Լրահոս
Օրվա լրահոսը

Պատանդներից 21-ը գլխատվել է

Նոյեմբեր 24,2009 00:00

\"\"Ֆիլիպինների հարավում գտնվող Մագինդանաո գավառում հայտնաբերվել է 21 գլխատված դիակ: Բոլոր սպանվածները՝ 13 կին եւ 8 տղամարդ, եղել են քաղաքական գործիչներ կամ լրագրողներ, վերջերս ֆիլիպինցի գրոհայինների կողմից պատանդ վերցված խմբի անդամներ: «Մեր զինվորականները հասել են այն շրջան, որտեղ թաքնվել են գրոհայինները՝ իրենց հետ տանելով նաեւ առեւանգված խմբի անդամներին: Մենք շարունակում ենք «սանրել» ողջ տարածքը՝ պատանդ վերցված մարդկանց գտնելու համար»,- «BBC»-ի փոխանցմամբ, հայտարարել է Ֆիլիպինների բանակի բարձրաստիճան սպա Ալֆրեդո Կայտոն:
Այս գավառում 2010թ. մայիսին տեղական իշխանությունների ընտրություններ են անցկացվելու: Թեկնածուների գրանցումը սկսվել էր դեռ նոյեմբերի սկզբներին: Պատանդներն առեւանգվել էին զինյալների խմբի կողմից՝ թեկնածուներից մեկի նախընտրական շտաբ տանող ճանապարհին: Երկրի իշխանությունները ենթադրում են, որ խմբի անդամները աջակցել են առաջիկա ընտրություններում առաջադրված եւ զինյալների համար անցանկալի թեկնածուի: Նրանք մարդկանց առեւանգելու եւ պատանդների սպանության մեջ մեղադրում են կրոնական հայացքներ ունեցող ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկին: Որոշ տեղեկություններով, Մագինդանաո գավառում առեւանգված պատանդներից մեկը այդ գավառի ղեկավարի պաշտոնում առաջադրվելու հայտ ներկայացրած քաղաքական գործիչներից մեկի կինն է: Ընտրարշավը մեկնարկել է անցյալ շաբաթ:
Աղբյուրը նշում է, որ գավառում իրավիճակը առանձնանում է սուր քաղաքական դիմակայությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել