Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտադի՞ր է մասնագիտական կրթությունը լրագրողի համար

Նոյեմբեր 24,2009 00:00

Երեկ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 10-ամյա հոբելյանին նվիրված «Ժուռնալիստական կրթության ապագան՝ Հայաստանում» խորագրով գիտաժողովին քննարկվեցին ոլորտի հիմնախնդիրներին վերաբերող հարցեր: «Ինտերնյուսի», Երեւանի մամուլի ակումբի, «Եվրասիա» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված գիտաժողովին հնչած շուրջ 15 զեկուցումները ներկայացրին մեդիակրթության, ժուռնալիստական կրթության եւ բարոյականության, մասնագիտացված լրագրողական կրթության անհրաժեշտության մասին:
«Առավոտը» ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ ինքն ի՞նչ հիմնախնդիրներ է տեսնում լրագրողական դաշտում, մանավանդ, երբ այժմ շատ է խոսվում ԶԼՄ-ների քաղաքականացված լինելու մասին: Նախարարը պատասխանեց. «Ես հանգիստ եմ վերաբերվում այդ մոտեցումներին, քանի որ լրատվամիջոցները չեն կարող իրենց զարգացման մեջ ավելի առաջ լինել, քան քաղաքական ինստիտուտները: Քաղաքական, հասարակական զարգացումները եւ լրատվական դաշտի կայացումը հաղորդակից անոթների նման փոխկապակցված են: Ունենք այնպիսի լրագրություն, ինչպիսին մեր կյանքն է, այնպիսի քաղաքականություն, ինչպիսին մեր լրագրությունն է»: Խոսելով լրագրողական կրթության անհրաժեշտության մասին՝ Ա. Աշոտյանը նկատեց. «Լրագրողական կրթության արդիականացման անհրաժեշտության հետ կապված կան լուրջ խնդիրներ: Լրագրությունը մեդիակրթության մի մասն է, քանի որ ժամանակակից աշխարհում նոր տեխնոլոգիաների հայտնվելը բերում է նաեւ նոր մասնագիտացումներ՝ վերափոխելով լրագրողի ֆունկցիան, առաջ բերելով ոչ ֆորմալ մամուլ, ինչպիսին են բլոգերը եւ այլն: Ուստի պիտի վերանայել նաեւ լրագրողական կրթությունը՝ վերափոխելով մեդիակրթության»: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Հրաչ Բայադյանը ելույթի ընթացքում փաստեց. «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ լրագրությունը չի վերանում: Ուղղակի որոշակիորեն փոխվում է լրագրողի աշխատանքը: Տեղեկատվական տեխնոլոգիաների ի հայտ գալով մեծ դեր է տրվում հետադարձ կապին, լսարանի կարծիքին, մեկնաբանություններին: Այսօր լրագրողներն անհրաժեշտություն են զգում ունենալ ավելի բարձր գիտելիքներ, ինչպիսին են թվային տեսողական եւ լսողական նյութերի խմբագրումը, նավարկումը հիպերմեդիայի միջավայրում, տեղեկատվական-հաղորդակցական գիտությունների շատ լայն ըմբռնումը եւ այլն»: Իսկ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը խոսեց տարբեր մասնագիտացումներով լրագրողների պատրաստման մասին՝ առաջարկելով մագիստրոսական կրթության ընթացքում համագործակցություն այլ բուհերի հետ: Այն կարծիքին, թե լրագրող աշխատելու համար կարեւոր չէ լրագրողական կրթությունը, «Առավոտի» հետ զրույցում Ն. Մարտիրոսյանը հակադարձեց. «Հենց լրագրողական ճիշտ կրթությամբ է պայմանավորված լրատվական քաղաքակիրթ միջավայրի գոյությունը: Կարծիքը, թե լրագրողական կրթությունն  անհրաժեշտ չէ, տարիներ շարունակ վնասել է: Խորը մոլորություն է դա, որն իր ավերածություններն է գործել, եւ այսօր դաշտում գործում է ոչ մասնագետ լրագրողների հոծ բանակ»: Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Անահիտ Մենեմշյանն էլ այս հարցի կապակցությամբ «Առավոտին» ասաց. «Լրագրողական միջավայրի ներկայիս ոչ ճիշտ դասավորվածության պատճառը հենց լրագրողական կրթության բացակայությունն է: Իրականում կարելի է չստանալ լրագրողական կրթություն եւ աշխատել, բայց եթե ծանոթ չես արտասահմանյան լրատվամիջոցների փորձին, էթիկական, օրենսդրական դաշտերին, չեմ կարծում, որ կարող ես լավ լրագրող աշխատել»:
Նույն ֆակուլտետի դասախոս Աստղիկ Ավետիսյանն էլ ասաց. «Այն ֆորմալ կրթությունը, որն այսօր տալիս են բուհերը, դեռ քիչ է, որպեսզի ավարտելուց հետո շրջանավարտները բարձր որակավորում ունեցող լրագրող դառնան: Դրան զուգահեռ պիտի կիրառվեն նաեւ ոչ ֆորմալ մեթոդներ, քանի որ լրագրողական աշխատանքն այն քչերից է, որ միայն տեսական գիտելիքներով դաշտը գրավել չես կարող»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել