Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ԼԱԼԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԿԵՂԾ ՊԱԹՈՍԻ

Նոյեմբեր 24,2009 00:00

Բեմադրիչ Արմեն Էլբակյանն այսպես է բնութագրում իր էքսպերիմենտը՝  արված ըստ Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գործի:

\"\"

Վերջերս Գ. Սունդուկյանի անվան թատրոնում կայացավ Արմեն Էլբակյանի բեմադրած «Մուսա լեռան 40 օրը» ներկայացման պրեմիերան՝ ըստ Ֆրանց Վերֆելի համանուն վեպի: Ներկայացումը, որ ինքնատիպ լուծումներ ուներ, հուզեց հանդիսատեսին: Բեմադրիչից «Առավոտը» հետաքրքրվեց՝ ինչո՞ւ որոշեց այնուամենայնիվ անդրադառնալ այդ բարդ եւ վտանգավոր նյութին: Ա. Էլբակյանն ասաց, որ հայկական գործերի բեմադրության նախագիծ ուներ, որը արժանացել էր ՀՀ մշակույթի նախարարության հավանությանը: Պատմեց նաեւ, որ առաջին անգամ «Մուսա լեռան 40 օրը» ռուսերեն է կարդացել՝ դպրոցական տարիքում ու անչափ տպավորվել է. «Ես Բագրատյան ազգանվան տակ (գլխավոր հերոսը Գաբրիել Բագրատյանն է, որին մարմնավորել է ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանը-Գ. Հ.) տեսա Բագրատունիների տոհմի նշանը: Իմ բեմադրության մեջ քահանան նրան սպարապետ է օծում: Պատահական չէ, որ Ֆրանց Վերֆելը հենց Բագրատյան ազգանունն է նշել: Պատահական չէ նաեւ այն, որ Բագրատյանն անցնում է նույն ճանապարհը, ինչ Փոքր Մհերը: Այդ վեպը կարդալուց հետո հասկացա գենոցիդ բառի իմաստը»: Մեր այն դիտարկմանը, թե Փոքր Մհերը հուսալքության խորհրդանիշ է՝ փակված Ագռավաքարում, որ որոշել էր դուրս գալ, երբ ցորենը դառնա «քանց մասուր մի» ու «գարին քանց ընկուզ մի», պարոն Էլբակյանը պատասխանեց. «Բեմադրության մեջ էլ բոլորը, իհարկե հաղթանակած, բայց հեռանում են, իսկ Բագրատյանը, որ դուրս էր եկել «Ագռավաքարից», մնում է այդ հողում՝ հաստատելով իր հողի ապրելու իրավունքը: Վեպում մի ամբողջ գլուխ նվիրված է Բագրատյանի որդու՝ Ստեփանի (Արեգ Գեւորգյան) մահվան պատմությանը, ինչը մեզ մոտ եւս ազդեցիկ է ստացվել: Հենց այստեղ է, որ ազնվատոհմ գենի վերացման խնդիրն է արծարծվում: Սա այն քիչ գործերից է, որտեղ հայերը ներկայացված են որպես եվրոպական ժողովուրդ՝ ավստրիաներում սովորած, լեզուներ իմացող, նվագող… Մի խոսքով, Վերֆելի գործը ոչ միայն լավ առիթ էր կրկին ցեղասպանության մասին խոսելու, այլեւ մեր պարտքը փոխհատուցելու, չէ՞ որ Վերֆելին, Արմին Վեգներին ու մյուսներին, ովքեր ցեղասպանության խնդրին իրենց կյանքի մի շրջանն են նվիրել, մենք պարտք ունենք: Այսօր կարող են հնչել կարծիքներ, թե հաղթանակած ժողովուրդ ենք եւ կարիք չկար նորից այդ մասին բարձրաձայնելու, բայց ես ճիշտ հակառակ կարծիքի եմ: Հանդիսատեսի ռեակցիայից հետեւություններ արեցի, որ մարդիկ կարիք ունեն խոսելու այս ամենի մասին: Ներկայացման մեջ կան տեքստեր, որոնք կապ չունեն Վերֆելի հետ, սկսած հերոսներից մեկի մենախոսությունից, երբ խոսվում է գորշ գայլի, վախը հաղթահարելու մասին: Ովքեր խորաթափանց նայեն ներկայացումը, կզգան, որ այսօրվա հետ շատ զուգահեռներ կան: Օրինակ, Բագրատյանն ասում է, թե թուրքերն իրենց ձեռքն ընկած զոհին բաց չեն թողնում: Այդ նախադասությունը խորհելու առիթ պիտի տա, թե ովքեր են մեր հարեւանները, եւ ընդհանրապես, թատրոնը ոչ թե ապրելու դեղատոմսեր է տալիս, այլ` շատ հարցերի շուրջ խորհելու առիթներ»:
Նրան հարցրինք, ինչո՞ւ է բեմադրությունը կառուցված Բագրատյանի կնոջ՝ ֆրանսուհի Ժուլիեթի (ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Էլբակյան) շուրջը, արժե՞ր ազգային հերոսապատումը «դնել» օտարերկրացու ուսերին, մանավանդ Վերֆելի մոտ ֆրանսուհու կերպարն այդքան շեշտադրված չէ: Ա. Էլբակյանը պարզաբանեց, որ դա հատուկ է արված՝ ընդգծելու համար այն միտքը, որ միայն հայերը կարող են դիմանալ այդքան դժվարություններին ու ճակատագրի հարվածներին. «Նաեւ ուրիշ շեշտադրում կա՝ ուզում էինք հանդիսատեսին ասել, որ Աստծո փրկած ժողովուրդ ենք, ուստի պատահական չեն հերոսների բերաններից հնչող այն արտահայտությունները, թե «Աստված փրկեց», «Այս նավերն Աստված ուղարկեց», «Աստված դաշինք է կնքել հայորդիների հետ» եւ այլն»:
Բեմադրիչը տպավորված էր բազմաշերտ հանդիսատեսի ռեակցիայից, ասում է՝ նույնիսկ մի ռեփեր մոտեցել ու իրեն հատուկ շնորհակալություն է հայտնել՝ նշելով, որ ներկայացման տպավորություններն ուզում է հետագայում ռեփով արտահայտել: Էլբակյանը գոհ է, որ լալկանության գիրկը չեն ընկել, մինչդեռ նման թեմաներով գործեր բեմադրելու տրամաբանությունը հաճախ դրան է տանում. «Հանդիսատեսը հուզվում ու ծափահարում էր այն տեղերում, որտեղ պերսոնաժների հերոսական ոգին էր բարձրանում, ոչ թե այն տեսարաններում, որտեղ մեզ ճնշում էին, սպանում… Մի քիչ գլուխ գովելու նման է ստացվում, բայց ես գոհ եմ աշխատանքից, կոլեկտիվից, ե՛ւ երիտասարդներից, ե՛ւ իմ հին կոլեգաներից… Շատ լավ աշխատեց նաեւ Սունդուկյան թատրոնի տնօրինությունը»:
«Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ Բագրատյանի դերը հատկապես կրիմինալ սերիալում փայլող Հարություն Մովսիսյանին վստահվեց, որը ներկայացման մեջ կարծես ամբողջովին չէր «ձերբազատվել» մաֆիոզ Հովոյի կերպարից, Ա. Էլբակյանը պատասխանեց. «Պիտի ակադեմիական, մեծ թատրոնները հեռացնենք ակադեմիզմից, կաղապարված, անկենդան խոսքից, ավելի հերոսականացված հերոսներից… Հենց Հարություն Մովսիսյանին առաջարկվեց Բագրատյանի դերը, որը գուցե նրա մարդկային եւ դերասանական բիոլոգիային, արտաքինին այնքան էլ չի համապատասխանում, բայց խնդիրը հենց այն էր, որ բեմում տեսնեինք սովորական, բարեկիրթ մտավորական մարդու, որը բոլորովին հերոս չէ՝ ընդունված կաղապարված մտածողության առումով, բայց հանկարծ հերոսանում է… Ներկայացման մեջ նաեւ անհարիր բղավոցներից ու կեղծ պաթոսից ենք զերծ մնացել: Թե չէ ֆիլմեր կան, որտեղ առաջին իսկ պահից հասկանում ես՝ հերոսն ով է, շպիոնն ով է…»:
Ա. Էլբակյանը պատմեց, որ երբ Գ. Քեոսայանին ասել է, թե իր բեմադրության մեջ վալս է լսում, կոմպոզիտորը զարմացել է՝ վա՞լս՝ «Մուսա լեռան 40 օր»-ի մե՞ջ: Բայց քանի որ ամեն ինչ արվեստով էր արված եւ ճիշտ տեղում էր, հաղթել է ներդաշնակությունը: «Շատ մեծ գործ արեց նաեւ նկարիչ Դավիթ Մինասյանը, պատկերացնո՞ւմ եք՝ ի՜նչ դժվար էր բեմում լեռ ստանալը, կամ ռելսերը, որ շրջափակման խորհուրդ ունեն, չէ՞ որ մինչեւ օրս էլ ճանապարհի բացման խնդիր ունենք»,- նշեց բեմադրիչը:
Մեր հաջորդ հարցին՝ պատահո՞ւմ է, որ որեւէ գործ բեմադրելիս մտածի, թե այս դերն ինքն ավելի լավ կխաղար, կամ բեմադրիչ Էլբակյանը դերասան Էլբակյանի հետ չի՞ վիճում, արվեստագետը պատասխանեց. «Երբեմն պատահում է, բայց բեմադրիչ Էլբակյանը վաղուց հաղթել է դերասանին: Հետո, որպես բեմադրիչ աշխատելիս, ավելի մեծ հնարավորություն ունեմ մարդկանց փոխանցելու այն, ինչ ուզում եմ… Անշուշտ, ավելի հեշտ կլիներ սուպերաստղի պես լինել, երբ բոլորը կճանաչեին, մեքենաս կանգնեցնելիս՝ չէին տուգանի, պլյուս՝ ինքս իմ արվեստին սիրահարված արտիստի կյանքով կապրեի… Բայց գտնում եմ՝ քանի դեռ ինձ տալիս են հնարավորություն բեմադրություն անելու, ու ես որպես ծաղրածու՝ լավ իմաստով, դեռ տալու բան ունեմ մարդկանց, ավելի լավ է ստվերում մնամ, քան դուրս գամ հարթակ: Իհարկե, սրանով չեմ ուզում իջեցնել նաեւ արտիստի դերը, որովհետեւ թատրոնում ամենակարեւոր մարդը արտիստն է»:
«Առավոտը» Ա. Էլբակյանին փոխանցեց, թե կարծիք կա՝ քանի որ իր ստեղծած թատրոնում նեղվածք է, բեմադրիչը որոշել է տեղափոխվել ավելի նորոգ թատրոն, ասենք Գ. Սունդուկյանի անվան, հենց դրա համար էլ բեմադրել է «Մուսա լեռան 40 օրը», որ ապացուցի իր արժանավոր լինելը: Մեր զրուցակիցն ի պատասխան հայտնեց. «Ճիշտ է, իմ անունն էլ է շրջանառվում, բայց «Մուսա լեռան 40 օրը» չեմ բեմադրել՝ ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար: Մանավանդ՝ ոչ ոքի հետ մրցելու տրամադրություն չունեմ, կես դարից ավելի եմ ապրում ու վաղուց էլ ինձ հաստատել եմ: Մյուս կողմից էլ՝ եթե իմ կամ գեղագիտությանս կարիքը լինի, ինչո՞ւ չմտածեմ այդ մասին… Դառնալով ներկայացմանը՝ ասեմ, որ դժվար է բեմադրել մի բան, որը կուռ գրված գործ չէ, այլ՝ վեպ է: Ներկայացման մեջ փորձ էր արված ռեալ էպիկական եւ արիստոտելյան թատրոնի բոլոր կանոնները բերել ու դնել մի գեղագիտության մեջ: Սա էքսպերիմենտ էր, որ կարող էր վատ հետեւանքներ ունենալ, հանդիսատեսն էլ լքեր դահլիճը, բայց, բարեբախտաբար, այդպես չեղավ… Ի դեպ, էքսպերիմենտն այն չէ, որ ականջդ թարս ես քորում, կամ մի պարան ես կախում, մի հատ էլ օդում՝ աթոռ, տակն էլ թքում ես ու ասում, թե Համլետ ես խաղում… Կրկնում եմ՝ եթե որոշեի ներկայացում անել՝ հանուն իմ ստեղծագործական պայմանները բարելավելու, հավատացեք՝ «Համլետ» կբեմադրեի, «Օթելլո» կամ ավելի կուռ դրամատուրգիական գործ… Մյուս կողմից էլ, ի՞նչ է, մարդ պիտի հասնի թոշակի տարիքի՝ նո՞ր մտածեն նրան ավելի մեծ հնարավորություններ տալու մասին…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել