Ինդոնեզիայի ափերի մոտ խորտակված լաստանավում գտնված ավելի քան 240 մարդու հաջողվել է փրկվել, սակայն, «BBC»-ի փոխանցմամբ, զոհերից խուսափել չի հաջողվել: Ամենաքիչը 29 մարդ խեղդվել եւ եւս 17-ն անհայտ կորել են այն բանից հետո, երբ գերբեռնված լաստանավը ալեկոծության հետեւանքով սկսել է ջրասույզ լինել: Փրկարարական աշխատանքներին զգալիորեն խոչընդոտում է վատ եղանակը. փրկարարական նավերը չեն կարողանում դեպքի վայր հասնել, բայց անհետ կորածների որոնումները կշարունակվեն նաեւ այսօր:
Ինդոնեզիայի ծովային տրանսպորտի նախարար Սունարիոն հայտարարել է, թե «Dumai Express 10» լաստանավը, որի տախտակամածին, ըստ պաշտոնական տվյալների, գտնվել է 240 մարդ, ըստ ամենայնի, գերբեռնված է եղել, եւ իրականում նավի վրա եղած ուղեւորների թիվը գերազանցել է 290-ը: Լաստանավը, որը Բեթամից ուղեւորներ է փոխադրել Սումատրա կղզի, ափից հեռանալուց կես ժամ անց սկսել է ուժեղ տատանվել եւ խորտակվել: Բարեբախտաբար, լաստանավը ջրասույզ է եղել Ինդոնեզիայի եւ Մալայզիայի միջեւ գտնվող Մալակկի նեղուցում, որտեղ մշտապես նավեր են լինում, որոնք էլ շտապել են խեղդվողներին օգնության հասնել:
Աղբյուրի մատուցմամբ, ամեն տարի Ինդոնեզիայում վթարների եւ գերբեռնված լաստանավերի վատ սպասարկման արդյունքում հարյուրավոր մարդ է խեղդվում: Վերջին երեք տարիներին լաստանավերի խորտակման արդյունքում զոհվել է ամենաքիչը 800 մարդ: