու հաղթող հերոսներ են պետք, եւ թերեւս ժամանակն է, որ «Մի վախեցիր» ֆիլմի հեղինակները մտածեն շարունակության մասին, որտեղ հերոսը մի որեւէ կերպով ողջ կմնա եւ այսօրվա ու գալիքի մտածողության կրողը կլինի, ոչ թե անցյալի…
Թե չէ՝ «Որբեր»-ով, կրիմինալ սերիալներով, իր երեխային սպանած եւ ապա ինքնասպան դարձած կնոջ կերպարներ ստեղծելով՝ ավելի լավ հասարակություն կերտելու ցանկությունն արդեն իսկ անհույս ճանապարհ է:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
www.huliq.com-ի խմբագիր եւ հրատարակիչ, ԱՄՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել