«Հայֆիլհարմոնիայի» փոքր դահլիճում շաբաթ օրը տեղի ունեցավ Առնո Բաբաջանյանի անվան մրցույթ-փառատոն: Երաժշտական այդ տոնին, որն անցավ «Մենք երգում ենք Առնո Բաբաջանյանի երգերը» նշանաբանով, մասնակցեցին հանրապետության 19 բուհերի 50 ուսանող-ուսանողուհիներ:
Ականավոր կոմպոզիտորի անվան մրցանակաբաշխությունը կազմակերպել էր «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնը եւ «Առնո Բաբաջանյան» միջազգային բարեգործական հիմնադրամը:
Ժյուրին, որի կազմում էին ճանաչված հայ մասնագետներ, այդ թվում նաեւ Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանը, ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռաիսա Մկրտչյանը, դժվարին կացության մեջ էր, քանզի գլխավոր մրցանակի հավակնողները քիչ չէին: Երրորդ մրցանակ ստացան Կարինե Աբրահամյանը, Գայանե Մանուկյանը, Հասմիկ Առաքելյանը, երկրորդ՝ Արթուր Աղաջանյանը, Անահիտ Համբարձումյանը: Առաջին տեղում Արփինե Մամյանն էր, իսկ գրան պրի մրցանակը ստացավ Լիդիա Հարությունյանը: Ա. Բաբաջանյանին նվիրված մրցույթ-փառատոնն այսուհետեւ կդառնա ավանդական: