Ավագ դպրոցների կայացման համար դեռ ժամանակ է հարկավոր
Ինչպես հայտնի է, 2011-ին ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները շրջանավարտ չեն տալու: Այն երեխաները, ովքեր դպրոց են ընդունվել 2001-ին, կավարտեն 2012-ին: Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ առայսօր մեր դպրոցների հիմնական մասի աշակերտները վերջին երկու տարին կամ չեն հաճախում դպրոց, կամ եթե հաճախում են, ըստ էության, ոչինչ չեն սովորում: Դպրոցները, որոշակի վերաբերմունքի դիմաց, աչք են փակում այդ խաբեության վրա, իսկ ծնողները նախընտրում են «գնել» իրենց երեխաների համար հավելյալ ժամանակ, որը կծախսվի կրկնուսույցի մոտ պարապելու վրա:
Այս տարի, կանգնելով փաստի առաջ, որ արդեն ոչ թե 2, այլ 3 տարի շարունակ պիտի հանդուրժեն ոչինչ չտվող դպրոցը, շատ ծնողներ որոշեցին իրենց երեխաներին տանել նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ (ՆՄՄՈՒՀ)՝ ուսումնարան, քոլեջ, տեխնիկում: Այդ քայլին նրանց երկու շարժառիթ է դրդում: Մի դեպքում՝ մտածում են, որ ՆՄՄՈՒՀ-ների հետ ավելի հեշտ կլինի լեզու գտնելը՝ երեխան չի հաճախի, բայց եւ դիպլոմ կստանա, եւ կպարապի կրկնուսույցի մոտ: Մյուս դեպքում՝ մտածում են, որ, միեւնույն է, դժվար թե իրենց զավակը կարողանա բուհ ընդունվել, այդ դեպքում ինչո՞ւ երեք տարի անիմաստ ծախսի, թող, ավելի լավ է, քոլեջում սովորի, մասնագիտություն ստանա:
Դեռ սեպտեմբերի սկզբին, ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը, անդրադառնալով ՆՄՄՈՒՀ ոլորտին, ասել էր, որ այս տարի մեծ հոսք է նկատվում՝ ընդհանուր առմամբ 110 ՆՄՄՈՒՀ-ներ են դիմել, նախորդ տարվա 5000-ից գրեթե կրկնակի ավելի դեռահասներ: Սակայն, ինչպես պարզեցինք ՀՀ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի հետ զրույցում, ամեն ինչ չէ, որ այս ոլորտում հարթ է գնում: «Շատ միջին մասնագիտական հաստատություններ այսօր ունեն ավելի շատ դիմումներ, քան նախորդ տարիներին եւ քան, ըստ լիցենզիայի, իրենց սահմանած թիվն է: Եվ ԿԳ նախարարության տվյալներով, մոտ 400 երեխա այս պահին դուրս է մնացել կրթությունից ընդհանրապես՝ հիմնական դպրոցն ավարտել է, դիմել է ՆՄՄՈՒՀ, բայց, քանի որ ՆՄՄՈՒՀ-ների լիցենզիաներով սահմանված է մի թիվ, այդ թվից ավելի չեն ընդունում: Մասնավորապես, ես նամակ եմ ստացել Էջմիածնի պետական քոլեջից, խոսքը 40-ից ավելի երեխայի մասին է՝ ի՞նչ անենք նրանց,- խնդիրն է ներկայացնում տիկին Բախշյանը, որն այդ հարցով դիմել է ԿԳՆ,- ԿԳՆ-ից ինձ ասում են՝ այո, այդպես է, որովհետեւ լիցենզիայով իրենց համար սահմանված թվից ավելի ուսանող ունեն, հանձնարարել ենք այլեւս չընդունել»: Այս փաստը տիկին Բախշյանը համարում է առնվազն հակասական, քանի որ արդեն մեկ տարի է, նախարարությունը տարփողում է՝ ՀՀ-ում իրականացվում է դրամաշնորհային ծրագիր, որի արդյունքում կբարեփոխվի նախնական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտը, կբարձրանա որակը, բայց մյուս կողմից՝ 400 երեխայի թողնում են դուրս: Ամենայն հավանականությամբ, նպատակը մեկն է, որ այդ երեխաները ստիպված լինեն համալրել ավագ դպրոցները: «Ավագ դպրոցը նման բռնի մեթոդներով համալրելն ապագա չունի: Ավագ դպրոցը պիտի կայանա, ծնողը պիտի վստահի, որ իր երեխային ուղարկի ավագ դպրոց: Ծնողը մտահոգ է, որովհետեւ չափորոշիչները, որոնք դրված էին ավագ դպրոցի ռազմավարության հիմքում՝ չեն գործում: Բացի այն, որ ավագ դպրոցները աշխարհագրական դիրքի առումով բարդացնում են ծնողի գործը, կա ավելի լուրջ պրոբլեմ՝ նա տեսնում է, որ ուսուցիչը, որ միջին դպրոցում էր դասավանդում, հիմա էլ ավագում է դասավանդում, մտածում է՝ ի՞նչ տարբերություն, ավելի լավ է այդ դեպքում երեխայիս տանեմ ՆՄՄՈՒՀ: Նման խոչընդոտները մի կողմից ՆՄՄՈՒՀ-ների կայացման կեղծ պատկեր են ստեղծում, մյուս կողմից՝ ավագ դպրոցի կայացմանը խանգարում են»,- ասաց Ա. Բախշյանը:
Ավագ դպրոցների կայացմանը եւ ընդհանրապես կրթության որակի բարձրացմանն է ուղղված նաեւ «Կրթության որակի համապատասխանության 2-րդ վարկային ծրագիրը», որով մեր երկիրն իր ուսերին հերթական վարկն է բարձել՝ $25 միլիոնի այս վարկային ծրագրով՝ «աջակցություն ավագ դպրոցի բարեփոխումներին» տողով ՀԲ-ն հատկացնում է $5 994 444, իսկ որպես համաֆինանսավորում՝ եւս $1 498 611 մեր կառավարությունը պետք է տա: Սակայն տիկին Բախշյանը այստեղ էլ կասկածներ ունի. «Ես վախենում եմ, որ ՀԲ-ի հատկացվելիք մասը ստանալուց հետո մեր կառավարությունը ուղղակի չտա իր բաժինը, տարեվերջին գա ու ասի. չկար՝ չտվեցինք, կլինի՝ կտանք, չի լինի՝ չենք տա…»: Այս պարագայում եւ ընդհանրապես խիստ կարեւորվում է վարկային ծրագրի, եւ մեծ հաշվով մեր կառավարության «հաջողացրած» եւ ԱԺ-ի հավանությանն արժանացած բոլոր վարկային ծրագրերի արդյունավետության հարցը՝ որքանո՞վ են դրանք ծառայում նպատակին, արդյոք չե՞ն փոշիանում: Այս հարցը, ըստ Անահիտ Բախշյանի, հուզում է բոլոր սրտացավ պատգամավորներին՝ անկախ քաղաքական «պատկանելությունից»: «Պիտի արդյունավետությունը չափող գործիք ունենաս, այլապես միշտ կա մտավախություն, որ նպատակային չի ծախսվի հերթական վարկը: Պատմությունը նման բազմաթիվ օրինակներ է տալիս: Օրինակ՝ 1998-2002-ի կրթական ոլորտին հատկացված վարկային ծրագրի արդյունավետությունը խիստ կասկածելի է: Այդ ծրագրով ՀԲ-ն պարտադրում էր նոր փոփոխություններ, մտածելակերպի փոփոխություն: Ամբողջ ծրագրում առանցքային էր դպրոցների ինքնավարության հարցը՝ հաստատությունների կառավարման եւ ղեկավարման ապակենտրոնացում, որը ենթադրում է աշակերտ-թվով ֆինանսավորում, կառավարման խորհուրդների ստեղծում՝ համայնքի ու ծնողների ներգրվմամբ, ենթադրվում էր, որ խորհուրդների ստեղծումը կնպաստի արտաբյուջետային միջոցների հոսքին, ֆինանսների թափանցիկությանը, դպրոցների միջեւ մրցակցությանը… Անձամբ ես, երբ տնօրեն էի, այդպես էլ աշխատում էի, որովհետեւ ինձ հոգեհարազատ էր այդ մոտեցումը: Բայց հետո այդ բոլորը մնաց թղթի վրա. 2006-ի սեպտեմբերի 14-ին կառավարությունը որոշում կայացրեց՝ թույլատրել մարզպետներին, Երեւանի քաղաքապետին՝ կատարել իրենց ենթակայության տակ գտնվող հանրակրթական ուսումնական հաստատությունների կուտակած գումարների վերաբաշխումներ: Այսինքն, եթե մի դպրոց լավ է աշխատել, շատ աշակերտ է ունեցել, գումար է տնտեսել, մարզպետը կարող է իր կամքով, առանց դպրոցին հարցնելու՝ վերցնել այդ գումարը եւ հատկացնել ավելի քիչ գումար ունեցող դպրոցին: Այս որոշումն ամբողջությամբ ոտնահարում է դպրոցների ինքնավարության եւ մրցակցության մասին պահանջը, որ դրված էր վերը նշված վարկային ծրագրի հիմքում: Ավելին՝ 2010-ի բյուջեում ամրագրել է 1-ին վարկային ծրագրի հետ հակասության մեջ մտած որոշումը: Գիտե՞ք, որքան են ինձ ահազանգում դպրոցների տնօրենները, թե՝ 6 միլիոնս տարան, 5 միլիոնս տարան… Մարդն աշխատում է, հեղինակություն է ստեղծում դպրոցի համար, գումարներ է կուտակում, իսկ մարզպետը ասում է՝ տուր, որ մյուսին էլ տամ, նա չունի, աշխատավարձ չի կարողանում տալ…»: