Ռումինիայի գործող նախագահ, Ժողովրդավարական ազատական կուսակցության առաջնորդ Տրայան Բեսեսկուն կիրակի օրը տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթել է: «Reuters»-ի մատուցմամբ, սակայն, գործող նախագահի եւ նրա մրցակից, «ձախերի» առաջնորդ Միրչեյ Ջոանեի ստացած քվեների տարբերությունն այնքան փոքր է, որ առայժմ հայտնի չէ, թե մոտ ապագայում ով կարող է ղեկավարել երկիրը: Պաշտոնական տվյալների համաձայն, գործող նախագահ Բեսեսկուն հավաքել է ընտրողների 32,8%, իսկ Սենատի նախագահ Ջոանեն՝ 29,1% քվեներ: Ռումինիայի օրենսդրության համաձայն, եթե նախագահի թեկնածուներից որեւէ մեկը ընտրողների քվեների 50%-ից ավելի չի հավաքում, նշանակվում է ընտրությունների երկրորդ փուլ: Այն նշանակված է դեկտեմբերի 6-ին:
Երեկ հայտնի է դարձել նաեւ, որ ռումինացիների ճնշող մեծամասնությունը կողմ է արտահայտվել մեկ պալատանոց խորհրդարան ունենալու օգտին:
Աղբյուրի մատուցմամբ, կիրակի օրը տեղի ունեցած ընտրությունները երկրում վերջին մի քանի ամիսների ընթացքում քաղաքական անկայունության պատճառ էին դարձել, քանի որ Բեսեսկուի եւ Ջոանեի գլխավորած կուսակցությունները ոչ մի կերպ չէին ցանկացել համատեղ աշխատել երկիրը ստեղծված փակուղուց դուրս բերելու ուղղությամբ: Արդյունքում՝ Արժույթի միջազգային հիմնադրամը կասեցրել էր 20 մլրդ եվրոյի չափով Ռումինիային հատկացված օգնությունը, իսկ ներդրողների վստահությունն այդ երկրի նկատմամբ կորել էր: Ենթադրվում է, որ երկրի նոր կառավարության գլխավոր խնդիրը տնտեսական հետընթացը կանխելն ու Ռումինիայի նկատմամբ միջազգային վարկային կազմակերպությունների, այդ թվում՝ ԱՄՀ-ի եւ Եվրահանձնաժողովի վստահությունը վերականգնելն է:
Հիշեցնենք, որ Ռումինիան Եվրամիության անդամ ամենաաղքատ երկրներից մեկն է: Վերլուծաբանները կանխատեսում են, որ այս տարի Ռումինիայի տնտեսության անկումը կկազմի 8%: Երկրի միլիոնավոր քաղաքացիների ամսական եկամուտը կազմում է 100 եվրոյից պակաս գումար: