Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԿԱՅԱՑԱԾ ՄՐՑԱՇԱՐ

Նոյեմբեր 24,2009 00:00

Որն սպորտում ի հայտ բերեց չորրորդ իշխանության ներկայացուցիչների
նոր անուններ ու նոր հաղթողներ:

\"\"Կայացավ «Առավոտ» օրաթերթի եւ «Միր» միջպետական հեռուստաընկերության Հայաստանի ազգային մասնաճյուղի համատեղ կազմակերպած ԶԼՄ-ների միջեւ սեղանի թենիսի՝ արդեն ավանդական՝ 3-րդ մրցաշարը, որի անփոփոխ հովանավորը «VivaCell MTS»-ն է:
Երբ երեք տարի առաջ «Առավոտը» հղացավ այս գաղափարը, «VivaCell»-ն ստանձնեց հովանավորի պարտականությունը, «Հայաստան» մարզական միության ղեկավարությունը սիրահոժար տրամադրեց սեղանի թենիսի դահլիճը, միջազգային կարգի սպորտի վարպետներ, Եվրոպայի չեմպիոն, դոցենտ Ֆելիքս Սարգսյանն ու ԽՍՀՄ չեմպիոն Գոհար Խանզրատյանը տարբեր տարիքային խմբերի մեր ազգային հավաքականների իրենց սաների հետ միասին իրենց ուսերին վերցրին մրցավարությունը, այդքանից հետո էլ մտավախություն կար, թե արդյո՞ք լրատվամիջոցների մեր գործընկերները մասնակցության առումով պատշաճ կարձագանքեն: Արդեն երկրորդ տարին է, ինչ մրցաշարը համատեղ կազմակերպում են «Առավոտն» ու «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության Հայաստանի ազգային \"\"մասնաճյուղը: Եվ սպասելիքները ոչ միայն արդարացան, այլեւ այս համագործակցության արդյունքում մրցաշարն արդեն հավակնում է դուրս գալ Հայաստանի սահմաններից, դառնալ տարածաշրջանային կամ միջազգային:
ԶԼՄ-ների երրորդ մրցաշարին մասնակցության հայտ ներկայացրել էին 18 լրատվամիջոցներ (նաեւ՝ Վանաձորից եւ Սյունիքի մարզից): Ընդհանուր առմամբ շուրջ 45 հոգի (25 տղամարդ եւ 20 կին):
Հաշվի առնելով, որ նախորդ երկու առաջնություններում մրցանակային տեղեր գրավել էին հիմնականում նույն մարդիկ, կազմակերպիչներն այս անգամ պայքարն ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով որոշել էին մրցաշարը բաժանել երկու առանձին մասի՝ հիմնական եւ «վարպետների»:
Պայքարն, իրոք, կրքոտ, լարված ու դիտարժան էր: Ութ սեղանների առջեւ յուրաքանչյուր մասնակից ձգտում էր ցույց տալ իր առավելագույն հնարավորությունները: Ում բախտն այս անգամ չբերեց, հանդիսական դառալուց հետո էլ չէր շտապում հեռանալ: Բոլորին էլ հետաքրքրում էր, թե ի վերջո իր գործընկերներից ո՞վ է հաղթելու: Պայքարի ավարտին խաղարկվող մրցանակային տեղերը բաշխվեցին այսպես:
Հիմնական մրցաշար:

\"\"

Աղջիկներ:
1. Զառա Գեւորգյան՝ «Գոլոս Արմենիի» թերթ
2. Զառա Ավագյան՝ «Առավոտ» օրաթերթ
3. Բիայնա Ստեփանյան՝ «Երկիր Մեդիա» TV
Տղաներ:
1. Արմեն Ստեփանյան՝ «Ռադիո Հայ»
2. Արտեմ Մինասյան՝ «Կրթություն» թերթ
3. Էդուարդ Քալանթարյան՝ «Հանրային Հեռուստաընկերություն»
«Վարպետների» մրցաշար:
Աղջիկներ.
1. Մարինե Կարապետյան՝ «Երկիր Մեդիա» TV
2. Թամարա Մխիթարյան՝ «Համասփյուռ»
3. Կարինե Աբելյան՝ «Հայոց Աշխարհ» օրաթերթ
Տղաներ.
1. Արսեն Թամազյան՝ «Հանրային Հեռուստաընկերություն»
2. Սամվել Ջինանյան՝ «Երկիր Մեդիա» TV
3. Դավիթ Նազարյան՝ «Arm
sport.am»:
Նախորդ մրցումների հաղթողները՝ Մարինե Կարապետյանն ու Արսեն Թամազյանը, որ հանդես եկան «վարպետների» մրցումներում, վերահաստատեցին առավելությունը իրենց ավանդական գլխավոր մրցակիցների նկատմամբ: Իսկ հիմնական մրցաշարն այս անգամ ի հայտ բերեց նոր անուններ: Մասնավորապես, Զառա Գեւորգյանն ու Արմեն Ստեփանյանը, առաջին անգամ մասնակցելով մրցաշարին, հաղթեցին ու միանգամից անցան «վարպետների» շարք:
«Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մերուժան Սարգսյանը եւ «Առավոտ» օրաթերթի փոխխմբագիր Վոլոդյա Պետրոսյանը երկու մրցաշարերի հաղթողներին եւ մրցանակակիրներին պարգեւատրեցին հատուկ գավաթներով եւ դիպլոմներով, «VivaCell MTS»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, «Հայաստան» ՄՄ նախագահ Ռազմիկ Ստեփանյանին, գլխավոր մրցավարներ Ֆելիքս Սարգսյանին եւ Գոհար Խանզրատյանին՝ գավաթներով եւ շնորհակալագրերով, իսկ հանրապետության չեմպիոն ու մրցանակակիր մրցավարներին՝ շնորհակալագրերով:
ԶԼՄ-ների միջեւ առաջնության մշտական հովանավոր «VivaCell MTS»-ը տղամարդկանց եւ կանանց հիմնական մրցաշարի հաղթողներին եւ մրցանակակիրներին, ինչպես նաեւ «վարպետների» հաղթողներին նվիրեց արագընթաց շարժական ինտերնետի համար «ՄՏՍ կոնեկտ» USB մոդեմներ եւ 500 ՄԲ ծավալով տվյալներ ուղարկելու եւ ստանալու հնարավորությամբ «ՄՏՍ կոնեկտ կլասիկ» կանխավճարային քարտեր, իսկ բոլոր մասնակիցներին՝ իր ապրանքանշանով սպորտային գլխարկներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել