Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին փորձից՝ «արծաթ»

Նոյեմբեր 24,2009 00:00

\"\"Սեուլի օլիմպիական խաղերի չեմպիոն Հոկսեն Միրզոյանի որդին՝ Առաքել Միրզոյանը, որին վիճակված էր Հարավային Կորեայի Գոյանգ քաղաքում մեկնարկած ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունում «բացել» Հայաստանի մասնակցության մեդալների ցանկը, լավ օրինակ ծառայեց իր թիմակիցներին:
Մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը մրցավայր մեկնելուց առաջ մտքում մի երազանք էր պահել՝ ինչպես սկսենք, այնպես էլ կշարունակվի: Ամեն բան կախված է առաջին մրցելույթից:
Առաքելը պոկում վարժությունում 154 կգ-ով նախ դարձավ «փոքր» բրոնզե մեդալակիր, այնուհետեւ հրումում՝ իրեն ենթարկելով նաեւ 180 կգ-ն, երկամարտի 334 կիլոգրամով նվաճեց աշխարհի մեծահասակների առաջնության արծաթե պարգեւը:
Առաքելի այս նվաճումը մի քանի առումով մեզ համար հետաքրքիր ու ոգեւորող է: Առաջին, որ ընդամենը 20 տարեկան այս մարզիկն առաջին անգամ մասնակցելով ուժեղագույն մեծահասակների պայքարին՝ այն նշանավորեց աշխարհի առաջնության արծաթե արդյունքով: Երկրորդ, շնորհալի ծանրորդը պատվով շարունակեց իր ավագ ընկերոջ՝ Տիգրան Մարտիրոսյանի սկզբունքային պայքարը ֆրանսիացի Դաբայայի հետ ու կարողացավ հաղթել ահեղ մրցակցին՝ նրան հարկադրելով մեդալի համար պայքարում ռիսկի գնալ եւ, ի վերջո, «հրում» վարժությունում պարզապես տապալվել: Եվ երրորդ՝ Առաքելը ցույց է տալիս կայուն արդյունքներ: Միայն այս տարի նա դարձավ Եվրոպայի մեծահասակների չեմպիոն եւ աշխարհի առաջնության փոխչեմպիոն: Այսքանից հետո, հաշվի առնելով նրա տարիքը եւ դեռեւս մինչեւ վերջ չբացահայտված ներուժը, հույս կա, որ Առաքելը դեռ ի վիճակի է աճել, նույն հաջողությամբ հանդես գալ նաեւ 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերում եւ, ինչու չէ, նաեւ պայքարել ամենաբարձր տեղերի համար:
Այսօր Գոյանգում մրցահարթակ է մտնելու մեր երկրորդ ներկայացուցիչը՝ Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը, որը նույնպես ուժերը չափելու է մեկ աստիճան բարձր քաշային կարգում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել