Իրանում կանոնավոր բանակն ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կիրակի օրը հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ համատեղ ուսումնական զորավարժություններ են սկսել: Դրանց նպատակը Արեւմուտքի կողմից միջուկային հավակնություններից հրաժարվելու նպատակով Թեհրանի նկատմամբ հնարավոր ճնշումներին դիմակայելու՝ երկրի պաշտպանունակության ցուցադրումն է: «Reuters»-ի մատուցմամբ, Իրանն իր ռազմական ուժը ցուցադրում է այն պահին, երբ սրվել են Իրանի կողմից միջուկային ռումբ ստեղծելու հետ կապված լուրջ մտահոգություններ ունեցող աշխարհի վեց տերությունների միջեւ հարաբերությունները: Թեհրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ՝ էլեկտրաէներգիա ստանալու նպատակներ է հետապնդում:
Ուսումնական զորավարժությունները, որոնց մասնակցում են Իրանի բոլոր տեսակի ռազմական ուժերը, տեւելու են հինգ օր եւ տեղի են ունենալու Իսլամական Հանրապետության տարբեր տարածաշրջաններում: Այդ մասին հաղորդել է իրանցի գեներալ Ահմադ Միգխանին՝ ելույթ ունենալով երկրի պետական հեռուստաընկերության եթերում: Սրանք ամենալայնամասշտաբ զինվորական վարժանքներն են, որոնք զբաղեցնում են 600 հազար քկմ տարածք: Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հայտարարել են Իրանի միջուկային խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու մտադրության մասին, բայցեւ շեշտել են, որ չեն բացառում զինուժի օգտագործումը, եթե դիվանագիտությունն այդ խնդիրը լուծելու հարցում ձախողվի: Իրանը զգուշացրել է, որ իր միջուկային օբյեկտների նկատմամբ ցանկացած ռազմական գործողություն «կործանիչ հակահարված» կստանա:
Հիշեցնենք, որ Թեհրանն անցած չորեքշաբթի հրաժարվել էր իր միջուկային վառելիքը արտերկրում հարստացնելու՝ ՄԱԿ-ի եւ աշխարհի մի քանի տերությունների առաջարկներից: